«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» նախագիծը հյուրընկալել էր «Ալի. Աշխարհի արքան» գրքի հայերեն թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանին և սպորտային մեկնաբան-լրագրող Գրիգոր Ավետիսյանին, որն իրականացրել է գրքի ծանոթագրությունները և վերիֆիկացիան:
«Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» նախագիծը հյուրընկալել էր «Ալի. Աշխարհի արքան» գրքի հայերեն թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյանին և սպորտային մեկնաբան-լրագրող Գրիգոր Ավետիսյանին, որն իրականացրել է գրքի ծանոթագրությունները և վերիֆիկացիան: «The New Yorker» ամերիկյան հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դեյվիդ Ռեմնիքի «Ալի. Աշխարհի արքան» ամենասպասված սպորտային բեսթսելլերը հայերեն թարգմանությամբ հայտնվել է ընթերցողի սեղանին, և սա ոչ միայն գիրք է աշխարհահռչակ բռցքամարտիկի մասին, այլ նաև իր մեջ բազմաթիվ շերտեր ունի, որոնք էլ բացահայտվում են հենց ընթերցանության ժամանակ: Այս պահին էլ կզրուցենք գիրքը հայերեն ներկայացնելու շարժառիթների, հետաքրքիր բացահայտումների և շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:
Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով` գիրքը հրաշալի ձեռնարկ է սպորտային լրագրողների համար, քանի որ գրքում խոսվում է նաև ամերիկյան ժուռնալիստիկայի մասին: Սպորտային լրագրողներից ու մարզիկներից բացի այս գիրքը կհետաքրքրի նաև դպրոցականներին, ուսանողներին ու մեծահասակներին:
«Որպես ընթերցող` մեծ հաճույքով եմ կարդացել: Հեղինակը` Դեյվիդ Ռեմնքիքը հրաշալի գրիչ ունի. նա մի հերոսի օրինակով կարողանում է ցույց տալ ամբողջ Ամերիկայի կյանքը: Մենք տեսնում ենք` ինչպես են փոխվում ամերիկյան բարքերը: Գիրքը շատ հետաքրքիր կառուցվածք ունի: Գրքում Ալիին տեսնում ենք մարզահրապարակում, ռեստորանում, իր կնոջ հետ, սևամորթների և մուսուլմանների հետ հարաբերություններում, տեսնում ենք նաև հզոր առյուծին, երբ արդեն չի կարողանում շարժվել. անօգնական ծերուկ է: Իհարկե, նա ուներ օգնականներ, բայց տղամարդու համար անօգնականությունն այն է, երբ ինքը չի կարողանում հոգալ իր կարիքները».-ասել է գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը:
Ըստ Գնել Նալբանդյանի` գիրքը հուզիչ է, ֆինալը` հուսադրող:
Սպորտային մեկնաբան, գրքի վերիֆիկանտ Գրիգոր Ավետիսյանի խոսքով` Հայաստանում չկար բռնցքամարտի վերաբերյալ հետաքրքիր գրականություն: Գիրքը թարգմանելու և հրատարակելու երկրորդ գործոնն այն էր, որ Մուհամեդ Ալին լեգենդար էր, և արժանի էր, որ նրա մասին գիրքը լինի նաև հայերեն:
«Մուհամեդ Ալին խորհրդանիշ էր ոչ միայն սպորտում, այլև Ամերիկայում` հատկապես ռասիստական: Նա պատմության միակ բռնցքամարտիկն է, որը երբևէ չի հայտնվել նոկաուտում: Դա բավականին խոսուն վիճակագրություն է».-ասել է գրքի վերիֆիկանտ Գրիգոր Ավետիսյանը:
Մուհամեդ Ալին այդքան էլ մուսուլման չի եղել: Հիմնական պայքարը ոչ թե կրոնական էր, այլ ռասիստական: Նա պայքարում էր ռասիստական Ամերիկայի դեմ:
Հեղինակն ասել է` Ալին բռնցքամարտի գագաթնակետն էր, և դրա վախճանը: Ալիից հետո բռնցքամարտն այնքան էլ պոպուլյար չէր:
Գիրքը լի է փաստերով ու լուսանկարներով: Մոտ 20 լեգենդար դրվագներ` Ալիի կյանքի տարբեր փուլերից: Գրքում կան ծանոթագրություններ, որոնք օգնում են յուրաքանչյուրին ծանոթանալ այս կամ այն անծանոթ սպորտային տերմիններին, ինչն էլ գիրքն ավելի հասկանալի է դարձնում ընթերցողների համար: