Կարդալը օգնում է ոչ միայն ստանալ նոր գիտելիքներ, այլև լավացնել առողջական վիճակը։
Ընթերցանությունը հրաշալի մարզում է ուղեղը օրգանիզմի մյուս կենսական օրգանների համար։ Մենք առանձնացրել ենք ամեն օր գիրք կարդալու 5 պատճառ։
1. Ուղեղի ակտիվությունը
Հայտնի է, որ կան հիվանդություններ, որոնք ազդում են ուղեղի աշխատանքի ու ակտիվության վրա։ Օրինակ՝ ալցհայմերի հիվանդությունը ազդում է օրգանիզմի մի շարք կարևոր օրգանների աշխատանքի վրա։ Այս հիվանդության դեմ պայքարելու ամենապարզ ու օգտակար եղանակներից մեկը ամենօրյա ընթերցանությունն է։ Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ընթերցանությունը լավացնում է հիշողությունը, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։ Ուղեղը իհարկե, մկան չէ, բայց այն մարզել պետք է։
2. Թուլացնում է լարվածությունը
Ժամանակակից կյանքում մարդը ամեն օր ենթարկվում է սթրեսի։ Ամենօրյա լարվածությունը, սթրեսն ու հուզական անկայուն ֆոնը կարգավորելու լավ մեթոդ է ընթերցանությունը։ Գիրք կարդալիս դուք կկտրվեք առօրյա հոգսերից ու խնդիրներից։ Կխորասուզվեք այն պատմության մեջ, որը կարդում եք։
3. Նոր մտքեր
Անցել են ժամանակները, երբ գրքերը ճոխության, սոցիալական կարգավիճակի ու դիրքի ապացույց են։ Այսօր ցանկացած մարդ կարող է գնել, կամ օնլայն կարդալ իրեն անհրաժեշտ գրականությունը։ Գեղարվեստական գրականությանը զուգահեռ այսօր մեծ տարածում ունի մասնագիտականը։ Յուրաքանչյուր ոք կարող է կարդալ ու նոր մտքեր, գիտելիքներ ու գաղափարներ ստանալ իրեն հետաքրքրող բնագավառի մասին։
4. Զարգացած խոսք
Գուցե տարօրինակ թվա, բայց նույնիսկ անձայն ընթերցանությունը կզարգացնի ու կկատարելագործի Ձեր գրավոր ու բանավոր խոսքը։ Գրքերը ձեր բառապաշարը կհարստացնեն նոր բառերով ու արտահայտություններով։ Ապացուցված է, որ այն մարդիկ, որոնք շատ են կարդում ավելի քիչ լեզվական, ոճական, քերականական ու շարադասական սխալներ են անում։ Նրանց հետ հեշտ ու հաճելի է շփվելը։
5. Կենտրոնացում և ուշադրություն
Գուցե զարմանաք, բայց ուսումնասիրությունները պարզել են, որ սովորական մարդը օրական 3-4 ժամ է անցկացնում համացանցում, ինչը շատ է ու վնասակար։ Եթե օրվա ընթացքում այդ ժամանակի կեսը հատկացնեք ընթերցանությանը, կդառնաք ավելի ուշադիր, կսկսեք ավելի արագ կողմնորոշվել ու կենտրոնանալ։
Արփի Մուրադյան