Հայտնի ամերիկացի գրող Հանյա Յանագիհարան The Guardian-ին պատմել է վերջին շրջանում իրեն մտահոգող երևույթների մասին:
Վերջերս մտածում էի «քաջություն» բառի ու դրա նշանակության մասին: Ո՞վ կամ ովքե՞ր են «քաջերը»: Ի՞նչ է քաջությունը: Պատերազմ գնա՞լը, հիվանդության դեմ պայքարե՞լը, սեռական կողմնորոշման մասին հայտարարե՞լը, ո՞րն է քաջությունը: Այդպես մենք ծաղրո՞ւմ ենք իշխանությանը, թե հակառակը` մեծարում ենք:
Ժամանակի ընթացքում այս բառի նշանակությունը փոխվել է: Դեպի լավ, թե` վատ. դժվար է ասել:
Ես սկսեցի մտածել այս բառի մասին, երբ ընթերցողներիցս մեկն ասաց, որ իմ գիրքը քաջության մասին է: Ամեն դեպքում շնորհակալություն հայտնեցի, չնայած մտքում փորձում էի հասկանալ թե հենց ինչն է դրդել նրան այդ բառով բնորոշել գիրքս: Փորձեցի մտածել, թե ի՞նչ է նկատի ունեցել քաջություն ասելով: Կարծում էի, որ գուցե նրանով է պայմանավորված, որ գիրքն անսպասելի տպագրվեց: Ի՞նչ նկատի ունենք երբ ասում ենք` այս վեպը քաջ է, կամ քաջության մասին է:
Վեպը կարող է իր ժանրում կատարյալ լինել, ունենալ տրամաբանորեն կառուցված տեքստ, սակայն ամենահիշվող գրքերը նրանք են, որոնք դուրս են այդ կառուցվածքներից, ընթերցողին սովորեցնում են սխալներ գործել ու լինել ինքնավստահ, պահանջկոտ:
Առաջին գիրքս գրելուց առաջ Նյու Յորքում խմբագրիս հետ էի զրուցում: Խորհուրդ տվեց այնպես գրել, որ ընթերցողը չհուսահատվի: Երկար մտածեցի ու հասկացա, որ շատ բաներ կարող են ազդել ընթերցողի վրա և հուսահատեցնել: Որպես ընթերցող, ինչի՞ համար ենք գիրք կարդում: Միթե չենք կարդում հենց հուսահատվելու համար:
Վեպերը խոսում են կյանքի, դրա իմաստի մասին, ի՞նչ է նշանակում լինել մարդ, գոյություն ունենալ: Գրքերը միտված չեն մարդկանց հիասթափեցնելու, սակայն ինչ-որ տեղ դրանք հենց դա են անում: Ստիպում են մտածել և վերանայել կյանքը: Իսկ ո՞րն է գրողի քաջությունը, որտեղ է այն դրսևորվում: Քաջությունն այն է, երբ ընթերցողը վստահում է գրողին և վստահ մտնում է գրողի ստեղծած աշխարհը: