Չէր երազում մեռնել բեմի վրա, թաղվել Հայաստանում: Չուներ ոչ թիկնապահ, ոչ մուգ ապակիներով մեքենա, ոչ էլ կուսակցական տոմս:
Իսկ թե ինչու, հայի սրտով ֆրանսիացին` Շառլ Ազնավուրը պատմում է իր վերջին` Կյանքից կառչած գրքում:
Կյանքը սիրող, կյանքին տրված ու կյանքից կառչած` արտիստի մասին է Նյումեգ ընկերության թարգմանած այս գիրքը: Ազնավուրի դժբախտությունը, հաջողությունն ու երջանիկ հանդիպումները ամբողջացել են նրա վերջին ինքնակենսագրականում:
Ազնավուրի 9-րդ գիրքի հայերեն հրատարակությունը ունի հատուկ նախաբան: Այն գրել է ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը: Իսկ գիրքը թարգմանել է շանսոնյեի հետ բազմիցս հանդիպած հեռուսատլրագրող Արտակ Հերիքյանը:
Փարիզում, Մոսկվայում, Ժնևում ու Երևանում կայացած հանդիպումների ընթացքում ծնված հարցազրույցներն էլ զետեղվել են գրքում: Հարցազրույցներ, որոնք կբացահայտեն, թե ինչու էր Ազնավուրը ամեն օր գնում լողավազան, երբ լողալ չգիտեր: Ինչու էր միշտ շարժվում հոսանքին հակառակ, ու չէր անցնում տրորված ճանապարհներով:
Թարգմանիչը շեշտում է` ընտրել է այնպիսի հարցազրույցներ, որոնք կամբողջացնեն Ազնավուրի գիրքը կամ ավելի հասկանալի կդարձնեն գրքում եղած մտքերը:
Ազնավուրի մտքերը և նրա հետ զրույցները կամբողջացնեն ընթերցողի պատկերացումները 100 տոկոս հայի և 100 տոկոս ֆրանսիացու մասին: Կպատմեն գաղթականի որդու մասին, որը դարձավ դարի մեծագույն արտիստը և բեմին նվիրեց իր կյանքի 94 տարիներից 85-ը:
Արփի Մուրադյան