Զգում էի, որ ընթերցողի վրա ռումբ եմ գցում. հարցազրույց «Անմեղությունը» բեսթսելերի հեղինակ Ջոնաթան Ֆրանզենի հետ

newmag-ը ներկայացնում է Ամերիկայի գլխավոր գրողի` Ջոնաթան Ֆրանզենի հետ Սերգեյ Կումիշի հարցազրույցից հատված` «Անմեղությունը» վեպի, ընտանեկան հարաբերությունների և մարդկության ապագայի մասին:


-Մի քանի տարի առաջ «Ինքնակենսագրական արձակի» մասին էսսեյում գրել էիք Էնդի Աբերանտ անունով կերպարի մասին, որը պետք է դառնար «Շտկումների» գլխավոր հերոսը, բայց հետո նրան ընդհանրապես չընդգրկեցիք սյուժեում: «Անմեղությունը» գքշրքի գլխավոր հերոսներից մեկի անունը Թոմ Աբերանտ է: Թոմն ու Էնդին շատ նման են նկարագրություններում` նույն մարդու երկու ինկարնացիա: Պատահական համընկնում չէ, այնպես չէ՞:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – Այո, ամեն ինչ ճիշտ է: Սա պատմություն է, որը վաղուց էի ցանկանում պատմել, բայց ինձ չէր բավականացնում կյանքի փորձը, չէր հերիքում ինչ-որ կտրվածության զգացում: Մի քանի տարի ծախսեցի, որպեսզի «Շտկումները» վերածեմ Էնդի Աբերանտի մասին վեպի, չկարողացա: Փորձեցի նրան դարձնել «Ազատության» գլխավոր հերոսը, էլի չստացվեց: Բայց ինձ հետ էին դեռ Թոմ Աբերանտ կերպարի մասին նշումները, Էնդի անունը ինչ-որ պահից սկսել էր ինձ դուր չգալ: Այնտեղ մի տեսարան կա, բառացի առաջին դեմքով պատմված մի քանի էջ, որում խոսքը նախկին ամուսինների մասին է, որոնց միջև ամուսնալուծությունից հետո նորից սիրավեպ է սկսվում: Դեպքերը տեղի են ունենում Նյու Ջերսիում. Նրանք գնում են անտառ, սեքսով են զբաղվում ու ամեն կերպ իրար հունից հանում: Հետո էլի չգիտեի, թե ուր շրջեմ այս պատմությունը: Կարծես թե աշխատում էի ճիշտ ուղղությամբ: Բայց, երբ վերադարձա նյուջերսիական էջերին, ինձ դրանք բավականին ստացված թվացին: Հենց այդ խճճված, տանջալից ամուսնության մասին պատմությունն էլ դարձավ իմ  նոր գրքի  կենտրոնական սյուժեն: Կարծում եմ` ես հասունացել էի, հասել էի այն պահին, երբ կարող էի վերջապես գրել այդ մասին: Կտրվեցի իրականությունից, որպեսզի այդ ամբողջ պատմությունը բավականաչափ հետաքրքիր համարեմ ինձ համար:

– «Անմեղությունը» մեծ, ծավալուն վեպ է: Ընթերցողը հնարավորություն չունի ուշքի գալ,  գտնել ինքն իրեն, ընդհանրապես ոչ մի վայրկյան հանգիստ չեք տալիս: Սա անողոք ու անկեղծ գիրք է, որը տեղ-տեղ վիրավորում է` պատճառելով գրեթե ֆիզիկական ցավ, տեղ-տեղ էլ վանում` առաջացնելով գրեթե ֆիզիոլոգիական զզվանք: Պետք է խոստովանեմ, երբ կարդացի այն, առաջին ցանկությունս էր ոչ թե հարցազրույց անել, այլ մի լավ հարբել Ձեզ հետ, նախընտրելի է լռության մեջ:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – (Ծիծաղում է) Ես զգում էի, որ ընթերցողի վրա ռումբ եմ գցում: Մինչև այդ գիրքը գրելը, ես  գրողի 35 տարվա ճանապարհ եմ անցնել: Գիտեի, որ դաժան գիրք եմ գրում, որ ցավոտ, անհանգստացնող պատմություն եմ շարադրում: Պատճառներից մեկը, թե ինչու այդ վեպն այդպիսին ստեղծեցի, այն էր, որ ուզում էի ընթեցողին մաքսիմալ ներքաշել գրքի մեջ, բառացիորեն ստիպել թերթել էջը: Այո, ես ինձ հաշիվ էի տալիս, որ դաժան եմ վարվում:

