«Երևանյան հեքիաթները» Արփի Մաղաքյանի մատուցմամբ

Հունիսի 1-ին՝Երեխաների պաշտպանության օրվան նվիրված, լույս է տեսել Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ» ժողովածուն:


Գրքի  հեղինակ Արփի Մաղաքյանը գիրք գրելու մասին որոշել է 12 տարի առաջ. իրականացնելու համար պահանջվել է 3 տարի: Երևանի մասին առաջին հեքիաթաշարքը իրականության և հորինվածքի խառնուրդ է: 8 հեքիաթներից յուրաքանչյուրի հիմքում իրական պատմություն է: Առաջին հեքիաթը Արգիշտի արքայի և Տաթևի սիրո մասին է։

«Ես աշխատել եմ հեռուստատեսությունում և երկար ժամանակ անցկացնում էի ազգային արխիվի պահոցներում, զրուցում էի հնագետների, պատմաբանների, ճարտարապետների  հետ, և հետո իմ երեխաներին հեքիաթներ էի պատմում իմ անցած օրվա մասին, որովհետև ուղեղս լիքն էր դրանով ու սկսեցի տեսնել, որ իմ երեխաները շատ են սիրում երևանյան հեքիաթները ու որոշեցի հեքիաթներս տամ ուրիշ ծնողներին, որ իրենք էլ իրենց երեխաների համար կարդան»,- նշեց Արփի Մաղաքյանը:

Նկարիչ Արարատ Մինասյանը հեքիաթներն ավելի պատկերավոր է դարձրել: Գրքի խմբագիրը Լևոն Գալստյանն է, որի շնորհիվ հեքիաթների լեզուն ավելի պարզ է դարձել: Լևոն Գալստյանի գնահատմամբ՝ աշխատանքը հաջողված է: Խմբագիրը նշում է, որ անգամ գիրքը կարելի է ներառել դպրոցական լրացուցիչ ընթերցանության ցանկում:

«Անցած փառքերին, իրադարձություններին երեխաները ավելի իրազեկ են, քան վերջին հարյուր տարվա իրադարձություններին՝ Ո՞վ է Թամանյանը, Ի՞նչ է Մատենադարանը, ո՞վ է Սասունցի Դավթի արձանի հեղինակը: Ահա այս մտահոգությամբ էլ ծնվել է գիրքը»,- ավելացրեց Լևոն Գալստյանը:

Արփի Մաղաքյանն արդեն սկսում է հեքիաթների նոր շարք. այս անգամ՝ Արցախի մասին:

 

Ալլա Դավթյան

Եգոր Գայդարի ամենահայտնի աշխատությունը հայերեն՝ «Կայսրության կործանումը»

June 15, 2019

«Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը այսուհետև՝ հայերենով

June 15, 2019