Վեպից ծնվելիք պետություն

Այսօրվա գրական հենքի վրա, գոնե մոտ ապագայում, ես չեմ տեսնում այն հզոր գրողին կամ արձակը, որ տոլստոյանման կամ չինգիզայթմատովյան վեպ կարող է ստեղծել. Լևոն  Ջավախյան


Հեշտ չէ վեպ գրելը, առավել եւս՝ որ շատերն են գրում, բայց չեն կարողանում գրել. օրինակ՝ ես չեմ կարողանում գրել, որովհետեւ դա գենի հետ կապված բան է։ Այսինքն՝ ես 100 մետր վազքի գրող եմ։ Պատահական չէ նաեւ, որ իմ տղեն 100 մետր վազքի չեմպիոն է։ Չեմպիոն, ով երկար տարածք չի կարող վազել։

Կան պատվերով վեպեր, ինչպես որ կան պատվերով կինոներ։ Գեղարվեստական գրականությունը ներքին ազատության արդյունք է, եւ, ուրեմն, չեմ կարծում, թե պատվերով վեպը որակ տա՝ ներքին մղում է պետք։ Թեեւ հակառակն էլ է եղել։ Հայտնի է, որ գերմանական կլասիկ կոմպոզիտորները (Բեթհովեն, Շուբերտ, Շուման, Բրամս) իրենց հանճարեղ սիմֆոնիաների զգալի մասը գրել են պատվերով։

Այնուամենայնիվ, մեր Հայաստանի իրականության մեջ ծնվեցին Րաֆֆի, Աբովյան. եթե այդպիսի գրականություն չլիներ, չէր լինի նաեւ պետականություն։ Որքան էլ զարմանալի է, սովետական շրջանում բազմաթիվ վեպ գրողներ կային, որոնք, համենայնդեպս, ընթերցելի էին, իսկ հիմա հատուկենտ գրողներ են գրում, որոնք կա՛մ վատ են ընթերցվում, կա՛մ էլ ձախողված են։ Վերջերս գրքահավաք կար ինտերնետում, բաց արի ու մնացի շշմած՝ հազարավոր անուն թերթեր, ամսագրեր։ Պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք գրականություն, մամուլ, ու պատահական չէ, որ դրանք նախադրյալ եղան պետության։ Գիր ու գրականությունը պետության հիմնաքարերն են, եթե չլինի նման մշակութային հենք, չի լինի նաեւ պետություն։

Պետականությանն ապավինող գրականությունը զոռով չի լինում։ Դա նշանակում է՝ կա՛մ մշակույթի գործիչները չեն կարողանում հասնել դրան, կա՛մ պետությունը չի կարողանում նպաստել այդպիսի մշակույթին։ Մի բան, որն անհրաժեշտ է։

Եթե լուրջ, ապա մենք լրջախոհ վեպ չունենք։ Վեպ ունեն ռուսները. լայնարձակ երկիր, լայնարձակ պետություն, որը կարող է իրեն թույլ տալ ունենալ Տոլստոյի եւ Դոստոեւսկու նման լայնարձակ գրականություն. դրանք իրար հետ կապված բաներ են։ Իսկական մեծ պետության ատրիբուտներից է վեպ ունենալը, իսկ մենք, որ դեռեւս խմորման վիճակում ենք, չունենք այդ վեպը։ Բայց պոեզիա լավից-վատից ունենք, որովհետեւ լավից-վատից գիտենք նվնվալ, լաց լինել, ուրախանալ։ Այդ հույզն ու զգացմունքը, որն ինչ-որ տեղ արդեն բանաստեղծական է, այստեղ դեր են խաղում։

Գրածս արձակ է, ինձ էլ արձակագիր են ասում, բայց իմ մոտ էլ պինդ, հզոր արձակի տողը չկա, որովհետեւ պոետիկ վիճակները շատ են, հուզականը գերակշռում է, իսկ պետությունը ենթադրում է ամրակուռ կարկաս եւ նույնպիսի մշակույթ, որի հենքի վրա վեր են հառնում իսկական պետությունն ու պետականությունը։

Պետությունը ոչ միայն ֆիզիկական կառույց է՝ իր բանակով, ոստիկանությամբ ու իշխանական մարմիններով, այլ նաեւ հոգեւոր կառույց։ Եվ, ուրեմ,ն այդ գրվածքներում պետք է լինեն այն իդեալները, որի վրա պետք է բարձրանա իսկական պետականաշինարարությունը։ Ամերիկան, եղած-չեղած՝ 200 տարվա պատմություն ունի, բայց ուժեղ պետական կառույց ունի, որովհետեւ պատմությունից օգտվեց, եւ այն օրենքը, որ Հռոմը Հռոմ դարձրեց, վերցրեց ու պետական մակարդակի վրա դրեց՝ ստեղծելով ամերիկյան պետությունը։ Իսկ մենք հինը կորցրել ենք, նորն էլ… չգիտենք որն է։ Ինչ-որ բաներ ստեղծվում են, բայց դրանք էսքիզներ են ու մեծ պաննո չեն դառնում։ Այսօրվա գրական հենքի վրա, գոնե մոտ ապագայում, ես չեմ տեսնում այն հզոր գրողին կամ արձակը, որ տոլստոյանման կամ չինգիզայթմատովյան վեպ կարող է ստեղծել, որի ստեղծածից հզոր պետականություն պետք է ծնվի։ Խեղճ ենք, մեր պետությունից էլ առավել խեղճ, իսկ ավազի վրա ամուր վեմ չի կարող ստեղծվել։

 

Լևոն  Ջավախյան

Hraparak.am

 

Նարինե Աբգարյանի ֆենոմենը

June 12, 2018

Ինչի՞ մասին է newmag-ի հրատարակած «Թքած ունենալու նուրբ արվեստը» բեսթսելլերը

June 12, 2018