newmag-ը ներկայացրել է փաստեր հայտնի Ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոյի մասին, որը հեղինակել է ավելի քան 30 գրքեր և ֆիլմերի սցենարներ:
Պատրիկ Մոդիանո, երբ հնչեց այս անունը, աշխարհի առաջատար լրատվամիջոցներն ու հրատարակիչները 6 ժամ փնտրում էին նրան: «Մեր ժամանակների Մարսել Պրուստ». Շվեդական ակադեմիայի պաշտոնյան նրան այսպես ներկայացրեց Նոբելյան մրցանակի լուրը հաղորդելիս: Ֆանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն համաշխարհային գրականության Օլիմպոսը գրավեց 2014-ին: Նոբելյան մրցանակը նրան շնորհեցին «հիշողության արվեստի համար, որով բացահայտում է աննկատելին մարդկային ճակատագրում և ցույց է տալիս կյանքը ֆաշիստական օկուպացիայի տարիներին»: Ո՞վ է նորընծա Նոբելյան մրցանակակիր գրողը: Ներկայացնում ենք 10 փաստ «անհայտ» գրողի մասին, որը հեղինակել է ավելի քան 30 գրքեր և ֆիլմերի սցենարներ:
1. Նա սիրում է երկիմաստ լինել
Առաջին հայացքից նա գրում է դետեկտիվ ժանրում: Մոդիանոն պատկերում է «կասկածելի աշխարհ», որտեղ արարքները թաքցված են, հիշողությունները՝ մշուշոտ, ինքնությունները՝ անորոշ: Նույնիսկ երբ խոսում է, Մոդիանոն ինքն էլ է երկիմաստ: Խոստովանում է՝ իր կերպարները «գոբելենի պատկերներ են, որ հյուսված են կիսաքուն վիճակում»: Իր գործերից մեկում մեջբերում է Ստենդալի խոսքը. «Ես չեմ կարող պատկերել ստույգ փաստերը, կարող եմ միայն նկարագրել ստվերները»: |
2. Ֆրանսերենում տերմին կա նրա անվամբ
Նրա այդչափ խորհրդավորությունը ֆրանսերենում նոր բառի առաջացման պատճառ է դարձել: Ֆրանսիացիները “modianesque” տերմինով բնորոշում են կասկածելի, երկիմաստ մարդուն կամ իրավիճակը: |
3. Նա դժբախտ փոքրիկ տղա է եղել
Ծնվել է Փարիզում, 1945-ին: Հայրը Իտալիայից եկած հրեա Ալբերտո Մոդիանոն էր, մայրը՝ ֆլամանդացի դերասանուհի Լուիզա Կոլպեյնը: Հայրը սև շուկայում հաջողակ բիզնեսմեն էր: Համագործակցում էր նացիստական գաղտնի ծառայության հետ: Այդ պատճառով լքել էր ընտանիքը: Մոդիանոն մինչև վերջ չներեց հորը, չհաշտվեց նաև մոր հետ, որը տանը գրեթե չէր լինում շրջագայությունների պատճառով: Նրա տխուր մանկությունն այսքանով չի ավարտվում: Երբ 12 տարեկան էր, կրտսեր եղբայրը՝ 10-ամյա Ռուդին, մահանում է հիվանդությունից: Հետո Պատրիկ Մոդիանին երկար տարիներ է անցկացնում գիշերօթիկ դպրոցներում: 17 տարեկանում վերջնականապես կորցնում է հոր հետ կապը: |
4. Նրա հարսանիքը նույնպես դրամատիկ էր
1970-ին ամուսնացել է Դոմենիկ Զերֆուսի հետ: Ունեն երկու դուստր՝ Զինան և Մարին: 2003-ին Elle ամսագրի հարցարզրույցում Մոդիանոյի կինը պատել է իրենց հարսանիքի տխուր օրվա մասին. «Անձրևում էր: Իսկական մղձավանջ էր: Մեր խաչեղբայները սկսեցին վիճել Դյուբուֆի մասին (ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ Ժան Դյուբուֆ), ու թվում էր՝ ոչ թե հարսանիք է, այլ թենիսի խաղ էինք դիտում: Գուցե այդքան վատ չէր լինի ամեն ինչ, եթե գոնե նկարներ ունենայինք: Բայց միակ հյուրը, որ տեսախցիկ ուներ, մոռացել էր այն բերել…» |
5. Թվում է՝ նրան այդքան էլ հաճելի չէ գրելը