– «Անմեղությունը» կարելի է բաժանել երկու, բացարձակ իրարից տարբեր մասերի: Առաջինը նախորդում է  [le1o9n8a0rd] գլխին, երկրորդը` հաջորդում դրան: Սկզբում ռիթմիկ, ինտենսիվ սյուժե է, բազմաթիվ հանելուկներով ու անհավանական, բայց որոշակիորեն կանխատեսելի հանգուցալուծման ակնարկներով: Ինչ-որ առումով թրիլլեր է: Մեջտեղում ամեն ինչ կտրուկ փոխվում է, վերածվում էմոցիոնալ մսաղացի, ընտանեկան թրիլլերը, պարզվում է, ընտանեկան հորոր է: Սկսվում է ֆիրմային ֆրանզենական հարդքոր, որի համար շատերը Ձեզ սիրում են , շատերը` ատում: Եվ այդ արագընթաց կործանումն էլ տանում է մեզ վերջաբանին, որը ոչ մի կապ չունի սպասումների հետ:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – Դա այն է, ինչի մասին խոսում էի: Ես ուզում էի գրել Թոմի ու Անաբելի պատմությունը: Հասկանում էի, որ բարդ սյուժե է, բայց  ի սկզբանե  գիրքը կառուցում էի որպես այդ ատոմային միջուկի կաղապար` շատ հզոր ատոմային միջուկի: [le1o9n8a0rd] գլուխը գրված է առաջին դեմքից` Թոմի անունից, և այդպես ամբողջովին առանձնանում է գրքի մյուս մասերից: Այն միայն ուղղակի խոսք չէ, այն կործանման, աղետի պատմություն է: Կա գնացք, նրան ամրացված են վագոններ, և այդ ամբողջությունն  ընթանում է չափազանց մեծ արագությամբ, դուք արդեն գիտեք` վթարն անխուսափելի է: Սպասումի աստիճանը ավելանում է: Մեծ վեպերում ամենաշատը սիրում եմ այն , որ դրանցում կարող ես այդպիսի հնարքներ անել` օգտագործել բազմաձայնություն, փոխել տոնայնությունն ու տեմբրը: Եվ ահա գիրքն արագընթաց գնացքի պես տանում է դեպի վերջաբան: Ինձ համար էլ վեպը երկու մասի է բաժանվում` Թոմի և Անաբելի պատմության և մնացած գլուխների:

– Ձեր երեք վեպերում մեծ ուշադրություն եք դարձնում թեմայի, որում զուգահեռ գոյություն ունեն սերն ու ատելությունը, ծնող-երեխա հարաբերություններն են: «Ատելություն» բառն այս պարագայում կենտրոնական է: Օրինակ, «Ազատություն»-ում տեսարան կա, որտեղ Ջոուի անունով կերպարը լացում է մոր հանդեպ ատելության զգացումից: Ինիդը «Շտկումներ»-ից` ընտանիքի մայրը, որոշակի պահի ատում է ընդհանրապես ամեն ինչ, այդ թվում ընթերցողին: «Անմեղություն»-ում մայրերի հանդեպ ասված «ատելություն» բառը ամենից հաճախն է հանդիպում: Հայրերի հանդեպ Դուք բավականին լոյալ եք: Ինչո՞ւ է Ձեր վեպերում առաջին հերթին բաժին հասնում մայրերին:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – Ինձ մի փոքր անհարմար է պատասխանել, բայց ես էլ մորս հետ բարդ հարաբերություններ եմ ունեցել: Անգամ նրա կյանքի վերջին տարիներին, և որ ավելի վատ է, նրա մահից հետո որոշ ժամանակ անց էլ, ես չէի գիտակցում` որքան մեծ նշանակություն ուներ նա ինձ համար: Ես չափազանց ուշ սովորեցի անվերապահորեն նրան սիրել ու հիանալ նրանով: Եվ հիմա զգում եմ, որ պարտավոր եմ նման բաներին մեծ ուշադրություն դարձնել: Տեսեք, «Շտկումներ»-ում վերջին խոսքը Ինիդինն է: Ամենից շատ նա է փոխվում, քան այդ գրքում որևէ այլ կերպար: Պատին` «Ազատության» գլխավոր հերոսուհին սիրո և կարեկցանքի զգացումով է օժտված, թեկուզ և նրա սեփական երեխաները միշտ չէ, որ հասկանում են նրան: «Անմեղությունը» գիրքն առհասարակ մայրերի մասին է: Պիպն այստեղ լրիվ հակառակ խնդիրն ունի. նա չափից դուրս շատ է սիրում մորը: Այլ հարց է, որ նրա մայրն ինչ-որ տեղ գերակատարել է իր մայրությունը, նա իր մասով խենթ է, բայց նրա ու դստեր միջև անվերապահ սեր է: Նույն իրավիճակն է Թոմի մոտ. ինչ-որ պահի նա պետք է ընտրի մոր և սիրած աղջկա միջև, շատ երիտասարդների պես նա ընտրում է աղջկան:Եվ կա նաև Անդրեասի մայրը: Այստեղ, համաձայն եմ, մի քիչ խտացրել եմ գույները: Թեպետ այստեղ առաջ եմ տանում նաև միտքը, որ նա իր տեսանկյունից որևէ վատ բան չի արել, որ հանգամանքների գերին է, այլ պարագայում գուցե նա այդպես չվարվեր: Բայց չենք կարող ասել, որ նա լավ մայր է: Այդ պատճառով Անդրեասի ատելությունն այդքան էլ աբսուրդ չէ, նա դրա համար պատճառ ունի: Այո, գրքում բոլոր մայրերը իրենց մասով ինչ-որ տեղ հրեշավոր են: Ինչ վերաբերում է նրան,թե ինչու եմ ես դրա վրա կենտրոնացած… /ծիծաղում է/ Ես Ջոնաթան Ֆրանզենի կենսագիրը չեմ, չեմ կարող այդ մասին դատել:

