Երևանի հանդեպ իմ սերը, ցավոք, միակողմանի էր. Ժան-Շա Թեքգյոզյան

Արձակագիր Ժան-Շա Թեքգյոզյանը (Հովհաննես Թեքգյոզյան) 5 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 9 լեզուներով, իսկ «Փախչող քաղաքը» վեպը տպագրվել է Թուրքիայում, Ֆրանսիայում և Կանադայում: Ժան-Շա Թեքգյոզյանը BESTSELLER-ի հետ զրույցում պատմել է Հայաստանից հեռանալու և նոր գրական անվամբ Ստրասբուրգում հաստատվելու մասին:


– Հովհաննե՞ս, թե՞ Ժան-Շա Թեքգյոզյան, ինչո՞ւ փոխվեց գրական անունը, չէ՞ որ Հայաստանում քեզ առաջինով գիտեն։

ԺԱՆ-ՇԱ –  Բառեր կան, որոնք, խորություն չունենալով, անտանելի կենսունակ են․․․ «Գրական անո՜ւն․․․» երկու տափակ, ծամոն բառ․․․  Չգիտես ինչու ինձ միշտ թվացել է, թե «Գրական« բառի հոմանիշը կոստյումն է՝ էն էլ լայն թևքերով, գեշ, սովետական արտադրության․․․ Գրողների միությունների նման հիմնարկներում էդպիսի կոստյումները թափած են․․․ Լավ, գրականը հասկացանք՝ կոստյում-բառ է․․․ Բա անո՞ւնը․․․ Պիտակ է էլի, որ ճպացնում են մի բանի համար՝ տարբերակելու․․․ Ես էլ մտածեցի տարբերակվելը՝ տարբերակվել․․․ Որ մարդկանց լեզուները քանդուքարափ չլինի ու ստիպված չլինեն իմ թիկունքում անընդհատ անունս հարցնել՝ Հովհաննեսը թարգմանեցի, դարձավ Ժան։ Բայց ես հո սովորական Ժան չէի կարող լինել, ֆիքըստուլ եմ չէ՞․․․ Հենց էդ ժամանակ էլ հիշեցի «Մաշկացավ« վեպի կատվին (թարգմանաբար՝ Շա) ու դարձա Ժան-Շա Թեքգյոզյան․․․

 – «Փախչող քաղաքից» հետո ստացվեց այնպես, որ հիմա դու ես, փաստորեն, փախել այդ նույն քաղաքից։ Ինչպե՞ս սա կբացատրես, արդյոք դա այդպես է։

ԺԱՆ-ՇԱ –  Իմ լեզվի ու ներսիս միջև գրեթե տարբերություն չկա։ Գրեթե։ Համենայն դեպս ներսում եղածս պիտի դուրս տամ, արտահայտեմ։ Բայց  տասը տարի առաջ, երբ ինձ հետ հոգեվոր․ ծանր վթար տեղի ունեցավ, պարզեցի մի տարական բան․ ինչքան էլ վիրավորված, խոշտանգված ու ոչնչացված լինեմ՝ վատություն անել չեմ կարող։ Չէ, հանկարծ չկարծեք թե հրեշտակ եմ, էն ՝էլ քաչալ․․․ Չէ․․․ Բա՞․․․ Ստիպված հետ նայեցի ու հասկացա, որ վատին՝ վատով չպատասխանելու պատճառը ցեղական է․․․Էս էն հայուգենի պատմության հետ չխառնե՜ք․․․ Լավ, իսկ ի՞նչ են արել իմ նախնիները, մանավանդ վերջին հարյուր տարում․ անընդհատ փախել են․․․ Փախչելը սովորաբար  վախկոտության հետ է զուգորդվում, բայց փախուստի մի կարևոր տեսակ կա, որի պատճառը վախկոտությունը չէ, ավելի շատ կրթությունն ու դաստիարակությունն է․․․ Հասարկությունները լինում են տարբեր ելքերով։ Հասարկությունը որքան շատ դուռ ունի, այնքան զարգացած է։ Անդուռ հասարակությունը բռնապետ պատերի շարվածք է։ Իսկ ինձ օդ էր պետք, մանավանդ պատերից անընդհատ չափալախ ուտելուց հետո։ Շա՜տ էր պետք․․․  Չնայած, հիմա էս ամեն ինչը գրում ու մտածում եմ՝ ինչի՞ եմ մանրանում, չէ՞որ փախուստը՝ արդարացումներ չի տանում․․․

– Հաճախ նշում ես, որ Ֆրանսիայում քեզ հանգիստ ու լավ ես զգում, գտե՞լ ես քո քաղաքը։

ԺԱՆ-ՇԱ – Կարծես թե․․․ Իմ սերը Երևանի հանդեպ․ ցավոք, միակողմանի էր․․․ Էս շատ զգալու բան է, ինչպես քո սիրելի քաղաքը քեզ չի ընդունում, չի ընդունում ու վերջ, իսկ դու, պադոշի նման, նրան փսլինքոտ պոեմներ ես ձոնում․․․ Երևանը թանկ նստեց ինձ վրա։ Ինչո՞վ․․․ Էն ինչ-որ ասելու եմ զառանցանք կարող է թվալ, բայց զգալու դեպքում շատ շոշափելի է դառնում։ Լավի ու վատի սահմանների մասին խոսելը խնդալու զբաղմունք է։ Բայց էս համատեքստում մի բան հաստատ կարող եմ ասել, վատը նա չի ով մշտապես ստորացնում, արհամարհում, անտեսում է դիմացինին, վատը նա է, ով արհամարհելու, նսեմացնելու օրինակ է ծառայում և ցույց է տալիս, թե ինչպես կարելի է վերը նշված ինվիզիցիոն հնարներն  իրագործել․․․ Ինձ համար նման վատ օրինակ դարձավ Երևանը․․․ իսկ Ստրասբուրգի ու իմ հարաբերությունները շատ խաղաղ են․․․ սա մի քաղաքը է, որը ինձ համար հարազատության աստիճան փափուկ է դարձել․․․

