Սովորական մարդու գիտակցության մեջ օտար են Աստծու եւ Սատանայի հաշտեցման համարձակությունը, օտար են ներկայացվող իրավիճակները, գերիրականի ու անիրականի դրսեւորումները, բայց եւ այնպես, այս օտար լույսի արտացոլման մեջ կա մի շատ կարեւոր ձեռքբերում, որը հեղինակի մնայուն ներկայությունն է արդի գրական ընթացքի մեջ:
«Օտար լույսը» արձակագիր Արթուր Միկոյանի երրորդ գիրքն է: Նախորդ երկուսը «Լուռ հոգիներ» (2014) եւ «Սատանայի աշտարակը» (2015), արժանացել են ընթերցողի երբեմն անտարբեր, երբեմն զարմացական-հիացական գնահատականին ու վերաբերմունքին. միջանկյալ նշենք երկու կարծիքն էլ (թեեւ հաստատ կլինի կարծիք, թե անտարբերությունը գնահատանքի դրսեւորում չէ) խորապես պատճառաբանված են: Նրա ստեղծագործություններից պարբերաբար հրապարակվել են ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» ամսաթերթում, «Գրական թերթում», «Գրեթերթում», «Անդին», «Գարուն», Արցախի «ԳեղArm» ամսագրերում, ժամանակակից հայ արձակի «Կայարան» անթոլոգիայում, էլեկտրոնային գրական կայքերում:
Գրականագետ Նորայր Ղազարյանն Ա. Միկոյանի այս վեպին անդրադարձել է «Սյուժե միֆի կառուցվածքի չորս տարրերով» հոդվածով, որը լույս է տեսել «Գրական թերթի» 2018-ի մայիսի 25-ի համարում: Հոդվածում առանցքային է միֆի սյուժեի կառուցվածքին բնորոշ գործողությունների համընկնումների դիտարկումը: Գրականագետը նշում է, որ «Արդի արտասահմանյան գրականություն» (Մոսկվա, 1999 թ.) գրքում միֆը բաղկացած է կառուցվածքային չորս տարրերից եդեմ հերոսի մանկություն, անկում, ճանապարհորդություն, վերադարձ կամ կործանում (էջ 237): Նա նաեւ նշում է միֆի քառատարր կառուցվածքային դրսեւորումների մասին, որոնք առկա են թե՛ անտիկ ողբերգություններում, թե՛ Շեքսպիրի, թե՛ Դոստոեւսկու ստեղծագործություններում:
Ինչպես Ա. Միկոյանի մյուս ստեղծագործություններում, այստեղ նույնպես գերակշռողը ֆանտաստիկ, երբեմն նաեւ ենթագիտակցականից բխող տարրերն են, սյուժեն լարված է լի անընդհատ որոնումներով, զարմանալիի ու տարօրինակի բացահայտումներով, ինչը բնորոշ է հիմնականում բանահյուսական սյուժեներին (միֆի դրսեւորումը հեքիաթում): Հեղինակի խոսքը, շարադրանքը մատչելի ու պարզ են ի հակակշիռ բովանդակային կողմի, ասելիքի, որը հատկանշվում է փիլիսոփայական որոշակի ընկալման աստիճանով:
Աստծուն տեսնելիս նրան շրջանցողի, բայց կյանքային բոլոր իրավիճակներում հենց նրան փնտրողի հոգեվիճակն Արթուր Միկոյանի գրական հերոսին Ակիմին, ուղեկցում է վեպի տարածաժամանակային տիրույթում: «Որոնում եմ արեւածագից կեսօր ընկած ժամանակը, Աստծո լուսադեմը, Սատանայի փնթփնթան խոսքը, – ասաց Ակիմը ձայնին առանձնակի վայելչություն հաղորդելով» (էջ 23):
Վեպի գործողություններն ընկալվում են որպես մարդու անցնելիք ճանապարհ գիտակցված կյանք մտնելու պահից սկսած: Ավարտը չենթադրվող, անակնկալ ու անսպասելի է: Այդպիսին է նաեւ յուրաքանչյուրի կյանքի ճանապարհի ավարտը:
