Ինչպե՞ս Ռեյ Բրեդբերին գրեց իր ստեղծագործություններից ամենահեղինակավորը` «451 աստիճան ըստ Ֆարենհայթի», և ինչպե՞ս գիրքը դարձավ այն, ինչ վիճակված էր դառնալ: Այս գիրքն այսօր մեծ քանակությամբ հրատարակվում է ամբողջ աշխարհում:
«Շնորհակալ եմ, Հիտլեր»
Ռեյ Բրեդբերին կինեմատոգրաֆիստների հանդեպ մեծ համակրանք ուներ: Այդ սերն առաջացել էր դեռ մանկուց, երբ նա Լոս Անջելեսից եկած դեռահաս էր, որն իր ազատ ժամանակն ու գրպանի ողջ գումարը կինոթատրոններում էր վատնում: Ասում են` նա մեկ շաբաթում 12 ֆիլմ էր դիտում: Մեր օրերում ֆիլմերից առաջ դուրս է գալիս թրեյլեր, իսկ տարիներ առաջ` ֆիլմերի քրոնիկոն: Հենց այդտեղ` կիսամութ կինոթատրոնում, Ռեյ Բրեդբերին պատմական կադրեր է տեսնում, որտեղ զինվորական համազգեստով մարդիկ կրակի մեջ գրքեր էին գցում: Իսկ եթե աշխարհում կար մի բան, որը պատանուն ավելի էր դուր գալիս, քան ֆիլմերը, ապա դա գրականությունն էր: Նա համալսարան չընդունվեց: Փոխարենը կարծում էր, որ «ավարտել է գրադարանը»: Տարիներ անց նա իր ամենահայտնի վեպի նախաբանում գրեց. «Երբ Հիտլերը գրքեր էր այրում, ինձ մոտ տպավորություն էր, որ, ներեցեք իհարկե, նա մարդ է սպանում: Ի վերջո, մարդիկ ու գրքերը նույն մարմնի պես են»:
«Պայթուցիկների խարույկ
20-ական թվականներին Բրեդբերին արդեն գրող էր ու տարվա ընթացքում 52 պատմություն էր գրում: Որոշները հաջողված էին, որոշները` ոչ, բայց գրչի փորձերն ապարդյուն չէին: Նախ` նա սկսեց վաստակել գրականագետի նման: Իսկ հետո` արդեն 40-ականներին, նա գրեց պատմվածքներ, որոնք անվանեց` «5 պայթուցիկներ»: Այդ «պայթուցիկներից» էլ ծնվեց «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» վեպը: Այդ տեքստերում Բրեդբերին քննարկում էր գրաքննությունը, մշակույթին ու արվեստին սպառնացող վտանգը, մարդկային ամոթն ու, իհարկե, գրքերի ոչնչացումը:
Ռեյն արդեն հանդիպել էր իր կյանքի սիրուն` Մեգգիին, ու նրա հետ տեղափոխվել Կլարկսոն Ռոուդի տուն, երբ նրա գլխում գրքեր այրող հրշեջների պատմությունը ծագեց: Նոր տանն ապրել, դեռևս, անհնար էր. վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: Լոսանջելեսյան գրադարաններում շրջելիս Բրեդբերին պատահմամբ մի սենյակ նկատեց, որտեղ տպագրիչ մեքենաներ կային: Դրանք կարելի էր 1 ժամվա համար վարձակալել 10 ցենտով: Թանաքի հոտով ու ստեղների ձայնով լի այդ սենյակում էլ 49 ժամում ստեղծվեց «Վաղուց կեսգիշեր չէ» ստեղծագործությունը, որը հետո անվանափոխվեց «Հրշեջների»: Բրեդբերիից ևս 4 տարի պահանջվեց` տեքստն ու հերոսներին խմբագրելու ու ապագա գլուխգործոցի առաջին սևագիրը խելքի բերելու համար: Այդ ընթացքում Բրեդբերին ու Մեգգին 2 աղջիկ էին ունեցել, հետևաբար, նա ստիպված էր աշխատել գրադարաններում: Բրեդբերին ընթացքն այսպես էր նկարագրում.
«Օր օրի հարձակվում էի վարձակալած տպագրիչ մեքենայի վրա, շիմպանզեի պես ցատկում էի սեղանից, վազում էի գրադարակների մոտով: Վերցնում էի գրքերն ու թերթում: Մաքրելով գրքերի փոշին` ալերգիա էի ձեռք բերում փոշուց: Հետո ուրախությունից կորցնում էի ինձ, երբ գտնում էի մեկ-երկու արտահայտություն, որոնցով կարող էի համալրել գիրքը»:
«Հարցրեք հրշեջներին»
1953 թվականին Բրեդբերին պատրաստ էր այն հրատարակչին ցույց տալ, բայց նա դեռ չուներ իսկական ու հոգուն դիպչող վերնագիր: Հենց այդ ժամանակ էլ նրա գլխում ապշեցնող միտք ծագեց:
«Ես մտածեցի, որ որպես վերնագիր կարող եմ օգտագործել այն ջերմաստիճանը, որից թուղթը մոխրանում է: Փորձեցի կապ հաստատել տարբեր համալսարանների քիմիկների հետ, որոնք կարող էին ասել ճշգրիտ ջերմաստիճանը: Դիմեցի նաև մի քանի ֆիզիկոսների, ապարդյուն, հետո ձեռքս խփեցի գլխիս՝ հիմար, պետք էր անմիջապես հրշեջներին զանգել»:
Գրողը հետո ժպիտով խոստովանեց, որ ինֆորմացիան նույնիսկ չի էլ ստուգել. իրեն դուր էր գալիս գրքի նոր վերնագիրը:
1953 թվականի հոկտեմբերի 19-ին լույս տեսավ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքը, որը գրավեց ընթերցողներին ու գրաքննադատներին: Այդ ժամանակ արդեն տպագրված էր «Մարսյան քրոնիկոն» գիրքը, սակայն «451 աստիճան ըստ Ֆարենհայթին» գրողի առաջին լուրջ ձեռքբերումն էր, որն իրեն մեծ փառքի արժանացրեց: Մի քանի տասնամյակի ընթացքում վեպը դարձավ հեղինակի ամենաընթերցվող ու տարածվող գիրքն և անմիջապես ներառվեց դպրոցական ծրագրում: Գիրքը մի քանի անգամ էկրանավորել ու բեմադրել են թատրոններում:
Հետագայում առանց հեղինակի իմացության հրատարակչությունը փոփոխված տարբերակն է հրատարակել, որտեղ անցենզուր արտահայտությունները հանված էին, կամ փոփոխված: 13 տարի Ռեյ Բրեդբերին չի իմացել իր վեպի նոր տարբերակի մասին: Ընթերցողները նույնպես գլխի չէին ընկել ու չէին նկատել փոփոխությունները: Թեև Բրեդբերին իր ստեղծագործությունները ֆանտաստիկ ժանրի է դասել, այնուամենայնիվ, հումանիզմին ու հարմոնիային այնքան էլ չի հավատացել: Եվ այսօր, երբ բոլորը գիտակցում են գրականության կարևորության մասին, առաջարկում ենք ընթերցել կամ վերընթերցել «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» հայտնի վեպն ու հիշել, որ «կան ավելի վատ հանցագործություններ, քան գրքեր այրելն է. օրինակ` դրանք չկարդալը»: