Հայերեն է թարգմանվել Սոնի ընկերության համահիմնադիր Մասարու Իբուկայի` «Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը: Այս գիրքը կարդացել են միլիոնավոր ծնողներ ամբողջ աշխարհում:
«Երեքից հետո արդեն ուշ է» գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1971 թվականին` ճապոներեն: 6 տարի անց հրատարակվել է դրա անգլալեզու տարբերակը: Գրքի հայերեն տարբերակը հրատարակել է «Էդիթ Պրինտ» ընկերությունը: Նախաձեռնության հեղինակը Լուսինե Հայրապետյանն է: Վստահեցնում է, որ այս գիրքը կօգնի նաև հայ ծնողներին:
«Անընդհատ ստանում էինք գանգատներ: Մայրիկները ցանկանում էին կարդալ անհրաժեշտ գրականություն, բայց հայերեն նմանատիպ գրքեր գրեթե չկան: Ռուսերենը շատերի համար բարդ էր: Որոշեցինք թարգմանել ամենահայտնի գրքերից մեկը», -ասում է Լուսինե Հայրապետյանը:
«Երեքից հետո արդեն ուշ է» գրքում Մասարու Իբուկան անդրադառնում է երեխայի վրա արտաքին միջավայրի ունեցած ազդեցությանը: Հեղինակը առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Մասնագետները պնդում են, որ սա երեխայի վաղ զարգացման կարևորությունը ներկայացնող աշխարհի լավագույն գիրքն է: Աշխարհահռչակ մանկական ֆիզոթերապևտ Գլեն Դոմանի կարծիքով այս գիրքը պետք է կարդա երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր ծնող:
Արփի Մուրադյան