– Թարգմանվելիս, այս դեպքում՝ ֆրանսերեն թարգմանվելիս ինքդ լսո՞ւմ ես քո իսկ ձայնը վեպի մեջ, թե՞ այն ավելի մեղմանում է, երբ տեքստը փոխում է իր լեզուն։

ԺԱՆ-ՇԱ – Բանականաբար փոխում է․․․ բայց մի տարօրինակ բան ասեմ․․․ թարգմանված գիրքը, իսկ «Փախչող քաղաքը» արդեն հինգ լեզվով խոսում է, մի ընդհանուր, բայց բազմաձայն օրգանիզմ է։ Սա ավելի շատ երգչախմբի է նման, որտեղ յուրաքանչյուր լեզուն իրեն հատուկ հնչերանգ ունի։ Գրքի ֆրանսերն թարգմանության «ձայանին շնչառությունը» կարծում եմ բնագրից ավելի բարձր էր․․․

– Ինչ ես կարծում, որքանո՞վ վեպդ հետաքրքիր կլինի ֆրանկոֆոն ընթերցողին։ Եվ հատկապես ինչո՞վ։

ԺԱՆ-ՇԱ – Չհաշված բազմաթիվ արձագանքներին, նաև ֆրանսիական մամուլում, այդ հարցին չեմ կարող հստակ պատասխանել։ «Փախչող քաղաքը»  տասներկու տարի առաջ եմ գրել, հայերեն տարբերակը տպագրվել է վեց տարի առաջ, որից հետո  իմ գրական գործակալ Արևիկ Աշխարհոյանի ջանքերով արդեն 9 երկրում տպագրվել է․․․ Եթե գործը քայլելու է կքայլի, եթե չէ․․․ անցնենք առաջ․․․

– Հնարավո՞ր է մի օր ֆրանսերեն գրես։

ԺԱՆ-ՇԱ – Հիմա պիեսներն եմ փորձում ֆրանսերենով գրել, բայց նոր վեպիս լեզուն․ կարծում եմ, ևս ֆրանսերենը կլինի։ Իմ ընտրած թեմային ֆրանսերենն ավելի մոտ է․․․

– Գիտեմ, որ նոր վեպի վրա ես աշխատում, մի փոքր բացիր փակագծերը։

ԺԱՆ-ՇԱ – Չէ, նոր վեպը դեռ հավաքում եմ․․․ իսկ վերջին վեպս՝ «Երրորդ սեռը» այս տարի ավարտեցի, դա իմ գրավոր հրաժեշն էր Երևանին․․․

– Շատերն են քեզ այստեղ սպասում, ընկերները կարոտում են, ընթերցողները սպասում նոր գործերի։ Պատրաստվո՞ւմ ես վերադառնալ, և եթե ոչ՝ ինչո՞ւ։

ԺԱՆ-ՇԱ – Հիմա, երբ գնացքով գնում եմ Փարիզ «Փախչող քաղաքի» շնորհանդեսին և հետագա երեք օրերին նախատեսված միջոցառումներին՝ հանդիպումներ լրագրողների հետ, գրքի սալոն և այլն մասնակցելու ու․․․ էս պահին, ինձ Փարիզ տանող գնացքը մտավ թունել ու հետևյալ միտքը ուղեղս ծակեց․․․ Հայաստանը, ցավոք երբեք․ ոչինչ չի արել իր մտավորականին (ահավոր չեմ սիրում մտավորական բառը, բայց ուրիշը էս պահին չգտա) մի խոսքով, Հայաստանը երբեք ոչինչ չի արել իր մտավորականին խրախուսելու համար։ Չէ, արել է, մտավորականին առնելով, չայխանաների մակարդակով «փշի-փշի« անելով, որպես «բարեգործություն» սիրտ, թոք, լյարդ, հեմորոյ վիրահատելու փող շպրտելով, մեդալ-մուդուլ կախելով, հավասարեցնելով, գրողին, նկարիչին, դերասանին (ոչ սերիալային) զըգեղ, պալատական երգչից ցածր դասելով արել է․․․ փաստացի, Հայաստանը ամեն ինչ արել է, որ մտավորական չունենա․․․ իսկ հիմա՞․․․ վերջերս նմանատիպ մի չայխանայի տեսագրություն տեսա՝ մշակույթի նախարարի և նախկին ռեժիմի  երկու նախագահների սիրած, նախընտրած, նույնսիկ լսած կոմպոզիտորների և խորհրդական-բանաստեղծների հետ․․․ և սա, ցավոք, վերը նշված երևույթի միակ դեպքը չէր․․․

[YEREVANBOOKFEST] «Արևիկ» հրատարակչությունը ներկայացրել է Փիսոն վատ երազ է տեսնում» գիրքը

December 4, 2018

Միշել Օբամայի գիրքը դարձել է 2018 թվականի ռեկորդային բեսթսելլերը

December 4, 2018