Հուլիսի 8-ին Լոնդոնի Royal Festival Hall-ում Բուքերյան մրցանակի հանձնաժողովն անվանեց վերջին 50 տարվա լավագույն գիրքը:
Մայքլ Օնդատժեի «Անգլիացի պացիենտ»-ը ճանաչվեց վերջին 50 տարում անգլերեն գրված լավագույն ստեղծագործություն` Օնդատժեին դարձնելով Ոսկե Բուքերի դափնեկիր:
Բրիտանական Բուքերը 50-րդ տարելիցի առթիվ հրապարակել էր վերջին 50 տարիների 5 լավագույն հեղինակներից կազմված շորթլիսթը, որտեղ Բուքերյան ժյուրին մեկական լավագույն գիրք էր ընտրել 1969-ին Բուքերյան մրցանակի հիմնադրումից ի վեր յուրաքանչյուր տասնամյակի համար: Ցանկում ընդգրկվել էին համաշխարհային բեսթսելլեր դարձած գրքեր, որոնք Բուքերից բացի մի շարք հայտնի մրցանակների դափնեկիր են: Շորթլիսթում ընդգրկվել էին Վիդիադհար Նայպոլի «Ազատ պետությունում» վեպը, Պենելոպա Լայվլիի «Լուսնային վագրը», Մայքլ Օնդատժեի «Անգլիացի պացիենտ»-ը, Հիլարի Մենթելի «Գայլի սրահ»-ը և Ջորջ Սոնդերսի «Լինկոլնը Բարդոյում» վեպերը:
90-ականների գլխավոր գիրքը կանադացի գրող Մայքլ Օնդատժեի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ «Անգլիացի պացիենտ» գիրքն է, որը սկսվում է Իտալական գյուղի ռմբակոծությամբ: Հեղինակը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին: