Նոր թրենդ` աուդիոգրքեր: Ինչո՞ւ է հաճախ ավելի հաճելի լսելը, քան կարդալը: 

Մինչև գրքասերների 2 ճամբարները բուռն վեճերի ու քննարկումների արդյունքում չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի և հասկանալ` ո՞ր տարբերակն է ավելի հարմար` տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գիրքը, արևմուտքի գիտնականները հայտարարում են` ոչ մեկը, ոչ էլ մյուսը:


UCL հետազոտական կենտրոնի փորձագետները պարզել են, որ մարդու մոտ առավել ուժեղ ու բուռն էմոցիաներ է առաջացնում ոչ թե կարդացած, այլ լսած ինֆորմացիան: Հետևաբար, գրականության մեջ յուրաքանչյուր տպավորիչ տեսարան աուդիո-ֆորմատում կստիպի լաց լինել անգամ սկեպտիկներին: Բացի այս, աուդիոգրքերը մեզ տալիս են ևս մի քանի հնարավորություններ:

Խնայել ժամանակը
Զուր չէ, որ հիմա արագ տեղաշարժվելը հաջողություն է համարվում, իսկ եթե դուք ապրում եք մեգապոլիսում, ապա տեղաշարժման արագությունը մեծանում է մի քանի անգամ: Փորձիր ամեն բան հասցնել` չշտապելով 19-րդ դարի մարդու պես: Զարմանալի չէ, որ հագեցած օրվա գրաֆիկում ընթերցանւթյան համար ժամանակ չի մնում: Այսպիսով, աուդիոգրքերն իսկական փրկություն են. հիմա ընթերցելու վայր կարող են դառնալ ավտոմեքենան, աղմկոտ սրճարանը, մարզասրահը…
Աուդիո-ֆորմատով գրքերի ցանկն անընդհատ ընդլայնվում է: Միայն պատկերացրեք` յուրաքանչյուր ազատ պահի դուք կարող եք կարդալ այն, ինչ ցանկանում եք: Իսկ եթե հաշվի առնենք, որ ընթերցելը հիմա մոդայիկ է, և «Քանի՞ տասնյակ գիրք եմ կարդացել վերջին 2 օրվա ընթացքում» թրենդն ակտիվորեն տարածվում է, ապա կարելի է պատկերացնել, թե որքան գրքասերների համար է սա ընթերցանությունը թեթևացնելու ամենահարմար միջոցը:
Հաշվի առնել ընկալման ձևը
Հայտնի է, որ բոլորիս աշխարհընկալումը բաժանվում է 3 տիպի` կինեստետիկ, վիզուալ և աուդիալ: Վերջիններս յուրաքանչյուր ինֆորմացիա լավագույնս ընկալում են լսելու միջոցով, և բացի այդ, հաճելի ձայները նման մարդկանց մեծ հաճույք են պատճառում: Ակնհայտ է, որ աուդիալների համար ձայնային ֆորմատով գրքերն իսկական նվեր են: Կինեստետիկները երջանիկ ընթերցողներ են. նրանք կարողանում են «կլանել» յուրաքանչյուր ֆորմատի գիրք: Իսկ ինչ վերաբերվում է վիզուալներին` նրանք ավելի լավ է փորձեր չանեն. գրքեր լսելը նրանց համար կարող է դատարկ ու նույնիսկ տանջալի թվալ, չէ՞ որ ձայնի վրա կենտրոնանալու անկարողությունը կարող է զրկել նրանց լսելու հաճույքից:
Նորովի ընկալել սովորական դարձածը 
Իրականում աուդիոգրքերը մեր կյանք են եկել ավելի վաղուց, քան մենք կարող էինք պատկերացնել: Օրինակ, դեռևս Հին Հունաստանում էպիկական պոեմներ կատարող գուսանները դարձան այդ ինքնատիպ ժանրի ստեղծողները: Հետո արդեն մեզանից մեծ սերունդներին են մատուցվել հայտնի ներկայացումներ, որոնք հնչել են ռադիոյով: Մեր օրերում ֆորմատի չնչին փոփոխություն է եղել, բայց միտքն ու նշանակությունը նույնն են մնացել:
Հոգ տանել առողջության մասին
Ամեն տարի մեր աչքերը գնալով ավելի են ծանրաբեռնվում. համակարգչի էկրանն աշխատավայրում, սմարթֆոնների ու պլանշետների էկարնները` հասարակական վայրերում, և, ի վերջո, գրքերը: Բժիշկներն, իհարկե, մշակել են աչքերը պաշտպանելու հազարավոր կանոններ, բայց ո՞վ կարող է լիարժեք հետևել այդ կանոններին: Ահա այս պատճառով էլ աուդիոգրքերն իսկական փրկություն են գրականության այն սիրահարների համար, որոնք մտածում են իրենց առողջության մասին, բայց միևնույն ժամանակ չեն պատրաստվում հրաժեշտ տալ գրքերին: Ի դեպ, գիտնականները պարզել են, որ լսած ինֆորմացիան ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան կարդացածը: Կարելի է ենթադրել, որ ապագայում սպասվում են շատ մեծ փոփոխություններ:
Ճի՞շտ որոշում է սա արդյոք, և ինչպե՞ս վիզուալները կհարմարվեն դրան` պարզ կդառնա ժամանակի ընթացքում:
Անի Սողոյան

Սպորտային բեսթսելլեր. newmag-ը հրատարակել է «Նեյմար» գիրքը

June 3, 2019

Ի՞նչ էր ծխում Բրոդսկին

June 3, 2019