Անրի Գրիգորյանի պատմվածքներում անցյալից ներկա ընդհատումներով հոսող պատկերներ են, հիշողություններ ու ապրումներ, որոնք, խառնվելով ներկայի իրականությանը, դառնում են ներդաշնակ ամբողջություն, ինքնաճանաչողություն՝ ցույց տալով հերոսի ապրումների նյութական արմատներն ու ներկայի՝ ճակատագիր դառնալը:
Հուլիսի 13-ին ժամանակակից հայ գրականությունը հարստացավ ևս մի գրքով: Այս անգամ հերթը Անրի Գրիգորյանի արդեն իսկ սիրված պատմվածքների ժողովածուն էր։ Գրանիշ գրական համայնքի կողմից և Մշակույթի նախարարության աջակցությամբ տպագրված «Դմբո Ջոյս» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «The Club» սրճարանում։
Իր վրա վերցնելով միջոցառման կազմակերպման գործընթացն ու բացման խոսքը՝ «Գրանիշ»-ի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանն ասաց․«Ինձ համար Անրիի գրականությունը ունի բավականին լուրջ հիմքեր և հետաքրքիր ազդակներ։ Շատ հետաքրքիր են նրա պատմվածքների կառույցները․ նա իր անցյալի, մանկության պատմությունները, վրացական և հայկական ընտանիքների ավանդույթները դարձնում է սեփական ճակատագիր և դրանք ամփոփում մի գեղեցիկ պատմության մեջ։ Նրա գրականությունում կա ներքին ազատականություն, որը ես տեսնում եմ թեմաների, բովանդակության մեջ, չկա տեղայնացում ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում․․․ Նրա լեզուն մի գուցե մետաֆորիկ է կամ հիշեցնում է բակունցյան բանաստեղծական տեքստերը, սակայն շատ գեղեցիկ է և ընթեռնելի»։
– Անդրադառնալով լեզվին՝ ուզում եմ ասել, որ շատ տարիներ առաջ եմ հանդիպել Անրիին, ով այդքան էլ լավ չէր խոսում հայերեն։ Ես մի փոքր հիասթափվեցի հատկապես այն ժամանակ, երբ ինձ նվիրեցին Վրաստանում լույս տեսած նրա առաջին գիրքը․ հազիվ հայերեն խոսող տղան հանդգնել էր հայերենով պատմվածքներ գրել։ Մեր ընդանուր ընկեր, երջանկահիշատակ թարգմանչուհի Անահիտ Բոստանջյանը տեսնելով իմ անտարբերությունը նրա հանդեպ, կանչեց իր մոտ և մոտ մեկ ժամ խոսեցինք Անրիի մասին։ Խնդրեց, որ փայփայենք, սիրենք ու գուրգուրենք նրան, ասելով, եթե անգամ այս պահին մեզ դուր չի գալիս նրա լեզուն ու գրածը, եթե նույնիսկ դառնա վատ գրող, այնուամենայնիվ նա կլինի ձեր ստեղծած լավ գրականության լավագույն թարգմանիչը աշխարհում (անգլերեն, վրացերեն), – պատմեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Ըստ Արքմենիկի՝ այն ինչ արեց Անրին հետագայում, ստեղծագործական իմաստով սխրանք է։ Ուղղակի անհամեմատելի են նրա առաջին և այսօրվա «Դմբո Ջոյս» գործերը։ Այն լեզուն, որ թրթռուն կերպով ճախրում է այս ժողովածուում, ոչ միայն յուրահատուկ է իր ստեղծագործական նեղ պարագծում, այլև ուշագրավ լեզվամտածողություն է մեր հայ արդի արձակում ընդհանրապես։ Անրին ապրել է մայր