Ակիմի մուտքն ազատ է բոլոր տարածություններում ու ժամանակային բոլոր հատվածների մեջ. անցյալից ներկա, ապագա շղթան մեջընդմեջ խախտվում է. գործողությունները ժամանակային տարբեր հատվածների մեջ միմյանց չեն հերթագայում սովորական հաջորդականությամբ: Դրանք դիտվում են անարգել անցումներով, փոխներթափանցումներով: Հետեւենք Ակիմի ճամփորդությանըՙ հավերժական ժամանակների ու հեշտ կամ դժվար հաղթահարելի տարածությունների միջով. հեռանում է իր միջավայրից (տնից), լինում է ապակու մեջ, հայելիների միջով է անցնում, հանդիպում է միաչքանի սեւ կատվին, ունենում է տեսիլային մղձավանջներ, կատաղած մարդկանց միջավայրում համարձակվում է որոնել Աստծուն, անցնում է վախեցած ծառերի անտառով, զգում է ստրկության գարշահոտ շունչը, վերապրում հանրակացարանի առօրյան, մինչեւ անգամ լինում է լուսնի վրա, տեսնում այնկողմնային աշխարհներից վերադարձած Դարինա տատին ու նրա տենդագին որոնումների միակ վկան է դառնում. եթե բարձրաձայնի, որ տեսել է, խելագար կկարծեն: Ակիմը սովորական մարդ չէ: Թերեւս այդ պատճառով էլ նա տեսնում է սովորական աչքի համար հաճախ անտեսանելի երեւույթներ, եւ Դարինայի վերադարձը տեսնելը միակ բացառությունը չէ: Զարմանքով թե՞ վախեցած հիացմունքով է նայում Աստծու ու Սատանայի հաշտեցումից ծնված մանկանը, որին հետո պիտի ինքը պահիՙ իր նորաստեղծ ընտանիքում:
Հեքիաթի սյուժեի համար բնութագրական մի շարք բաղադրիչներ են առկա վեպում հերոսի տնից հեռացումը, թափառումները, պարտադրված անկումներն ու վերելքները եւ վերջապես վերադարձը տուն:
Վեպում կիրառվող տարատեսակ անունները եւ կերպարները, ներկայացվող ամենատարբեր իրավիճակները եւ երեւույթները հագեցած են մոգականության լիցքերով, որոնք առկա են պատումի ամբողջ ընթացքում եւ բնորոշ են մեր ընկալմամբ ոչ սովորական, ֆանտասմագորիայի հատկանիշներ ունեցող վեպին (ֆանտասմագորիան բառացի ուրվականը ելույթ է ունենում կամ ցնորամտություն) 18-րդ դարի Ֆրանսիայում ծնված նախակինոնկարային տեսիլային ցուցադրումն է, որը հետագայում լայն տարածում ստացավ եվրոպական երկրներում, իսկ մեզանում այն համեմատաբար նոր երեւույթ է մասնավորաբար որպես ստվերների թատրոն, եւ հատկապես նոր է գրական դաշտում. պատկերվում են տարօրինակ երեւույթներ, հիվանդագին ֆանտազիաներ, այլ կերպ ասածՙ պատկերվածը կտրված է իրականությունից, թեպետ Ա. Միկոյանի վեպի դեպքում իրականությունից կտրված լինելն ընդամենը թվացյալ է, որովհետեւ դրսեւորվող պատկերները, միջավայրի ամենատարբեր բնութագրիչներն ու վարպետ բնութագրումները, զզվելի, զարհուրելի տեսարանների առկայությունը ուղիղ համեմատական են գոյություն ունեցող իրականությանը): Ֆանտասմագորիկ լապտերի դեր է տանում Ակիմի ներաշխարհը. միջավայրը հստակեցվում է ապակուց կամ հայելուց այս կողմ եւ հայելու այն կողմում գեղարվեստական տարածական չափումների մեջ: Ընթերցողն իր եւ Ակիմի միջեւ գոյություն ունեցող տարածությունը միանգամից չի ընկալում, եւ այդ հապաղումը պատճառաբանված է ֆանտասմագորիկ շղարշածածկույթի առկայությամբ: Շարժման ընթացքում կերպարները (մասնավորաբար Ակիմը) մեծանում-փոքրանում են, խառնվում, ձեռք բերում քիչ է ասել տարօրինակ հատկանիշներ: Ակիմի շուրջ թերեւս ամենատպավորվող կերպարները Լուկան ու Դարինան են: Դարինայի նկատմամբ առանձնահատուկ սերն այս կերպարը շահեկանորեն զատում է մյուսներից:
