Նավթային գեներալի կյանքն ու կենսագրությունը` հայտնի ու դեռևս անհայտ փաստերով` կարելի է արդեն կարդալ հայերեն ու ռուսերեն:
Աշխարհահռչակ գործարար, բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» ընկերությունը:
«Մշտապես երազել եմ գրքեր հրատարակել մեր բարերարների, մեծերի մասին, որոնցից, անկասկած, ամենամեծը հենց Գալուստ Գյուլբենկյանն է: Նախորդ տարի մեր հրատարակչությունը հայերեն թարգմանեց, այնուհետև հանրության դատին հանձնեց Քըրք Քըրքորյանի մասին պատմող Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» գիրքը, որը շատ մեծ արձագանք գտավ ու դարձավ ազգային բեսթսելեր: Վստահ ենք, որ Գյուլբենկյանի մասին այս գիրքն էլ նման հաջողություն կունենա»,- ասում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը:
Ջոնաթան Քոնլինի՝ այս տարվա հունվարին հրատարակած և արդեն բեսթսելեր դարձած այս գիրքը բացահայտում է աշխարհի ամենահարուստ հայի՝ Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը:
Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը շեշտում է` անձամբ ճանաչել է Քոնլինին, ու կարող է վստահաբար ասել, որ հեղինակը գիրքը գրելիս մանրակրկիտ ուսումնասիրություն է արել: «Պարոն հինգ տոկոս» գրքում նավթային հսկայի մասին կան այնպիսի բացահայտումներ, որ մինչև այս պահը հայտնի չեն եղել անգամ Գյուլբենկյանի ընտանիքին:
Արփի Մուրադյան