Գրող Ջորջ Մարտինը իր բլոգում պատմում է, թե ինչպես է ժամանակ անցկացնում կարանտինի մեջ, ինչ է անում կորոնավիրուսից պաշտպանվելու համար։
Մարտինը «Տարօրինակ օրեր» վերնագրով նոթեր է գրել, պատմել է, որ այժմ գտնվում է Նոր Մեքսիկայում: Նրա խոշոր նախագծերը՝ Meow Wolf զվարճանքի պարկը և Jean Cocteau կինոթատրոնը, այս պահին համավարակի պատճառով փակ են։ Stagecoach Foundation-ը նույնպես ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Ջորջ Մարտինը հայտարարել է, որ չնայած այդ ամենին, շարունակում է վճարել իր աշխատակիցների աշխատավարձը։
Գրողը ասել է, որ այս իրավիճակը կշարունակվի այնքան, քանի դեռ ԱՄՆ-ում համաճարակաբանական իրավիճակը չի բարելավվել:
Ինքնամեկուսացված գրողի կարծիքով՝ կարանտինում ամենահաճելի զբաղմունքը ընթերցանությունն է։ Թեև Մարտինը չի կարդում, այլ՝ գրում է։
«Անկեղծ ասած, ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Ուեսթերսում, քան իրական կյանքում, ամեն օր գրում եմ: Յոթ թագավորություններում ամեն ինչ բավականին մռայլ է … բայց միգուցե ոչ այնքան մռայլ, որքան իրականությունն է»:
Գրողը երկրպագուներին չի պատմել, թե ինչ է հիմա գրում։ Բայց բոլոր ընթերցասերները Մարտինին ուրախությամբ առաջարկել են ավարտել «Գահերի խաղ» շարքից վեցերորդ մասը՝ «Ձմռան քամին» գիրքը: Ջորդ Մարտինը այս գրքը սկսել է գրել ավելի քան ութ տարի առաջ։
Երկրպագուները հետաքրքրվել են գրողի առողջական վիճակով։ Ջորջ Մարտինը նրանց վստահեցրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է։
«Ես գիտակցում եմ, որ տարիքիս և ֆիզիկական վիճակի պատճառով ես ռիսկի խմբում եմ, բայց հիմա ինձ լավ եմ զգում և արդեն ձեռնարկել եմ հնարավոր բոլոր նախազգուշական միջոցները: Ես ապրում եմ մենակ, շփվում եմ միայն մեկ աշխատողի հետ, քաղաք դուրս չեմ գալիս և ոչ մեկի հետ չեմ հանդիպում»:
Մարտինը իր ուղերձը ավարտել է բոլորին առողջություն մաղթելով։ Գրողը վստահ է, որ աշխարհը միասնական ջանքով կհաղթահարի համավարակը։
Արփի Մուրադյան