Արմեն Հայաստանցի. կյանքը հնարավոր է առանց բառերի, բայց ոչ գրականությունը

Արձակագիր Արմեն Հայաստանցին Ֆրանկֆուրտի 70-րդ միջազգային գրքի ցուցահանդեսում խոսել է գրելու պատասխանատվության մասին:


Բառեր, բառեր, բառեր․․․ կյանքը հնարավոր է առանց բառերի, բայց ոչ գրականությունը, ուստի մեզ՝ գրողներիս համար լեզուն գոյի տունն է, իսկ բառերը՝ նախանյութը, թեպետ հայտնի է, որ լեզուն հաղորդակցման լավագույն ձևը չէ, և մի պատկերը կարող է հազար բառից խոսուն լինել։

Թե՛ քաղաքական գործիչները, թե՛ գրողները իրենց լսարաններին հույս են տալիս, թե իրենց խոսքերը կարող են աշխարհը փոխել։ Բայց կա տարբերություն․ քաղաքական գործիչը պատսպարվում է բառերով, իսկ գրողը, ընդհակառակը՝ գրոհում։ Այլ կերպ ասած՝ քաղաքական գործիչը կրում է բառերն իբրև վահան, իսկ գրողը զինաթափվում, մերկանում է, որ պաշտպանի այլոց։

Քաղաքական լարված պահերին, երբ նրանք դեմ առ դեմ են ելնում, բառերով ռմբարկում են մեկմեկու։ Քաղաքական գործիչը նաև իրական զինանոց ունի, որով կարող է ճնշել, գրաքննել, ազատազրկել կամ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնել մեզ, մինչդեռ մենք՝ գրողներս, անզեն ենք ու կարող ենք սպանել նրան հոգեպես, բարոյապես, բայց ոչ երբեք ֆիզիկապես։ Դա մեր գործը չէ։

Որոշ դեպքերում, երբ քաղաքական գործիչներին զսպաշապիկ հագցնող չկա, նրանք անամոթաբար ստում են, և որքան միակուռ է իշխանությունը, այնքան անզուսպ է սուտը։ Դրա բարձրակետն ու մարմնացումն ամբողջատիրությունն է, որի անմահ հոգին է սուտը։ Ուրեմն, մենք հիմնականում փորձում ենք ճշմարտությունը տնավորել լեզվի սրտում, իսկ բռնատիրական վարչակարգերը ձգտում են ինստիտուցիոնալիզացնել կեղծիքը։

Ես գալիս եմ լեզվահեն մշակույթից, ուր գրողի ու քաղաքական գործչի միջև սահմանը պատմականորեն հաճախ ջնջվել է։ Ավելին, ես գալիս եմ մի մշակույթից, որտեղ գիրը նախորդում է իրականությանը ու կերտում այն, ուր գրքերը, վեպերն ու չափածո գրվածքները հաճախ մարգարեական են և ընթերցվում են իբրև ապագայի ուղեցույց, բայց և այնպես գալիս եմ մի գրական միջավայրից, ուր ֆենթըզին և գիտաֆանտաստիկան չկայացած ժանրեր են, իսկ գրքերի մեծ մասը պատմում են անցյալի մասին, ուր պատմավեպերը մինչ օրս մարդկանց ստիպում են մտածել վաղվա մասին, որտեղ ազգային պոետներն այլոց քաղաքական փորձը վերածել են սեփական ժողովրդի դիմադրության մշակույթի, և պատահական չէ, որ Հայաստանի օրհներգի բառերը «Իտալացի աղջկա երգ»-ից են վերցված, քանի որ ժամանակին հեղինակը ոգեշնչվել է գարիբալդիականությամբ, այն պարզ պատճառով, որ հայերը չեն ունեցել Գարիբալդի, փոխարենն ունեցել են պոետ՝ Նալբանդյանին։

Կարճ ասած՝ գալիս եմ մի մշակույթից, ուր բանաստեղծությունն ավելի քաղաքական է, քան հազարումի քաղաքական ելույթ ու զեկույց, ուր համազգային առաջնորդները կարող են ասմունքել հանրահավաքում, և դա կընկալվի իբրև ավելի մեծ քաղաքական խոստում, քան մի ողջ նախընտրական ծրագիր։
Գալիս եմ մի մշակույթից, որի լուսավոր օրերը կապված են եղել թարգմանական հուժկու շարժումների ու լեզվի բեկումնային փոփոխության հետ, իսկ ձախորդ օրերն ուղեկցվել են իր գրավոր խոսքի անկմամբ։
Այսքանով հանդերձ, սա մշակույթ է, որի գրականությունը չի դարձել համաշխարհային, որ մնացել է իր լեզվամշակութային ծիրում, որ չունի Նոբելյան մարցանակակիր հեղինակներ, բայց որի գրողներն ու գրականությունն ազգ են կերտել։

Սա հայ մշակույթի պարադոքսն է։

Դարերով Հայաստնը եղել է միայն գրքերում։ Հայաստան չկար, կային միայն հայոց գիրն ու մատենագրերը, որ ամփոփում էին երկրի հնարավորությունը, նաև երբեմնի գոյության հուշը։ Գրին տիրապետողներն ազգի ինքության պահապաններն էին։ Միջնադարում դրանք եկեղեցականներն էին, ինչը հետագայում առավել աշխարհիկ բնույթ ստացավ։ Ահա թե ինչու են գրողները մշտապես կարևորվել, քան քաղաքական գործիչները։

Հարուկի Մուրակամի. երազելու կարիք չունեմ, որովհետև գրում եմ

October 24, 2018

Հայտնի է 2018-ի Man Booker մրցանակի դափնեկիրը

October 24, 2018