Ընդհանրացումներն ու կանխատեսում-եզրահանգումները վեպում քիչ չեն. «Մարդիկ անվերջ կփնտրեն չարին եւ նրան կգտնեն բարու ստվերում կուչ եկած հռհռալիս,- մտածեց Ակիմը իջնելով երկիր» (94):
Սովորական ընկալմամբ անլեզու կենդանիների աշխարհում հայտնված կերպարը գալիս է մի շատ սովորական ընդհանրացման, կամ շատերի ընկալած սովորական ընդհանրացումն անսովոր կերպով բարձրաձայնելու համարձակության, թե «Մռնչոցը մարդկային ցեղի մենաշնորհն է» (24): «Ստրկություն» վերնագրված բաժնում դժոխքի դիպուկ նկարագիր է, թեպետ «ամեն ստրկատեր ի վերջո իր ստրուկի ստրուկն է դառնում» (30):
Ակիմի ճամփորդությունը թերեւս հեռահար հիշեցնում է համաշխարհային գրականության հայտնի ճանապարհորդին Գուլիվերին: Նա նույնպես հայտնվում է սովորականի անսովոր իրավիճակներում, ընկնում է թզուկների ու հսկաների աշխարհներ. այստեղ էլ գործում են թե՛ հիպերբոլը, թե՛ լիտոտան որպես գեղարվեստական հնարանքներ: Նմանօրինակ տարրեր առկա են նաեւ Ա. Միկոյանի գեղարվեստական պատումում:
Վեպում հնչում են բազմաթիվ ապացուցված եւ բոլորովին ապացուցման կարիք չունեցող ճշմարտություններ հիմնականում երեխաների շուրթերից: «Երեխաները մեզ ոչ միայն պաշտպանում են, այլեւ սովորեցնում են մեր նախնիների հարուստ իմաստախոսությունը եւ ցանկացած իրավիճակում ճիշտ ելքային խորհուրդներ են տալիս» (41):
Վեպի հերոսը, ելնելով տարբեր իրավիճակների ու հոգեվիճակների միայնակ վերլուծությունից, գալիս է եզրահանգման, թե մարդիկ քիչ են իրենց ներսը նայում (44): Առհասարակ, այս վեպում Արթուր Միկոյանը փորձել է տալ մարդկային հասարակության ընդհանուր պատկերը, որը, քիչ է ասել, բարդ գործ է: Ասվածը գուցե առաջին հայացքից ոչ այնքան նկատելի թվա, սակայն վեպի հիմքում ընկած է մարդկային կյանքի ամենատարբեր իրավիճակների, հոգեվիճակների վերլուծությունը: Հասարակության տարբեր շերտերի թափանցող զննություն է առկա վեպումՙ ներկայացված այլաբանության, գրոտեսկի, հիպերբոլի, լիտոտայի եւ գեղարվեստական այլ հնարանքների օգնությամբ: Ֆանտասմագորիայի հատկանիշներ ունեցող այս վեպն, այնուամենայնիվ, շփման լուրջ եզրեր ունի իրական կյանքի հետ. այստեղ դրսեւորվում են որոշակի կենսագրական ազդակներ, ինչն ավելի ցայտուն է դարձնում հեղինակիՙ նյութի ընկալման եւ վերարտադրման յուրատիպությունը, թափանցող հայացքը բազմաթիվ հայտնի ու դեռեւս անհայտ երեւույթների կամ իրողությունների նկատմամբ:
Ընդհանրացումների շարքում բանաձեւի արժեք է ձեռք բերում հետեւյալ միտքը. «Մեզ ի վերուստ ժառանգված ներքին ձայներն Աստծու հետ խոսելու միակ վերերկրային կապն են: Պետք է քար նետել ներաշխարհ, եւ մեր ներաշխարհի իրականությունը դուրս կգա արտաքին միջավայր տեսնելու, թե ով այդ քարը նետեց» (44), (ընդգծումն իմն է Լ.Ս.):
Ակիմը գիտի, որ երեխաների երազները մարգարեական են, ու դրանք գողանալն անհնարինության չափ անիրական է (45), մինչդեռ եթե դրանք իրականություն դառնային, աշխարհն ավելի լավը կլիներ: Հայելու դետալն իմաստային որոշակի խորքի կրող է. «Իմ մանկության տարիները թաքնվել են հայելու մեջ: Երբ ես մանուկ էի, խոսում էի հայելու մեջ իմ ծեր կերպավորման հետ» (50):
