«Մեդուզա» կայքի տեսաբանն ու «Սկոլկովո» բիզնես-դպրոցի դասախոսը խոսել է վերջին տասնամյակում գրաքննադատների դերի փոփոխության մասին և ասել` թե ո՞վ պետք է ուղղություն տա ընթերցողներին` գրքային նորությունների ինֆորմացիոն դաշտում:
-Ինչո՞ւ գրականության ներկա վիճակը դուք անվանեցիք «տափակ աշխարհ»:
-Գրականության ու գրաքննադատության դաշտում վիճակը նկարագրելու համար ես օգտագործեցի «տափակ աշխարհ» մետաֆորը, որը ծանոթ է Թերրի Փրատչեթի ընթերցողներին: Իր վեպերում տիեզերքը 4 հսկայական փղերի վրա է, որոնք կանգնած են կրիայի պատյանին:
Նախ հիշեցնեմ, որ հենց «քննադատություն» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «դատել», «որոշել»: Ռուսաստանում գրաքննությունը քաղաքական ու հասարակական գործիչների մի մասն է եղել: Այն, որ այսօր` 150 տարի անց մենք հեշտորեն ճանաչում ենք 19-րդ դարի գրաքննադատության «աստղերին», փաստում է այն մասին, որ քննադատությունը չափազանց կարևոր է եղել հասարակական, հանրային, գեղարվեստական ու գիտական աշխարհում:
-Ի՞նչ է կատարվում այսօր գրական աշխարհում: Կարելի՞ է ասել` ահա` գրականությունը, և ահա` իրական կյանքը:
-Կարծում եմ` այսօր գրականության ու իրական կյանքի միջև սահմանն ավելի նկատելի ու ճշգրիտ է: Ռուսաստանում գրականությունը բավականին երկար ժամանակ ծառայել է որպես փոխարինող` սկսած լրագրությունից մինչև հոգեբանություն: Սովետական շրջանում գրաքննադատները վերածվել էին վտանգավոր ֆիգուրների, որոնց գնահատականից էր կախված ստեղծագործողի գրական կյանքը: Հիմա ամեն բան այլ է. կարող ենք գրականության մասին խոսելիս, հենց գրականության մասին խոսել, այլ ոչ թե մեկ այլ բանի:
-Դուք չեք քննադատում գրական ստեղծագործությունները, այլ միայն խորհուրդ եք տալիս բաներ, որոնք արժանի են ընթերցողի ուշադրությա՞նը:
-Գրաքննության մասին անցյալի պատկերացումներն ընդհանրապես չեն համապատասխանում այսօրվա պատկերացումներին: Մեր մասնագիտությունը 15-20 տարվա ընթացքում մեծ փոփոխությունների է ենթարկվել: Գրաքննադատներն այլևս վախ չեն ներշնչում և այլևս ամենակարող չեն: Նրանք ընդհանրապես գոյություն չունեն ու չեն գրում գրականություն` գրականության մասին, որը հասարակության շրջանում մեծ քննարկումների կհանգեցնի: Սա կապված է գրականությունում, ինչպես նաև մշակույթում կատարված գլոբալ փոփոխությունների հետ: Դարեր շարունակ մշակույթը` ցածրի ու բարձրի, իսկ գրականությունը` դասականի ու զանգվածայինի բաժանող հիերարխիան անհետացել է: Այն ժամանակ հարկավոր էին փորձագետներ, որոնք կորոշեին գրական ստեղծագործության ճակատագիրն ու կազդեին ընթերցողի ընտրության վրա:
-Ե՞րբ և ինչո՞ւ անհետացավ հիերարխիան:
-Հիերարխիաները հենց այնպես չեն կործանվում. դրա համար պատճառների մի ամբողջ շարք կար: Դրանցից շատերը վերաբերվում էին սոցիալական կյանքին և ձևավորվել էին Միացյալ նահանգներում, որտեղ էլ հենց տեղի ունեցավ էլիտայի փոփոխություն: Մինչև 1980 թվականը, արտոնյալ դասում հայտնվել հնարավոր էր ընդամենը 2 ճանապարհով` կամ պետք է ծնված լինեիր էլիտար ընտանիքում, կամ էլ մեծ արագությամբ բարձրանայիր սոցիալական կյանքի «վերելակով»:
