Երևանյան բեսթսելլեր. «Թքած ունենալու նուրբ արվեստը» առաջին տեղում է

Արմենպրեսի «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Հունիս ամսվա ամենաշատ վաճառված գիրքը newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլերն է:


Առաջին հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով` երբեմն նաև անպատշաճ հումորով։
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը: Հեղինակը ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:
Երրորդ տեղում է ամերիկացի նշանավոր փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական և գյուտարար Բենջամին Ֆրանկլինի «Ինքնակենսագրություն» գիրքը: Ինչպես և Ռուսոն իր «Խոստովանության» մեջ՝ Ֆրանկլինը նույնպես ստեղծում է բարոյախրատական էսսե, որի մեջ հաստատվում է լուսավորական դարի իդեալը:
Չորրորդ հորիզոնականում է Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» ստեղծագործությունը: Այս գիրքն աշխարհի ամենահայտնի խուզարկուի հնարքների և մեթոդների օգնությամբ մեծ լիցք կհաղորդի ընթերցողի դիտողականությանը, հիշողությանը և տրամաբանելու կարողությանը: Այն հարուստ է վարժություններով, գիտական հիմնավորումներով և Շեռլոկ Հոլմսի մասին պատմվածքներից մեջբերումներով:
Դեյլ Քառնեգիի «Ինչպես հաղթահարել անհանգստությունը և ապրել երջանիկ» գիրքը հինգերորդն է: Քառնեգիի խորհուրդների շնորհիվ միլիոնավոր մարդիկ ազատվել են մանրուքների պատճառով անհանգստանալու սովորույթից: Նրանք հաղթահարել են իրենց վախը և վստահ առաջ են քայլում: Այս գրքում ներկայացված են գործնական խորհուրդներ՝ սեփական կյանքն ավելի երջանիկ ու անհոգ դարձնելու համար:
Դեյլ Քառնեգիի «Ինչպես ազդել մարդկանց վրա խոսքի միջոցով» գիրքը վեցերորդն է: Այս գիրքը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր առաջինը լինելու նպատակ ունեն: Քառնեգին յուրաքանչյուր էջում ցույց է տալիս, թե ինչպես է իր մեթոդաբանության միջոցով գրավել ու պահպանել մարդկանց ուշադրությունը:
Յոթերորդ հորիզոնականում  Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքն է: Ամերիկացի հռչակավոր հեղինակի գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Ութերորդ հորիզոնականում է Դեյլ Քառնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդելմարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ Գրքի նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը և, ինչպես հեղինակն է ասում, օգնել մարդկանց լույս աշխարհ հանել, զարգացնել և առավելագույնս օգտվել մտավոր ու ֆիզիկական այն բոլոր կարողություններից, որոնց միայն չնչին մասն ենք օգտագործում:
Իններորդ հորիզոնականում Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն է: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:
Տասներորդ տեղում Հրաչյա Մանուկյանի «Կամքի ուժինչպես ղեկավարելսովորությունները» գիրքն է: Գիրքը մեր սովորությունները հասկանալու և ղեկավարելու մասին է: Ընթերցողը կբացահայտի, թե որքան հաճախ ենք մենք դառնում սովորությունների զոհը` նույնիսկ առանց գիտակցելու: Գրքում հեղինակը ներկայացնում է իր անձնական փորձը, պատմում, թե ինչպես է սեփական անձի վրա աշխատելը փոխում մարդու աշխարհընկալումը, ունակությունները, օգնում ազատվել վնասակար սովորություններից և ձեռք բերել օգտակար սովորություններ: Գրքում ընթերցողը կառնչվի ամենատարածված սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզի, թե ինչպես են դրանք ձևավորվում և, ամենակարևորը, ինչպես պետք է դրանք ղեկավարել:

[Հարցազրույց] Ամերիկյան սարսափ ժանրի նոր աստղը՝ Փոլ Թրեմբլին իր նոր գրքի մասին

July 27, 2018

85 տարեկանում մահացել է ռուս հայտնի գրող Վլադիմիր Վոյնովիչը

July 27, 2018