«Արևիկ» հրատարակչությունը և ARI Literature Foundation–ը Հայաստանում բուլիինգի իրազեկման վերաբերյալ նոր ծրագիր են սկսել:
Այդ ծրագրի շրջանակում հայերեն է թարգմանվել ու հրատարակվել ամերիկացի գրող Ջաքլին Վուդսոնի «Ամեն բարություն» գիրքը:
«Որոշեցինք թարգմանել հենց այս գիրքը ոչ թե նրա համար, որ այն բեսթսելլեր է, այլ որովհետև հրաշալի պատմություն է: Ուսումնասիրությունների ընթացքում հասկացանք, որ մեր դպրոցներում կա «բուլլինգ» կոչվող երևույթը: Ցանկացանք, որ Հայաստանում բուլլինգին աշակերտներն ու ուսուցիչները ծանոթանան հենց այս գրքի միջոցով», -նշում է Արևիկ հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը:
Գրքի խմբագիրը հենց Սաբեթ Հովհաննիսյանն է: Վստահ է՝ ընթերցողը կսիրի ոչ միայն այս հրաշալի պատմությունը, այլ այն գեղեցիկ նկարազարդումները, որ կան գրքում: Ջաքլին Վուդսոնի «Ամեն բարություն» գիրքը նկարազարդել է Էրլ Բրեդլի Լյուիսը:
Գիրքը հայերեն է թարգմանել ամերիկաբնակ Լիլիթ Բոյամյանը: Սաբեթ Հովհաննիսյանը շեշտում է՝ թարգմանչի ընտրությունը ևս պատահական չի եղել: Ամերիկյան մշակույթին ու կենցաղին ծանոթ թարգմանիչը, հայերեն է վերարտադրել այնպիսի երևույթներ, որոնք տիպիկ ամերիկյան են:
Գիրքը Մայա անունով աղջկա մասին է, որը դպրոցում ինտեգրվելու խնդիր ունի: Հասակակիցները չեն ցանկանում խաղալ նրա հետ: Մի օր Մայային դասընկերները այլևս չեն տեսնում դպրոցում: Նրա ընտանիքը տեղափոխվում է:
Դասի ընթացքում երբ ուսուչցուհին խոսում է բարության ու դրա կարևորության մասին, Մայայի դասընկերուհին՝ Քլոին նեղսրտում է, որ կորցրել է բարություն անելու իր հնարավորությունը: Նա ափսոսում է, որ Մայային իր սրտում տեղ չի տվել:
Նյուբերի Պատվո մրցանակի արժանացած Վուդսոնը և Քալդեքոտ Պատվո մրցանակի արժանացած Լյուիսը ստեղծել են հուզիչ մի պատմություն, որը հզոր պատգամ է և երկար մտածելու առիթ է տալիս ընթերցողին:
Արփի Մուրադյան