1. «Ծաղրասայրակ սպանելը» Հարփըր Լիի
Նախապաշարմունքը կանխակալ կարծիք է, որը հիմնավորված չէ: Սա վեպի գլխավոր թեման է, որի դրսևորումները պարբերաբար արտացոլվում են գրքում: Ռասիզմից մինչև սեքսիզմ, հեղինակը պատմում է սևամորթների ու սպիտակամորթների անհավասարությունների մասին: Մեյքոմբի սպիտակամորթները կարծում են, որ առավել են այդտեղ բնակվող սևամորթներից: Հեղինակը ստիպում է խորհրդածել հանդուրժողականության, արդարության, բարության մասին: |
2. «Ոգիների զավթած աշխարհը» Կառլ Սագան
Աստղաֆիզիկոս Կառլ Սագանն ուսումնասիրում է սատանաների, ՉԹՕ-ների, յեթիների ու նմանատիպ այլ արարածների առեղծվածները: Հեղինակը բացատրում է, թե ինչպես կարելի է իսկական գիտությունը տարբերել կեղծից: Առաջարկում է ծանոթանալ իր ավտոտնակում ապրող վիշապի հետ: Հարևանին պատմում է, որ ավտոտնակում վիշապ է ապրում, որի բերանից կրակ է ժայթքում: Երբ հարևանը գալիս է վիշապին տեսնելու, Սագանն ասում է, որ այն անտեսանելի է: Հարևանն առաջարկում է հատակին ալյուր լցնել, որպեսզի կարողանան հետևել վիշապի ոտնահետքերին: Սագանն ասում է, որ վիշապը թևեր ունի ու թռչում է: Հարևանն առաջարկում է ուլտրակարմիր տեսախցիկով հետևել վիշապին ու ֆիքսել բերանից թափվող կրակը: Իսկ Սագանն ասում է, որ վիշապի կրակը տաքություն չունի, տեսախցիկով ֆիքսել հնարավոր չէ: Սագանը ցանկացած գիտական թեստի պատասխանում է հակադարձ պնդմամբ: |
3. «Սպանդանոց N5» Կուրտ Վոնեգուտ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի կամավորին գերմանացիները գերի են վերցնում: Բիլի Փիլգրիմը հրաժարվում էր կռվել ու դեմ էր պատերազմին: «Սպանդանոց N5»-ը Վոնեգուտի ինքնակենսագրական վեպն է Դրեզդենի ռմբակոծությունների մասին: Վոնեգուտը ոչնչացնում է անցյալի ու ներկայի, պատերազմի ու խաղաղության, իրականի ու երևակայականի, հիմարության ու սթափության միջև եղած սահմանը: |
4. «Խիզախ նոր աշխարհ» Օլդոս Հաքսլի
Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, չկա ընտանիք հասկացությունը, և սպառողական հասարակությունն իր զարգացման գագաթնակետին է հասել: Վեպում առանցքային են քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական կերպարները, որոնք հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչներին: Հաքսլիի վեպն առանձնանում է ապագայի ահազդու նկարագրով: |
5. «Կյանքի իմաստը փնտրելիս» Վիկտոր Ֆրանքլ
Տառապանքներից խուսափել անհնար է. Ֆրանքլը պատմում է տառապանքներին զուգահեռ ապրելու, դրա մեջ իմաստ փնտրելու ու հույսը չկորցնելու մասին: Ֆրանքլի տեսությունը կոչվում է «լոգոթերապիա»` հունարեն «իմաստ» բառից: Մարդիկ իրենց կյանքի իմաստը հաճախ շփոթում են հաճույք ստանալու հետ: Բայց կարևորը հաճույքները չեն` այլ այն բացահայտումները, որոնք մեր կյանքը իմաստալից են դարձնում: Վիկտոր Ֆրանքլի գիրքը համարվում է բոլոր ժամանակների ազդեցիկ գրքերից մեկը: |