Բրիտանական հայտնի Բուքեր գրական մրցանակային ֆոնդը 50-րդ տարելիցի առթիվ հրապարակել է վերջին 50 տարիների 5 լավագույն հեղինակներից կազմված շորթլիսթը: Բուքերյան ժյուրին մեկական լավագույն գիրք է ընտրել 1969-ին Բուքերյան մրցանակի հիմնադրումից ի վեր յուրաքանչյուր տասնամյակի համար:
Հուլիսի 8-ին քվեարկության միջոցով հայտնի կդառնա 5 տասնամյակների լավագույն գիրքը: Ցանկում ընդգրկվել են համաշխարհային բեսթսելլեր դարձած գրքեր, որոնք Բուքերից բացի մի շարք հայտնի մրցանակների դափնեկիր են:
Վիդիադհար Նայպոլ «Ազատ պետությունում»
1970-ականները ներկայացնում է հնդկական ծագմամբ բրիտանացի գրող Վիդիադհար Նայպոլը` «Ազատ պետությունում» վեպով: Գիրքը պատմում է հնդիկ ծառայի մասին, որն Ամերիկայի քաղաքացիություն է ստանում: Վեպը կազմված է 3 պատմությունից, որոնց առանցքում կարմիր թելի պես անցնում է ազատության գաղափարը: |
Պենելոպա Լայվլի «Լուսնային վագրը»
Հաջորդ տասնամյակը ներկայացնում է բրիտանուհի Պենելոպա Լայվլին՝ «Լուսնային վագրը» վեպով, որի գլխավոր հերոսը մահամերձ կին է: Կլաուդիա Համփթոնը` Լոնդոնի հիվանդանոցներից մեկում միայնակ պառկած, որոշում է գրել աշխարհի պատմությունը: «Լուսնային վագրը» պատմում է մահամերձ կնոջ ուժեղ կամքի և անկախության մասին: |
Մայքլ Օնդատժե «Անգլիացի պացիենտ» 90-ականների գլխավոր գիրքը կանադացի գրող Մայքլ Օնդատժեի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ «Անգլիացի պացիենտ» գիրքն է, որը սկսվում է Իտալական գյուղի ռմբակոծությամբ: Հեղինակը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մասին: |
Հիլարի Մենթել «Գայլի սրահ»
Բրիտանուհի գրող Հիլարի Մենթելի «Գայլի սրահ» գիրքը 2012-ին The Observer-ն ընդգրկել էր «Լավագույն 10 պատմական վեպեր»-ի ցանկում: Այն նման է պատմավեպի, որը Հիլարին գրել է հինգ տարվա ընթացքում: «Գայլի սրահ»-ը եռագրության առաջին գիրքն է, այն պատմում է Հենրի VIII-ի առաջին խորհրդական Թոմաս Քրոմվելի մասին: |
Ջորջ Սոնդերս «Լինկոլնը Բարդոյում»
Շորթլիսթի վերջին գիրքը` ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսի «Լինկոլնը Բարդոյում» վեպն է` Աբրահամ Լինկոլնի մասին: Ջորջ Սանդերսը հիմնվելով պատմական փաստերի վրա, պատմում է ԱՄՆ-ի 16-րդ նախագահի ընտանեկան ողբերգության մանրամասները` օգտագործելով արձակի երևակայությունն ու մտքի թռիչքը: Այս գրքի ռեվյուն՝ այստեղ։ |