Մանհեթենի հիվանդանոցում, 85 տարեկանում մահացել է «Պորտնոյի ցավը» վեպի հեղինակ Ֆիլիպ Ռոթը: Մահվան պատճառը` սրտի անբավարարությունն է եղել:
Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոթը գրում էր սեռական ինքնատիպության և հրեաների կյանքի մասին: Նա 20-րդ դարի ամենաազդեցիկ գրողներից մեկն է: Նրա գրքերը թարգմանվել և տպագրվել են շատ երկրներում (Ֆիլիպ Ռոթի «Պորտնոյի ցավը» վեպը թարգմանվել է հայերեն):
Ֆիլիպ Ռոթի անունը ցնցեց գրական աշխարհը, երբ տպագրվեց նրա «Մնաս բարով, Կոլամբուս» վեպը: Իր գրական կարիերայի ընթացքում Ռոթը հրատարակել է ավելի քան 30 գիրք, որոնք մեծ ճանաչում ստացան` արժանանալով հեղինակավոր մրցանակների: Ֆիլիպ Ռոթը ստացել է նաև National Book և PEN/Faulkner մրցանակները:
Գրողը 6 տարի առաջ հայտարարել էր, որ «Նեմեսիս»-ը լինելու է իր վերջին վեպը` վերջակետ դնելով իր գրական կարիերային. «Արձակում իմ գործն արել եմ: Չեմ ուզում էլ կարդալ դրանք, նորից սկսել գրել, նույնիսկ չեմ ուզում խոսել դրանց մասին»: Ռոթը կտրուկ փոխել էր իր ապրելակերպը: Գրիչը վայր դնելուց հետո նա սկսեց ավելի շատ կարդալ ու շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ:
Ռոթն աթեիստ էր ու չէր հավատում աստծո գոյությանը. «Աշխարհը իսկական դրախտավայր կդառնա, երբ մարդիկ դադարեն հավատալ աստծո գոյությանը»: Իր հարցազրույցներում հաճախ խոսում էր աստվածամերժության մասին` նշելով, որ ինքը հավատքի ճիշտ հակառակ տարբերակն է. «Հավատացյալ մարդիկ պարզապես սարսափելի են: Ինչպե՞ս կարելի է հավատալ այդ ստերին: Երբ գրում եմ` մենակ եմ, հավատքը չէ, որ կփրկի ինձ»: