Միակողմանի պատմության վտանգը

Նիգերացի գրող Չիմամանդա Նգոզի Ադիչիի գրքերը թարգմանվել են 30 լեզուներով: Նրա «Ամերիկանահ» վեպը 2013-ին ճանաչվել է New York Times-ի տարվա 10 լավագույն գրքերից մեկը: newmag-ը ներկայացնում է Ted Talks-ում հայտնի գրողի մենախոսությունը:


Ես գրող եմ և կցանկանայի մի քանի անձնական պատմություն պատմել միակողմանի  պատմության վտանգի մասին: Ես մեծացել եմ արևելյան Նիգերիայի համալսարանական թաղամասում: Մայրս ասում է, որ կարդալ սկսել եմ երկու տարեկանից, բայց ես կարծում եմ չորսն ավելի մոտ է իրականությանը: Կարդացածս բրիտանական և ամերիկյան մանկական գրքեր էին:

Գրել նույնպես սկսել եմ վաղ տարիքից: Եվ երբ 7 տարեկան էի, սկսեցի պատմություններ գրել: Իմ բոլոր հերոսները սպիտակամաշկ էին և կապուտաչյա, նրանք խաղում էին ձների մեջ և խնձոր ուտում, ճիշտ ինչպես իմ կարդացած գրքերում: Նրանք խոսում էին եղանակի մասին, թեև ես Նիգերիայից դուրս չէի եղել, ձյուն չէի տեսել և երբեք չէի խոսել եղանակի մասին, որովհետև դրա կարիքը չկար:

Ես համոզված էի, որ գրքերում հերոսները պետք է արտասահմանցի լինեին, այնպիսի նկարագարություններ լինեին, որոնց մասին ոչինչ չգիտեի: Ամեն ինչ փոխվեց, երբ ես ինձ համար բացահայտեցի աֆրիկյան գրականությունը: Այդ գրքերն օտարալեզու գրականության չափ հասանելի չէին, դժվար էր դրանք գտնելը:

Ես հասկացա, որ ինձ նման շոկոլադագույն մաշկ ունեցող գանգուր մազերով աղջիկները, որոնց վարսերը պոնիի պոչի պես ուղիղ չեն լինում, նույնպես կարող են հանդիպել գրականության մեջ: Եվ ես սկսեցի գրել այն մասին, ինչ գիտեի:

19 տարեկան էի, երբ մեկնեցի Միացյալ Նահանգներ՝ սովորելու: Ամերիկացի հարևանս, որի հետ նույն սենյակում էինք ապրում, շոկի մեջ էր: Նա հարցրեց, թե որտեղ եմ այդքան լավ անգլերեն խոսել սովորել ու ապշեց, որ ասացի` Նիգերիայում պետական լեզուն անգլերենն է: Նա ինձ հարցրեց, թե կարո՞ղ է լսել իմ «ցեղային երաժշտությունը», ու հիասթափվեց, երբ միացրի Մրայա Քերիի ձայներիզը:

Նա կարծում էր, թե ես չգիտեմ գազօջախն օգտագործելու ձևը: Բայց ինձ ապշեցրեց այն, որ նա ինձ խղճում էր նույնիսկ դեռ չտեսած: Կարծում էր` եթե աֆրիկացի եմ, պետք է խղճալ: Իմ հարևանուհին Աֆրիկայի մասին միակողմանի պատկերացում ուներ: Նրա պատմության մեջ աֆրիկացիները չէին կարող իր նման լինել, բացի խղճահարությունից ոչ մի այլ զգացմունք չէր կարող լինել մեր հանդեպ, և մեզ որպես հավասարի վերաբերվելու ոչ մի հնարավորություն:

Մի քանի տարի ԱՄՆ-ում ապրելուց հետո սկսեցի հասկանալ, թե ինչու հարևանուհիս այդպես արձագանքեց: Եթե ես մեծացած չլինեի Նիգերիայում, և միայն հայտնի նկարներով ձևավորված լինեին Աֆրիկայի մասին իմ պատկերացումները, դրանք կլինեին սիրուն բնության, գեղեցիկ կենդանիների, անհասկանալի մարդկանց, անիմաստ պատերազմների, աղքատությունից ու ՁԻԱՀ-ից մահացողների, իրենց իրավունքները չիմացող ու բարի, սպիտակ, օտար փրկիչներին սպասող մարդկանց երկրի մասին:

Աֆրիկայի մասին այս միակողմանի պատմությունը, կարծում եմ, արևմտյան գրականությունից է գալիս:

Պատմություններն ազդեցիկ են: Պատմություններն օգտագործվել են աքսորելու և զրպարտելու համար, բայց դրանք կարող են օգտագործվել նաև ուժ տալու և հումանիզմ քարոզելու համար: Պատմությունները կարող են արատավորել մարդու պատիվը, բայց կարող են նաև վերականգնել:

Կցանկանակի ավարտել այս մտքով. Երբ մենք մերժենք միակողմանի պատմությունը, երբ հասկանանք, որ որևէ բանի մասին պատմությունը չի կարող մեկը լինել, մենք կմոտենանք դրախտին:

Շվեդական սեքս կամ ինչո՞ւ հետաձգվեց գրականության Նոբելյան մրցանակը

May 9, 2018

Սիրիայի հարցը նոր ամերիկյան վեպում. հարցազրույց գրողի հետ

May 9, 2018