Յուրաքանչյուրս նույն գիրքը կարդում ու հասկանում ենք տարբեր ձևերով` հիմնվելով կյանքի` մեր սեփական փորձի վրա, կամ նրա վրա, թե ինչ եղանակ է դրսում և այլն: Այս դեպքում չենք կարող գրքերը բաժանոլ 2 մասի. բարձրակարգ ու զանգվածային մշակույթը կորցրել են իրենց սահմանները: Այսօր մշակութային նախընտրությունները ոչինչ չեն ասում մարդու կարգավիճակի մասին:
-Ինչով է սա կապված այն բանի հետ, որ գրաքննությունը կորցրել է դատավորի իր դերը, որը որոշում էր այս կամ այն ստեղծագործության որակը:
–Մեր օրերում մշակույթի մասին խոսող յուրաքանչյուր մարդ դառնում է գրաքննադատ: Յուրաքանչյուրս ստացել ենք քննադատելու և ցանկացած թեմայի մասին հրապարակային արտահայտվելու փաստացի իրավունք, և սա հիմնականում կապված է սոցցանցերի արագ տարածման հետ: Մենք ապրում ենք ծանր ու տհաճ ժամանակներում, երբ բոլոր գրքերը դարձել են նույնը, որովհետև յուրաքանչյուրն այնտեղ գտնում է ինչ-որ յուրահատուկ բան: Գրքերի մասին կարծիքները նույնպես արդեն նույնն են: Գիտնականի ու գրականագետի կարծիքներն ու դիտարկումներն ունեն նույն դիտելիությունը, որքան սովորական դպրոցականի` Ցվետաեվայի բանաստեղծությունների մասին գրած կարծիքը իր բլոգում:
Երբ ասում եմ, որ աշխարհը տափակ է դարձել, նկատի ունեմ մերօրյա այս ստանդարտներն ու իրականությունը: Հիմա, երբ ինչ-որ մեկը որոշում է Դոստոևսկի կարդալ, փնտրում է համացանցում դրա մասին կարծիքներ, որպեսզի հասկանա` արժի՞ այն կարդալ, թե՞ ոչ: Եվ այսպես Դոստոևսկին ոչ միայն հավասարվում է Դոնցովային, այլև, օրինակ, արդուկին. արդուկ գնելիս մենք էլի կարդում ենք կարծիքներ դրա մասին:
-Ինչպե՞ս է ձևավորվում ընթերցողի ընտրությունը:
-Այսօր բոլորը տարբեր բաներ են կարդում: Ոչ մի սկզբունք այլևս չկա: Նախկինում 2 ինստիտուցիաներ էին ձևավորում ակտուալ ու արդիական կանոն` գրականական պարգևատրումներ և որակավորված գրականական քննադատություն: Հիմա մենք վստահում ենք հրատարակիչների, անկախ գրախանութների, բլոգերների, հայտնիների ու թարգմանիչների առաջարկություններին ու ռեվյուներին:
-Ի՞նչ սկզբունքով եք գրքեր ընտրում «Մեդուզա»-ի համար:
-Ամաչում եմ բարձրաձայնել, բայց հաճախ ես գրում եմ այն գրքերի մասին, որոնք ինձ դուր են գալիս: Ուրիշ ոչ մի սկզբունք ու չափորոշիչ ես չունեմ. վաղուց դադարել եմ հավատալ դրանց գոյությանը: Որպես արդարացում կարող եմ ասել, որ կարդում եմ վաղուց ու շատ, այդ պատճառով էլ ինձ մոտ մասնագիտական ինտուիցիան աշխատում է: Գրականության մեջ շատ բաներ ես ի սկզբանե զգում եմ, հետո նոր սկսում ռացիոնալ կերպով բացատրել: Բացի այդ, ես ունեմ նախընտրությունների մեծ սպեկտր և հազվադեպ եմ գրում մի բանի մասին, ինչն իմ մեջ կենդանի զգացողություններ չի առաջացնում:
Անի Սողոյան