– Ձեր վերջին երկու գրքերում գոնե մի կերպար կա, որը լրջորեն տարված է թռչուններով: Ով կարդացել է Ձեր էսսեները, գլխի կընկնի, որ դա Ձեր իսկ նախասիրությունն է: Դուք ուսումնասիրում եք թռչուններին, հետևում եք դրանց, մասնակցում եք վերացող թռչնատեսակների պահպանման ակցիաներին: Որտեղի՞ց  է այդ հետաքրքրությունը: Ինչո՞ւ հատկապես թռչունները:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – Թռչուններով լրջորեն տարվեցի 15 տարի առաջ, երբ մայրս մահացավ: Ենթադրում եմ`  դա նաև այն պահից էր, երբ գիտակցեցի, որ երեխաներ չեմ ունենալու: Մեզնից յուրաքանչյուրն ունի չվատնած սիրո  պաշար, որը անհրաժեշտ է  տալ որևէ ձևով: Ես բավական ավանդական ընտանիքում եմ մեծացել, որտեղ մարդիկ ամուսնանում են, երեխա  ունենում, ուժերը ներդնում երեխաների մասին հոգ տանելու գործում: Ես հասկացա, որ կարիք ունեմ ծնողական սերս, հոգածությունս, ժամանակս ինչ-որ կերպ արտահայտելու… Այո, դեր խաղաց ծնողի կորուստը, նաև փաստը, որ երեխա չեմ կարող ունենալ: Այսինքն` իրական պատճառը ինչ-որ տեղ ենթագիտակցության մեջ է: Հիմա ես շատ ժամանակ եմ անցկանցում թռչուններին հետևելով կամ դրանց շրջապատում, որովհետև ես նրանց սիրում եմ, որովհետև նրանք հրաշալի են: Ինձ թվում է` Երկրի վրա երկու կարևոր իրադարձություն  է տեղի ունեցել` դինոզավրերի ստեղծվելը և homo sapiens-ի ի հայտ գալը: Որոշ դինոզավրեր հետագայում վերածվեցին թռչունների` տաքարյուն կենդանիների, որոնք կարողանում են թռչել: Նրանք երգում են և բներ հյուսում, նրանք անհավանական միգրացիաներ են անցնում: Ամենազարմանալի էակները Երկրի վրա, կարծում եմ, մարդիկ են և թռչունները:

– Հիմա երևի շատ անձնական հարց կհնչի: Բայց Դուք հենց նոր երկու անգամ այդ մասին նշեցիք: Երեխա չունենալը գիտակցվա՞ծ որոշում էր:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – Հարցը իսկապես անձնական է: Պատասխանեմ մեջբերումներով: Առաջինը իմ ինքնակենսագրական գրքից է` «Անհարմարության զոնայից». «Միայն նրանից հետո, երբ լրացավ 44-ամյակս, այդ տարիքում էր հայրս, երբ ես ծնվեցի, ես սկսեցի հարց տալ ինքս ինձ. չափազանց շատ ցանկանալով ծնող դառնալ` ինչո՞ւ կյանքս կապեցի մի կնոջ հետ, որի անտարբեր վերաբերմունքը այդ հարցում պարզ էր հենց սկզբից: Նշանակու՞մ էր դա, որ ես երեխա եմ ուզում հենց նրանից, քանի որ շատ եմ սիրում նրան»: Ու մի մեջբերում էլ վերջերս The New Yorker-ում հրապարակված էսսեիցս.«Իրականությունն այն է, որ ամենամնայուն արարքը, որին ընդհանրապես ունակ է մարդը, ոչ միայն պայքարն է բնակլիմայական փոփոխությունների դեմ ու նաև կենսաբազմազանության պահպանման,  այլև երեխա չունենալը»: Վերջին մեջբերումը կարելի է համարել առաջինի տրամաբանական շարունակություն. չնայած երեխա չունենալու որոշումս անձնական պատճառներ ունի, ինձ հույս է տալիս միտքը, որ իմ արարքը լավ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա…

– «Անմեղությունը» գրքի հերոսները ժամանակ առ ժամանակ բավական վատատեսական կանխատեսումներ են անում քաղաքակրթության ու մեր մոլորակի ապագայի մասին: Գերբնակեցում, կլիմայի գլոբալ փոփոխություններ, հնարավոր ատոմային պատերազմ… Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում աշխարհի վերջը:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – Գրքում հատված կա, որտեղ ընթերցողը ծանոթանում է Թոմի վարկածի հետ, թե ինչու մենք ծանուցումներ չենք ստանում արտերկրյա քաղաքակրթություններից: Այդ թեորիան այն մասին է, որ յուրաքնաչյուր բիոլոգիական տեսակ, որ օժտված է գիտկացությամբ, հասնելով զարգացման ինչ-որ փուլի` ստեղծում է ատոմային զենք, այդպես նորից ի հայտ եկած քաղաքակրթությունը ինքնաոչնչացվում է: Այդպիսի կոնցեպցիան, կարծում եմ, ուշադրության արժանի է: Հիմա  հատկապես դա ակնհայտ է մեր օրինակում. մեր բիոլոգիական տեսակը արդեն տեսակապես փոխել է, դեֆորմացրել է մոլորակը: Մենք փաստացի ոչնչացնում ենք էկոլոգիան: Եվ այստեղ դժվար է լավատես լինել: Ինձ թվում է` մարդիկ  փոխվում են ամենատարբեր տեխնոլոգիաների գերհագեցումից, որոնցով շաղկապված է ժամանակակից կյանքը իր բոլոր դրևսորումներում: Այստեղ էլ անհանգստանալու մեծ առիթ կա: Գրականությունն, օրինակ, չի վերապրի տեխնոլոգիաներով «պաշարված» ու տարված աշխարհում, և ինչպե՞ս չմտահոգվել: Գիտեք, ես ուրախ եմ,  որ էլ չեմ ապրի ևս 30 տարի մի աշխարհում, որտեղ չեն լինի իմ սիրելի մարդիկ, վայրերն ու իրերը, որ արդեն անցել եմ կյանքիս կեսից ավելին: Մենք դեռ ունենք ձեռք չտված էկոհամակարգեր: Դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են ժամանակ ու էներգիա ծախսել բարդ գրքեր կարդալու վրա: Եվ առհասարակ երախտապարտ եմ նրա համար, թե երբ և որտեղ է ինձ բախտ վիճակվել ծնվել ու ապրել: Բայց այդ երախտապարտության զգացումը նաև ներծծված է վախով, որ  աշխարհը, ինչպիսին ես այն գիտեմ ու սիրում եմ, երկար չի դիմանա:

– «Անմեղությունը» գրքում Դուք  նաև մտորում եք հասարակության վրա ինտերնետի ազդեցության մասին, ցակացած տիպի ինֆորմացիայի հասանելիության մասին: Որքանով գիտեմ Դուք հավատացյալ մարդ չեք, բայց ինտերնետը Ձեր վեպում Ահեղ դատաստանի մետաֆորա է , երբ յուրաքանչյուր մարդու մեղքերը տեսանելի և հասանելի են:

Ջ. ՖՐԱՆԶԵՆ – Մասամբ դա այդպես է: Ես ուղղակի մի փոքր լայն եմ վերցնում. հիմա տեխնոլոգիաները ընդհանարապես շատերի համար նոր կրոն են դարձել: Մարդիկ հավատում են տեխնոլոգիաներին, խոնարհվում դրանց առաջ, ինժեներական հրաշքներին վերաբերում են նույն ոգևորությամբ, ինչ եկեղեցական արարողակարգերին: Այո, Դուք ամեն ինչ ճիշտ եք նկատել:

Ընտանեկան կյանքը կարելի է բարելավել գիրք ընթերցելեով․ ահա, թե ինչպես

April 24, 2018

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գրադարանը. 6 գիրք գիտության մասին

April 24, 2018