«Այստեղ եմ» վեպի հեղինակ Ջոնաթան Սաֆրան Ֆոերը զրույցել է Afisha Daily-ի հետ և պատել սրընթաց փոփոխվող աշխարհում կյանքի ռիթմի, գրախոսականներ չկարդալու ու հայր դառնալու մասին:
– Ձեր վերջին գրքում շատ են երկխոսությունները: Իրադարձություններն արագ զարգանում են սիթքոմի ոճով: Սա կանխամտվածվա՞ծ քայլ էր, թե՞ կարոտել էիք հեռուստատեսության համար սիթքոմների սցենարներ գրելը:
Ջ.ՖՈԵՐ – Չեք սխալվում, գրքում երկխոսությունները իրոք շատ-շատ են իմ մյուս գրքերի համեմատ: Չգիտեմ, թե ինչու այս մեկն այդպես ստացվեց: Այո, ժամանակին հեռուստատեսության համար սիթքոմներ էի գրում և հաճույքով էի անում: Մի տեսակ էներգիա էի ստանում այդ աշխատանքից: Հումորային երկխոսություն գրելը դժվար է, բայց միևնույն ժամանակ` հետաքրքիր: Իսկ երբ մի բան հետաքրքիր է, դժվարություններն էլ աչքիդ չեն երևում:
-Ձեր գրքերի հիմնական թեման մարդկային վիշտն է: Հատո՞ւկ եք այդ թեմայով գրում:
Ջ.ՖՈԵՐ – Ոչ, իհարկե: Չգիտեմ` ինչու եմ գրում այն, ինչ գրում եմ: Գրելիս ասես մտնում եմ գրքի մեջ, դառնում դրա մասնիկը: Մի հին ասացվածք կա՝ թռչունը՝ թռչնաբան չէ: Գրողները պարզ են գրում, գրաքննադատները մեկնաբանում են և գտնում իմաստը: Դուք ճիշտ եք նկատել. թեմատիկան համարյա նույնն է, բայց կանխամտածված չի եղել:
– Ձեր գրքի մասին քննադատությունները կարդացե՞լ եք:
Ջ.ՖՈԵՐ – Ես գրախոսականներ չեմ կարդում: Ոչ թե խուսափում եմ, այլ պարզապես չեմ սիրում: Հետևաբար՝ ոչ: Ընթերցողներիս, ընկերներիս կարծիքն ավելի է հետաքրքրում, քան քննադատներինը:
– «Շատ բարձր ու անասելի մոտիկ» վեպը մոտ 10 տարի առաջ եք գրել: Փոխվե՞լ եք 10 տարի անց: Ի՞նչ կարևոր բան եղավ Ձեր կյանքում:
Ջ.ՖՈԵՐ – Կարելի է ասել` ինձ շրջապատող աշխարհն է փոխվել: Կյանքիս ամենակարևոր էտապը երեխաներիս ծնունդն էր: Անհնար է կյանքի փոփոխությունները համեմատել վայրկենապես փոփոխվող աշխարհի հետ: Դրանք տարբեր ռիթմեր ունեն: Հայր դարձա. սա է ամենամեծ փոփոխությունը:
– Երեխաների ծնունդն ազդեցություն ունեցա՞վ Ձեր գրական կյանքի վրա:
Ջ.ՖՈԵՐ – Վստահ եմ որ ազդեցություն եղել է, բայց էլի չեմ կարող բացատրել, թե ինչպես: Դժվար է բացատրել, որովհետև զուգահեռ կյանքով չեմ ապրում, որ կարողանայի համեմատել այս կյանքի հետ ու զգալ տարբերությունը: Փաստորեն, սկսել եմ ժամանակս գնահատել, սկսել եմ ավելի շատ մտածել դրա մասին:
– «Այստեղ եմ» վեպը ներկայի մասին է: Ամեն ինչ կատարվում է այստեղ ու հենց հիմա, իսկ նախորդ գրքերում գրում էիք անցյալի մասին:
Ջ.ՖՈԵՐ – Կարծում եմ` արդեն տարիքս է խոսում: Մեծանալով ավելի շատ փորձ ես ձեռք բերում և ուզում ես ներկայի մասին գրել: Մարդիկ մեծանալով երևի ավելի շատ են սկսում գնահատել ու զգալ ժամանակը: Երբ երիտասարդ ես, թվում է` դու ես ժամանակի տերն ու տիրակալը: Ոչ միայն ապագայի, այլև անցյալի: Մեծանալով հասկանում ես, որ ամեն ինչ այնքան էլ այն չէ:
– Դուք գրական վարպետություն եք դասավանդում: Ի՞նչ կարևոր խորհուրդ եք տալիս Ձեր ուսանողներին:
Ջ.ՖՈԵՐ – Ջոյս Քերոլն ինձ մի անգամ ասաց. «Շատ կարևոր է գործն ավարտին հասցնելը»: Չավարտված վեպը ոչինչ չարժե: Ահա` ինչ եմ սովորեցնում ուսանողներիս: Պարբերաբար հարցնում եմ իրենց գրքերի մասին, թե ո՞ւր են հասել, ինչքա՛ն են գրել, ավարտե՞լ են վեպը, թե՞ ոչ: Գուցե տարօրինակ է հնչում, բայց գրող լինելը միայն գիրք գրելը չէ. պետք է այն ավարտին հասցնել: Կարծում եմ հասկացաք` ինչ նկատի ունեմ: