Արձակագիր Արամ Պաչյանը «Հրապարակ» օրաթերթում անդրադարձել է 20-րդ դարի ամենաազդեցիկ գրողներից մեկի` Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ֆիլիպ Ռոթի կյանքին ու գրական գործունեությանը: Ինչի՞ց մահացավ Ֆիլիպ Ռոթը և ինչո՞ւ էր մահվանից առաջ գերեզմանատանը հողակտոր գնել:
«Գիշերն անկողին մտնելով՝ ժպտում եմ ինքս ինձ՝ մի օր էլ ապրեցի: Ութ ժամ անց արթնանալով՝ զարմանում եմ՝ մի գիշեր եւս վերապրեցի, ինչն էլ ինձ ստիպում է կրկին ժպտալ: Ես քնում եմ ժպտալով եւ արթնանում եմ ժպտալով: Ինձ շատ հաճելի է, որ դեռ ողջ եմ: Սա բարձր խաղադրույքներով խաղի է նման, մի խաղ, որ դեռեւս անցնում է առանց խութերի: Տեսնենք, թե որքան հաջողակ կգտնվեմ»,- իր վերջին հարցազրույցներից մեկում ասում էր քո սիրելի Ֆիլիպ Ռոթը՝ ամերիկյան գրականության մեծագույն հեղինակներից մեկը՝ արդեն անցյալում:
Համացանցում փնտրում ես մահվան պատճառը՝ «սրտային անբավարարություն»:
Վիքի-ում ինչ-որ բաներ ես կարդում․ «Արյան կանգն առաջանում է սրտի մկանների թուլության պատճառով, քանի որ չի կարող ապահովել արյան շրջանառությունը: Մեծ մասամբ սրտի ձախ փորոքի անբավարարության ժամանակ արյան փոքր շրջանառությունում լինում է կանգ… Սուր սրտային անբավարարությունը հանդիսանում է միոկարդի կծկումների վատացման արդյունք, երբ պակասում է սիստոլիկ եւ վայրկյանական արյան քանակը։ Սուր սրտային անբավարարությունը մեծ մասամբ լինում է ձախ փորոքային եւ կարող է արտահայտվել շատ ծանր կլինիկական նշանների տեսքով՝ սրտային ասթմա, թոքերի այտուց եւ կարդիոգեն շոկ»:
Ցավոտ եղած կլինի կամ շատ արագ՝ կայծակնորեն: Եթե այդպես է՝ թող շատ արագը, կայծակի նմանը: Բայց չէ, ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը՝ կյանքը: Ծնվել էր մարտի 19-ին՝ քո ծննդյան օրը… պատանյակին բնորոշ՝ սիրելի մարդուն մոտ լինելու նայիվ ուրախություն եւ, իհարկե, մեծ հպարտություն՝ «Մենք նույն օրն ենք ծնվել»:
Հարցազրույցից․ «Ինձ համար նախընտրելի գերեզմանատանը փոքր հողակտոր եմ գնել, կուզեի հենց այնտեղ թաղվել: Լուռ, խաղաղ վայր է, անցնող-դառնող էլ կա՝ գուցե մեկ-մեկ խնամեն»:
Եվ փնտրում-գտնում է՝ այնպես, ինչպես իր վեպերում, ուր հերոսները հանգչելու համար լուռ ու խաղաղ գերեզմանատներ են փնտրում: Եվ գտնում են:
Անպայման գրելու մասին․ «Ծանր աշխատանք բոլորն են ունենում: Յուրաքանչյուր իրական աշխատանք ծանր է: Իմ աշխատանքը եւս գրեթե միշտ անիրականանալի է եղել: Շուրջ հիսուն տարի առավոտը առավոտի ետեւից ես բախվել եմ գրքի հաջորդ էջին՝ անօգնական ու անպատրաստ: Գրելն ինձ համար ինքնապահպանման սխրանքն էր: Եթե չգրեի, կմեռնեի: Համառությունն ինձ փրկեց, ոչ թե տաղանդը: Դա նաեւ իմ երջանկությունն էր, մի բան, որ ինձ համար ոչինչ չէր նշանակում: Ես ինքնակարեկցանքից զուրկ էի: Թե ինչու հենց այսպիսի խնդրահարույց բան ինձ տրվեց, անգամ պատկերացում չունեմ: Հնարավոր է՝ գրելն ինձ ավելի մեծ սպառնալիքներից պաշտպանեց»:
Չգրելու մասին․ «Չեմ ուզում այլեւս գեղարվեստական գրականություն գրել. հիսուն տարվա պայքարը բավարար էր: Ես այլեւս չեմ ցանկանում գրականության ծայրահեղությունների գերին լինել: Ես իմ տաղանդը դեն եմ նետել եւ կարող եմ ազատ շունչ քաշել: Երեք տարի առաջ, երբ թողեցի գրելը, որոշեցի ազատ ժամանակս տրամադրել իմ՝ երիտասարդ տարիքում ամենասիրելի գրողների ստեղծագործությունները վերընթերցելուն. նրանք էին Դոստոեւսկին, Տուրգենեւը, Քոնրադը, Ֆոլքները, Հեմինգուեյը, Չեխովը…»:
«Հայրիշխանություն»՝ Ֆիլիպ Ռոթի երեք տասնյակ գրքերից քեզ համար ամենաթանկը, որ գնեցիր «Ամազոնից» եւ գնեցիր հենց այն հրատարակությունը, որի կազմին հոր եւ որդու սեւ-սպիտակ լուսանկարն է:
Մայիսի 22-ին կյանքից հեռացավ ամերիկյան արձակի, համաշխարհային գրականության ամենահետաքրքիր ու համարձակ հեղինակներից մեկը՝ Ֆիլիպ Միլթոն Ռոթը:
Արամ Պաչյան