4 ամիս տևած թարգմանությունից հետո առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում Էքզյուպերիի «Ռազմական Օդաչուն»` բնագրային թարգմանությամբ
Ֆրանսիան պատերազմ է հայտարարում ընդդեմ Գերմանիայի: Սա տարօրինակ պատերազմի միայն սկիզբն էր: Օդաչու, բանաստեղծ Անտուան դը Սենտ-Էսզյուպերին պատերազմը սկսվելուն պես հայտնվեց առաջնագծում: Հենց այդ ժամանակ էլ գրեց «Ռազմական օդաչու» ստեղծագործությունը: Այն մահապարտ մի առաքելության պատմություն է, որը ներկայացվում է օդաչուի հայացքով:
Ստեղծագործությունը բնագրից թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, հրատարակել` Էդիթ Պրինտը: Շնորհանդեսի օրը պատահական ընտրված չէր. հունիսի 29-ը մեծանուն գրողի ծննդյան օրն է: 4 ամիս տևած թարգմանությունից հետո առաջին անգամ հայ ընթերցողին է ներկայացվում Էքզյուպերիի «Ռազմական Օդաչուն»` բնագրային թարգմանությամբ
Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը պատմեց, որ վիպակը գրվել է 1942 թ., երբ Էքյուպերիի համար ստեղծվել էր մի ծանր շրջափուլ: «Նա, կարելի է ասել, ֆիզիկապես ու հոգեպես աքսորի մեջ էր: Լքել էր Ֆրանսիան, ժամանակավորապես բնակվում էր ԱՄՆ-ում: Սա շատ ծանր որոշում էր Էքզյուպերիի համար: Ֆրանսիայում տեղի ունեցած մարտերի ժամանակ Էքզյուպերին առաջնագծում էր. այլ կերպ չէր կարող լինել: Բնականաբար, ծանր էր ընդունել ժամանակավոր պարտության փաստն ու միաժամանակ հայրենիքից հեռանալու անհրաժեշտությունը: Էքզյուպերի փորձում է ուսումնասիրել ժամանակակից արևելաեվրոպական քաղաքակրթությունը և խոսում է ճգնաժամի մասին»,-նկատեց թարգմանիչը:
Էդիթ Պրինտն արդեն իսկ հրատարակել է Էքզյուպերիի «Մարդկանց երկիր», «Գիշերային թռիչք», «Փոքրիկ Իշխանը», «Նամակ պատանդին» ստեղծագործությունները Շուշանիկ Թամրազյանի բնագրային թարգմանությամբ:
«Ռազմական օդաչու»-ն առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին, Միացյալ Նահանգներում՝ «Թռիչք դեպի Առաս» վերնագրով: Այն մեծ ճանաչում բերեց Էքզյուպերիին: Ինքնակենսագրական վիպակի գլխավոր հերոսը հենց Անտուան դը Սենտ-Էքզյուպերին է: «Տարօրինակ պատերազմի» մասին բազմաձայնող աշխարհը մի պահ ստիպված էր լռել՝ ի տես անմիջական մասնակցի խոր, անհերքելիորեն ճշմարիտ վկայության: