Նիկոլ Փաշինյանի վեպը կարող է դառնալ բեսթսելլեր

«Երկրի հակառակ կողմը» Նիկոլ Փաշինյանի առաջին գիրքն է, որի որոշ հատվածներ ընթերցողին կհիշեցնեն Կաֆկայի «Դատավարությունը»: Վեպում Փաշինյանը նկարագրում է, թե ինչպես է ինքն անօրինական ճանապարհով լքում Հայաստանը՝ լինելով հետախուզման մեջ:


Վեպը փախուստի և վերադարձի պատմություն է: Հերոսը ստիպված հեռանում է Հայաստանից ու շրջում աշխարհով, քանի որ ԱԱԾ-ն հետախուզում էր նրան: Նա փոխում է անունը, մասնագիտությունը, ընկնում արկածների մեջ, տեսնում երկրի հակառակ կողմը։ Բայց ի վերջո վերադառնում է Երևան:

Մի մասում նույնությամբ կրկնվում է Շուկշինի պատմվածքի մի հատված: Կան հայհոյանքներ, որոնք, ըստ խմբագրի, օգնում են Նիկոլին տեսնել որպես մարդու, չֆետիշացնել նրան:

Շապիկի ձևավորումը Նիկոլ Փաշինյանինն է: Շապիկը թավշյա է, վերնագրի տառատեսակն ավազ է հիշեցնում, որը խորհրդանշում է այն երկրները, ծովափերը, որտեղ հայտնվել է Նիկոլ Փաշինյանը: Եթե ներբեռնեք Arloopa հավելվածը և պահեք գրքի շապիկին, ծրագիրը կճանաչի, և Նիկոլը կսկսի խոսել:

Վեպի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասում է, որ վիպագրության մասնագետները կարող են բազմաթիվ թերություններ գտնել, բայց գրքի բացառիկությունն այն է, որ գաղափարական առումով այն  «թավշյա հեղափոխության» ծրագիրն էր:

Գիրքը մինչև այս հրատարակելու փորձ եղել է, բայց չի ստացվել: 2018թ. ապրիլյան իրադարձությունները և Նիկոլ Փաշինյանը` դրանց առանցքում, օգնել են, որ «Անտարեսը» լրջորեն մտածի այն հրատարակելու մասին: Հրատարակչության տնօրենը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է տպագրել իր գիրքը: Աշխատանքը կատարվել է «հեղափոխական գրաֆիկով»:

«Անտարես» հրատարակչությունը «Երկրի հակառակ կողմը» վեպը տպագրել է 3 հազար օրինակով, 2 հազար օրինակ էլ տպագրելու է։ Վեպը լույս է տեսել 2 տիպի կազմով` կոշտ (5990 դրամ) և փափուկ (4990 դրամ): «Բուկինիստ» և «Հայ գիրք» գրախանութների գնահատմամբ, «Երկրի հակառակ կողմը» ամենաշատ վաճառվող գրքերից է։

 

Ալլա Դավթյան

ԲԵՍԹՍԵԼԼԵՐ

 

 

 

Ֆիլիպ Ռոթի հիշատակին

June 10, 2018

Նարինե Աբգարյանի ֆենոմենը

June 10, 2018