Թուրքիան կոլեկտիվ ամնեզիայի երկիր է. Էլիֆ Շաֆաք

Կարդացեք կին գրողների, կին լրագրողների, կին պոետների, կին ակադեմիկոսների,-ասում է թուրք գրող Էլիֆ Շաֆաքը, որի «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» գիրքը 2019 թվականի Բուքեր մրցանակի հավակնորդներից էր: –Եվ, երբ ասում եմ կին, նկատի ունեմ կանաց՝ անկախ նրանց էթնիկ կամ մշակութային պատկանելությունից»:


Որո՞նք են ձեր սեղանի գրքերը:

Է. ՇԱՖԱՔ – Դրանք հաճախ են փոփոխվում, բայց սովորաբար ունենում եմ մեկ գեղարվեստական և մեկ ոչ գեղարվեստական գիրք: Սիրում եմ փոխել կարդալու հերթականությունը, սիրում եմ երբ դրանք խոսում են մեկը մյուսի հետ: Ու միշտ ունեմ Վոլտեր Բենջամինի «Arcades Project» գիրքը, որը չափազանց հետաքրքիր, անավարտ գիրք է: Կարող ես պատահական որևէ հատված բացել ու սկսել կարդալ՝ լինի մեջտեղից թե վերջից: Չկա ավելի հաճելի բան քան այդ գիրքը կարդալն ու քնելը. ամենավառ երազները կտեսնես:

Ո՞րն է ձեր կարդացած վերջին ամենալավ գիրքը:

Է. ՇԱՖԱՔ – Շուշաննա Զուբովի «The Age of Surveillance Capitalism»-ը: Այն կարևոր, լավ հետազոտած, ինֆորմատիվ գիրք է: Երկար ժամանակ ինտերնետն ընկալվել ու ներկայացվել է, որպես չեզոք, բայց նաև առաջադեմ հարթակ, որը կնպաստի ժողովրդավարության, փոխկապակցվածության և էգալիտարիզմի զարգացմանը: Բայց իրականությունն այլ է: Զուբովը ցույց է տալիս թե ինչպես է կապիտալիզմը խարխլվում՝ ի վերջո, ոչնչացնելով ոչ միայն ազատ կամքը այլև ժողովրդավարությունը: Պարզ է, որ հիմա ապրում ենք այնպիսի դարում, որ պետք է իմանալ թվային տեխնոլոգիաների մութ կողմերը: Մենք, անշուշտ, կարգավորող ինստիտուտների կարիք ունենք: Բայց ամենից առաջ պետք է հասկանանք խնդրի լրջությունն ու բարդությունը: Եվ այդ հարցում կօգնի այս գիրքը:

Ո՞րն է ձեր սիրած գիրքը, որի մասին քչերը գիտեն:

Է. ՇԱՖԱՔ – Հայ ֆեմինիստ գրող և մտածող Զաբել Եսայանի «Ավերակներուն մեջ» ողբերգությունը: Նա փայլուն մտքի տեր կին էր և կարծես ժամանակից առաջ ընկած լիներ: Սա շատ կարևոր տարեգրություն է: Շատ կարևոր ընթերցանություն: Նման գրողները շատ են, որոնք հայտնի են իրենց հայրենիքում, սակայն թարգմանված չեն: Օրինակ՝ Նատալիա Գինսբերգը:

Ի՞նչ ժամանակակից գրողների, պոետների, լրագրողների կամ քննադատների եք հետևում

Է. ՇԱՖԱՔ – Սիրում եմ գրողների, որոնք ռիսկի են գնում: Հարգում եմ նրանց, ովքեր համարձակվում են հոսանքին հակառակ լողալ, հրաժարվում են ընդունել կամ գրել նույն ոճով: Շատ գրողներ, պոետներ ու լրագրողներ կան, որ խորը հարգանք եմ տածում ու ինձ չի հետաքրքրում՝ նրանք արդեն կայացած գրողնե՞ր են, թե՞ դեռ նոր են գիրք հրատարակել: Ամեն մեկն ունի կյանքի իր մարտահրավերները:

Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք կարդալ մի մարդու, որն ուզում է ճանաչել ներկայիս Թուրքիան:

Է. ՇԱՖԱՔ – Միանշանակ խորհուրդ կտամ կարդալ կին գրողների: Կարդացեք կին գրողների, կին լրագրողների, կին պոետների, կին ակադեմիկոսների: Եվ, երբ ասում եմ կին, նկատի ունեմ կանաց՝ անկախ նրանց էթնիկ կամ մշակութային պատկանելությունից՝ լինի թուրք, քուրդ, հայ, հրեա թե հույն: Թուրքիան կոլեկտիվ ամնեզիայի երկիր է: Կարդացեք նրանց, ովքեր լռության ականատեսներ են:

Որո՞նք են ձեր սիրած թուրք գրողները: Կա՞ն այնպիսիք, որ չունեն այն հայտնիությունը, որին արժանի են: Հատկապես ո՞ւմ խորհուրդ կտաք:

Է. ՇԱՖԱՔ – Թալաթ Հալմանի «A Millennium of Turkish Literature»-ն է լավ գիրք: Կարդալով Նազիմ Հիքմեթին կպատկերացնեք թե ինչ է ազատության համար տառապանքը:

Ի՞նչ եք կարդում երբ որևէ գրքի վրա եք աշխատում և ինչի՞ց եք խուսափում:

