«Ալյասկայի որոնումներում»-ը` հայ ընթերցողի սեղանին

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հավաքված գրքասերները սպասում էին «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած հերթական գրքին:


Բեսթսելլերների հեղինակ և «Փրինց» մրցանակակիր Ջոն Գրինի` «Ալյասկայի որոնումներում» գիրքը հայ ընթերցողի սեղանին է: Այն թարգմանել է երգչուհի Աննա Դանիելյանը: Նա գրքի բնօրինակը կարդացել է թարգմանության առաջարկը ստանալուց հետո: Խոստովանում է` անմիջապես սիրահարվել է գրքին ու դրա յուրահատկությանը: Թարգմանել է հեշտ, բայց դժվարացել է թարգմանել անցենզուր լեքսիկոնը: Թարգմանել է այնպես, որ ամեն ինչ բարեհունչ լինի և միևնույն ժամանակ հայ ընթրցողի մոտ արթնացնի այն էմոցիաներն ու զգացմունքները, ինչ բնօրինակի դեպքում:

«Թարգմանության մեջ կա մի օրենք. պետք է թարգմանել ոչ թե բառացիորեն, այլ հույզերի մակարդակով: Եթե որևէ արտահայտություն հայ ընթերցողը չի հասկանա այնպես ինչպես օտարերկրացի ընթերցողը, ուրեմն դու սխալ ես թարգմանել»,- նշել է գրքի թարգմանիչը:

Հումորային, հուզիչ և ուսուցողական. թարգմանիչն այսպես է բնութագրում գիրքն ու խոստովանում է` հենց հումորն է գրքի համն ու հոտը:

Գրքի հերոսը` 16 տարեկան Մայլս Հոլթերը հետաքրքվում է հայնի մարդկանց վերջին բառերով: Հետևելով ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեի` մահվանից առաջ ասած արտահայտությանը` նա թողնում է ծնողների հետ իր ձանձրալի կյանքն ու «Մեծ եթե»-ի որոնումներում ուղևորվում Քալվեր Քրիք դպրոց: Հենց այստեղ էլ գտնում է իր առաջին ընկերներին ու սիրահարվում Ալյասկա անունով աղջկա, որը տակնուվրա է անում տղայի կյանքը, հետո էլ` անհետանում: Իրադարձություններն ու սիրո կորուստը ստիպում են Մայլսին խորասուզվել կյանքի ու մահվան վերաբերյալ մտորումների մեջ:

«Ալյասկայի որոնումներում»-ը Ջոն Գրինի առաջին վեպն է: Այն լույս է տեսել 2005 թվականին: Բեսթսելլերի հիմնան վրա  Hulu սթրիմինգային  ծառայությունը նկարահանել է ութ էպիզոդանոց սերիալ, որն էկրան է բարձրացել վերջերս:

Ջոն Գրինը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, աշխարհի #1 վաճառվող հեղինակը՝ իր «Ալյասկայի որոնումներում», «Բազմաթիվ Կատերինաներ», «Թղթե քաղաքներ», «Ուիլ Գրեյսոն, Ուիլ Գրեյսոն» (Դևիդ Լևիտանի հետ համատեղ) և «Մեղավոր են աստղերը» գրքերով։ Նրա մի շարք մրցանակների թվում կան «Printz Medal», «Printz Honor» և «Edgar Award»։ Նա երկու անգամ եղել է «LA Times Book Prize»-ի եզրափակչում։ Ջոնը «TIME» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Ջոնն իր ընտանիքի հետ ապրում է Ինդիանա նահանգի Ինդիանապոլիս քաղաքում։

«Էդիթ Պրինտ»  հրատարակչությունը Ջոն Գրինից արդեն 4 գիրք է հրատարակել: Հայերեն թարգմանությամբ մինչև այս լույս էին տեսել Ջոն Գրինի`  «Աստղերն են մեղավոր», «Թղթե քաղաքներ», «Անվերջ կրիաներ» ստեղծագործությունները:

 

Անի Սողոյան

Թոնի Մորիսոն՝ կին, որը իր գրչով ջնջեց «սևերի ու սպիտակների» միջև բաժանարար գիծը

December 21, 2019

5 պատճառ գիրք նվիրելու համար

December 21, 2019