Մոդիանոն գրելը նմանեցնում է մառախուղի ժամանակ մեքենա վարելու հետ. «Դու չգիտես՝ ուր ես գնում: Միայն գիտես, որ պետք է առաջ գնաս»: Le Figaro-ի հետ հարցազրույցում նշում է. «Երկար ժամանակ ու պարբերաբար նույն երազն էի տեսնում: Երազում էի, որ էլ ստիպված չեմ լինելու գրել, որ ես արդեն ազատ եմ: Ես ազատ չեմ: Ավա՜ղ: Ես դեռ մաքրում եմ նույն տեղանքը՝ կարծես այն վերջ չունի»: |
6. Բայց նա հանճարեղ է
Առաջին գիրքը հաջողությամբ հրատարակեց 1967-ին: Ընդամենը 22 տարեկան էր: La place de l΄etoile-ը («Աստղերի տեղը») 2-րդ համաշխարհայինի տարիներին հրեա լինելու ամոթի զգացումի մասին է, երբ հրեաները հարկադրված էին կրել տարբերակող դեղին արտահագուստը: |
7. Նա ծայրահեղ մանրակրկիտ է
Պատրիկ Մոդիանոյին «գրական հնագետ» են ասում: Նրա աշխատանքները 1940-44 թվականներին օկուպացված Ֆրանսիայի մասին են: Նրա գործերում պատերազմի տարիների Փարիզը հարուստ է մանրազնին նկարագրություններով: Ճշգրիտ են՝ փողոցների և սրաճարանների անունները, մետրոյի կայարանները: Թվում է՝ Մոդիանոն գլուխկորտուկ է հավաքում այն ժամանակների թերթերի կտորներից, աղոտ վկայություններից և հին հեռախոսագրքերից: |
8. Նրան չափազանց դժվար է թարգմանել
Նեբրասկայի համալսարանի ֆրանսերենի պրոֆեսորը Ջորդան Սթամփը, որը 1996-ին թարգմանել է Մոդիանոյի «Դուրս գալով խավարից» գիրքը, ասում է, որ նույնիսկ գրքի օրիգինալ անվանումը թարգմանելիս է բարդությունների առաջ կանգնել. «Նրա աշխատանքներում զուսպ պոեզիա կա: Պարզ ոճով թարգմանես, թե պոետիկ` միևնույն է ամբողջովին կորցնում ես ձայնը»: |
9. Նա «թրջվել» է նաև դերասանի ու սցենարիստի գործում
1997-ին Մոդիանոն «Հանցագործության ծագումնաբանները» ֆիլմում Բոբի դերակատարն էր: Սցենարիստի իր դեբյուտը նա ավելի վաղ է նշել՝ 1974-ին, «Լակոմբիե Լուսիեն» ֆիլմով: Կինոժապավենը 18-ամյա տղայի մասին է, որին Ֆրանսիական դիմադրության շարժման ժամանակ ձերբակալում է գեստապոն: Նրա գրած սցենարով հաջորդ ֆիլմը՝ “Une Jeunesse”-ը, մեծ էկրան է բարձրացել 1983-ին: Երրորդը 2003-ին էր. Bon Voyage-ը կրկին Մոդիանոյի սիրելի թեմայով է` օկուպացված Փարիզի մասին է: Ի դեպ, 2000-ին Պարտիկ Մոդիանոն Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ էր: |
10. Նրա երկակի զգացումը Նոբելյան մրցանակի պատճառով
Երբ հոկտեմբերի 9-ին Շվեդական ակադեմիայում հնչեց գրականության ոլորտում 2014-ի Նոբելյան մրցանակակրի անունը, Պատրիկ Մոդիանոն սովորության համաձայն զբոսնում էր Փարիզում: Նրան 6 ժամ փնտրում էին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցներն ու հրատարակիչները: Եվ չէին գտնում: «Հիշողության արվեստի» համար գրականության ամենաբարձր պատվին արժանացած գրողը պարզապես մոռացել էր բջջայինի մասին: Միայն երեկոյան տուն վերադառնալով` իմանում է նորությունը: Աղջիկն է հայտնում. «Երբեք չեմ մտածել Նոբելյան հեղինակ դառնալու մասին: Խորապես զգացված եմ: Դեռ լիովին չեմ գիտակցում կատարվածը: Կարծես, երկու տարբեր մարդկանց մասին լինի խոսքը. մեկի, որն իմ անունն ունի, ու նրան շարունակ շնորհավորում են, և մեկ ուրիշի, որը հեռու է իր շուրջ եռացող կրքերից»: |