Է. ՇԱՖԱՔ – Մինչև վեպ գրելը, սկսում եմ հետազոտություններ անել ու, մեծ հաշվով, կարդում եմ ընտրածս թեմային առնչվող ամեն ինչ: Ակադեմիայում անցկացրած տարիներն ինձ սովորեցրել են կարգապահ լինել ու կախված նրանից, թե ինչ եմ ուզում գրել, կարդում եմ շատ ու գրում շատ: Կլինի Օսմանյան կայսրության ճարտարապետության մասին, հազվադեպ թռչուններից մինչև Ստամբուլի մարմնավաճառներ: Հետո էլ վեպեր չեմ կարդում, երբ սկսում եմ իմ վեպը գրել: Միայն պոեզիա եմ կարդում: Հատկապես Ուոլթ Ուայթմեն, Խալիլ Գիբրան, Աննա Ախմաթովա և Ռումի: Սիրում եմ նաև Մայա Անգելոու ու պետք է ասեմ, որ իմ սրտում առանձնահատուկ տեղ ունի Օդրի Լորդը:

Ի՞նչն է ձեզ ուժ տալիս:

Է. ՇԱՖԱՔ – Ձայնը, առաջին հերթին: Պատմելու արվեստն ու ամբողջ գեղագիտությունը: Սիրում եմ սրտի ու մտքի վալսը: Մտքի պեսիմիզմն ու սրտի օպտիմիզմը ինչպես Գրամշին է ասում:

Ի՞նչ ժանրի գրքեր եք նախընտրում կարդալ ու որո՞նք են ձեր չսիրած ժանրերը:

Է. ՇԱՖԱՔ – Կարդում եմ այն ամենն, ինչ խոսում է ինձ հետ՝ քաղաքական, փիլիսոփայական, նյարդագիտական կամ պատմամշակութային: Կոմիքսներ ու խոհանոցային գրքեր էլ եմ սիրում: Կախված է թե ինչ է ինձ հետաքրքրում այդ պահին. նստում եմ ու սկսում կարդալ: Ինձ մոտ չկա «բարձրարժեք» կամ «ցածրարժեք» գրականություն. երբեք չեմ հասկացել այդ որակումների իմաստը: Ինձ համար մեկ ոսկե կանոն կա՝ փորձում եմ ամեն ինչ կարդալ: Այնպես որ նույն մտավոր կոնֆորտ զոնայի մեջ չմնալու համար ճանապարհորդում եմ ժանրերով ու մշակույթներով:

Ո՞վ է ձեր սիրած հերոսը կամ հերոսուհին ու հակահերոսը:  

Է. ՇԱՖԱՔ – Օրլանդոն բոլոր ժամանակների իմ սիրած հերոսն է: Դուր է գալիս նաև այն փաստը, որ Վիրջինիա Վուլֆն այս գիրքն անվանում է «կենսագրական»: Սիրած հակարոսը, իհարկե, Ջեյ Գեթսբի: «Մեծն Գեթսբին» գիրք է, որ ժամանակ առ ժամանակ ուզում ես վերադառնալ ու նորից ընթերցել:

Եթե հնարավորություն ունենայիք հանդիպել որևէ գրողի՝ ողջ թե կենդանի, ո՞ւմ կցանկանայիք հանդիպել:

Է. ՇԱՖԱՔ – Կուզեի Սպինոզային հանդիպել: Նա ապշեցնող միտք ունի: Ջեյմս Բոլդուինին էլ կուզեի տեսնել: Հուզվում եմ, երբ կարդում եմ նրա գործերը կամ լսում իր ձայնը: Հետո, իհարկե, Շամս Տաբրիզին: Եթե այս երեքին միաժամանակ հանդիպեի շատ լավ կլիներ:

Կա՞ գիրք, որ թվացել է պետք է հավանեիք, բայց դուր չի եկել: Կհիշե՞ք՝ ո՛ր գիրքն եք անավարտ թողել:

Է. ՇԱՖԱՔ – Երբ գիրքն անավարտ եմ թողնում, ուրեմն ինձ հետ մի բան այն չէ. ուրեմն գլուխս է խառը: Կան գրքեր, որ միանգամից չեմ կարողացել ընթերցել, բայց մի քանի շաբաթ հետո նորից եմ փորձել ու շատ սիրել: Օրինակ Էլեանոր Քաթթոնի «The Luminarie»-ը:

Կա՞ն գրքեր, որ ամաչում եք, որ դեռ չեք կարդացել:

Է. ՇԱՖԱՔ – Դժվարանում եմ ասել: Եթե կա մի գիրք, որ ամաչում եմ, որ դեռ չեմ հասցրել կարդալ, ապա գնում ու կարդում եմ: Բայց այդտեղ ոչ մի ամոթալի բան չկա: Այնքան շատ գրքեր կան, որ կարելի է անընդհատ կարդալ:

Ո՞ր գիրքն եք կարդալու հաջորդիվ:

Է. ՇԱՖԱՔ – Շատ եմ ուզում կարդալ Ռոբերտ Մակֆարլեյնի «Underland: A Deep Time Journey»-ը:

Ինչո՞ւ է գրադարանի գրքերում կնիքը միշտ դրվում 17-րդ էջում

January 17, 2020

«Աղջիկը լաբիրինթոսում» ֆիլմը` մեծ էկրանին. ռեժիսորը դարձյալ գրող է

January 17, 2020