Թերեւս զգուշանալ, անգամ վախենալ է պետք նրանցից, ովքեր «պատուհաններ չդրեցին, որպեսզի լույսը չծնի իրենց հերթական չարանենգ ստվերը: Միայն ես էի, որ իմ բնակարանում պատուհան դրեցի: Իմ ստվերն ինձ չէր հետապնդում» (53):
Հանրային կյանքի բարդ ու խորաթափանց զննության մեջ Ակիմն առանձնացնում է մայրերին ու նրանց օրորոցայինները: Եվ, ըստ նրա, օրորոցայինի բացակայությամբ էլ պայմանավորված են աշխարհում տեղի ունեցող բնական բոլոր աղետները: Ակիմի ու Քրիստոսի զրույցից պարզ է դառնում, որ մտավորականներն ամենեւին էլ ազատության երգիչներ չեն. նրանց ստեղծագործություններում բազմաթիվ են բանտված, ազատության կարոտ կերպարները (72):
Վեպի «Լուսնի վրա» բաժնում Ակիմն իր վրա է վերցրել Աստծու եւ Սատանայի Աստծուց նեղացած երեխայի հաշտեցման առաքելությունը: Եվ դա նրան հաջողվում է զարմանալու եւ զարմացնելու չափ կարճ ժամանակամիջոցում: Հայելու միջով Ակիմը մուտք է գործում Աստծու տարածություն, եւ այս ճամփորդության մեջ նրա թե՛ օգնականը, թե՛ փրկիչը փոքրիկ Լուկան է: Ակիմն ազատ տեղաշարժվում է ժամանակների եւ տարածությունների միջով. չկա որեւէ արգելք, որեւէ խոչընդոտ: Աստծու եւ Սատանայի զարմանալի հաշտեցումից ծնված Ֆիոնա աղջիկն ապրում է Ակիմի եւ Օլգայի ընտանիքում: Մարդատյա՞ց է, երբ գրում է, թե «Ամենաիդեալական մարդը թանգարանային նմուշն է» (98), թե՞ մարդասեր, երբ «Չկարդացված, կիսատ ընթերցված գրքերը հուդաներ չէին փնտրում» (98):
Վեպում կան գեղարվեստական հաջողված պատկերներ, փոխաբերություններ, աքսիոմի ուժ ունեցող բանաձեւումներ, օրինակՙ «Վաղորդյան լույսը քանդում էր Հիսուսի օրհնաբանած լռությունը» (115), «Քաոսը նահանջում էր, եւ խոխոջող փոքր առվակները գունավորվում էին նորածնի ծիծաղով» (125), «Սեւ խոռոչներում ժամանակը դանդաղ տարուբերվում էր» (134), «Աստված բարձրությունից ֆոբիա չունի» (129), «Ջուրը տաղավար է սարքում ճողփող պատկերների համար: Ճեղքված է երկրի ընդերքը եւ կուլ է տալիս քերծվածքներ ունեցող լաքոտված հոգիներին: Առասպելների ասեկոսեներում գահավիժող լռությունը կանգ է առնում, եւ վերադառնում է կարապի փետուրներով մարդկանց անզուգական աղոթքը» (156): Գրքում կան հստակ գծագրված կերպարներՙ Ակիմի ծնողներըՙ Ինգան, որն առանձնանում է իր մի տեսակ չոր բնավորությամբ, եւ լրագրող Օսկարըՙ անընդհատ զբաղված: Գրքի շատ հատվածներում զգալի է Դարինա տատի ներկայությունը:
Մեր կարծիքովՙ որոշակի ինքնակենսագրական ազդակներ ունեցող այս վեպում գլխավոր կերպարը փորձում է գտնել, իսկ որոշ հատվածներում թվում է գտել է լույսը կյանքի իմաստը, փորձում է հաշտեցնել Աստծուն ու Սատանային այդ զարմանալի հաշտեցումը հրաշքի ծնունդ դարձնելով, եզակի ծնունդ, որով էլ թերեւս մեկնաբանենք գրքի վերնագիրը «Օտար լույս»: Լույս, որը ծնվել է բարու եւ չարի խաչասերումից: Թերեւս սովորական մարդու գիտակցության մեջ օտար են Աստծու եւ Սատանայի հաշտեցման համարձակությունը, օտար են ներկայացվող իրավիճակները, գերիրականի ու անիրականի դրսեւորումները, բայց եւ այնպես, այս օտար լույսի արտացոլման մեջ կա մի շատ կարեւոր ձեռքբերում, որը հեղինակի մնայուն ներկայությունն է արդի գրական ընթացքի մեջ:
Լուսինե Սահակյան