հողից հեռու, Վրաստանում շփվել է վրացահայերի հետ և իր կյանքը նվիրել ուսմանը։ Այս ամենը իրեն տվել է առանձնահատուկ կարգավիճակ՝ պահպանել հայկականն ու միաժամանակ կտրվել բազմաթիվ զգացողություններից, որոնք, ինչպես հավատացնում է գրականագետը, խանգարում են ժամանակակից հայ գրողին հեշտ գրել։ Կամա, թե ակամա, մեր ուսերին դրված է ինչ-որ քաղաքացիական, պատմության և ճակատագրի հանդեպ պատասխանատվության ծանր բեռ։ Անրին կարողացել է զերծ մնալ այս ամենից և ստեղծել շատ տարբերվող արձակ։
Միջոցառման պատվավոր հյուրն էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոն առաջիններից էր, ով կարդացել էր գիրքն ու մի քանի բառով կիսել իր կարծիքը ներկաների հետ․«Ես շատ սիրեցի Անրիի գիրքը, որովհետև դրանում կա ճշմարտություն։ Անմիջապես նկատեցի նրա կարևոր հիմքերից մեկը՝ համապատասխանությունը ապրած մի իրականության, որին ծանոթ ենք, սակայն որը գալիս է նոր ընթացքի, լիցքի և հյուսվածքի միջով։
– Անրիի գրականությանը ծանոթացել եմ Հասմիկի ուղղորդմամբ։ Նրա գրածներում կան շատ բաց տեսարաններ, որոնցով այսօր ոչ մեկի չես զարմացնի, սակայն Անրիի մոտ դա շատ բնական է, վիպական։ Զգում ես, որ գրողը ջանք չի գործադրում, այլ ասես մուսան թելադրում է, իսկ ինքը՝ գրում։ Հանդիպում ես հատվածների, որոնցով կարող ես զուգահեռներ անցկացնել հայ դասական գրողների պատմվածքների հետ։ Լինելով երիտասարդ և չունենալով մեծ փորձ՝ նա կարողանում է ստեղծել այնպիսի պատկերային համակարգ, որը կարող ես հանդիպել դասական գրողների մոտ, – ասաց գրող Հուսիկ Արան։
Խոսելով Վրաստանում ապրելու և հայերենով ստեղծագործելու մասին՝ «Դմբո Ջոյս» գրքի հեղինակ Անրի Գրիգորյանն ասաց, որ լեզվի պահպանման գործում մեծ դեր է խաղացել նրա մայրն ու իր հաճախած հայկական դպրոցը․ «Ես գրում եմ հայերեն, որովհետև ինձ իրավունք չեմ վերապահի խաղալ մեկ այլ լեզվի հետ։ Իսկ հայերենով ուզում ես խաղալ, սխալներ թույլ տալ․․․ Հայերենն իմ ներսի լեզուն է»։
Այն հարցին, թե ինչու է ժողովածուն անվանել «Դմբո Ջոյս», հեղինակը պատասխանեց․ «Տարիներ առաջ սիրահարված էի մի աղջկա, ով սիրում էր Ջոյսին և անընդհատ, շատ գեղեցիկ արտասանում էր՝ Ջոյս, Ջոյս Ջոյս, և ինձ ասում էր «դմբո», որը էլի շատ սիրուն էր հնչում։ Մի անգամ խնդրեցի, որ միասին արտասանի այդ բառերը՝ «Դմբո Ջոյս» և շա՜տ գեղեցիկ ստացվեց։ Դա մուսան էր, սերը։ Ժամանակի ընթացքում հասկացա, որ պետք է դրա հիման վրա պատմվածք գրեմ և գիրքն այդպես վերնագրեմ»։
Վերջին հինգ տարիներում գրված, իրար հետ թեմատիկ կապ չունեցող առանձին պատմվածքները գրելիս Անրի Գրիգորյանը շատ է լսել Ջենիս Ջոփլին, ինչպես նաև օպերային երաժշտություն, ռոք․․․ Նա գիրքն ասոցացնում է Լեոնարդ Քոհենի «I’m Your Man» երգի հետ։
Քրիս Գինոսյան