«Կոշկավաճառը» բեսթսելլերը թարգմանվել է հայերեն

«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելլերը պատմում է «Nike» ընկերության հիմնադրի անցած ուղին:


Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Adidas» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար: Իսկ այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:

Գրքի թարգմանիչը «Էդիթ Պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանն է.
«Երբ անցած տարի թարգմանիչ էինք փնտրում հենց այս գիրքը թարգմանելու համար, գտանք մեկին, որի աշխատանքը մեր խմբագրությունն այնքան էլ չհավանեց: Որոշեցի ինքս թարգմանել ու առանց անունս նշելու ուղարկեցի իմ թարգմանությունը՝ ասելով, որ ուրիշ թարգմանչի աշխատանք է: Խմբագրությունում շատ հավանեցին ու ինձ ասացին, որ արագ կապվեմ այդ թարգմանչի հետ: Հենց այդ ժամանակ էլ ասացի, որ իրականում ես եմ թարգմանել»:

Ռոզա Գրիգորյանը գիրքը թարգմանել է 5 ամսում, այդ ընթացքում հասցրել է ուսումնասիրել հեղինակի կյանքն ու բրենդի ստեղծման պատմությունը: «Նայքի» թե՞ «Նայք», չնայած այն փաստին, որ Ֆիլը ցանկանում էր, որ իր բրենդն արտասանեն՝ «Նայքի», ամբողջ աշխարհում ասում են՝  «Նայք».
«Հաշվի առանք նաև անգլերենի տառադարձությունը ու մենք նույնպես, կանգ առանք «Նայք» տարբերակի վրա: Գրքի օրիգինալ անունը “Shoe Dog” է, ինչը եթե բառացի թարգմանենք կնշանակի՝ «Կոշիկի գայլ», այսինքն, մարդ, որը կոշիկներ է վաճառում: Որոշեցինք, որ վերնագիրը պետք է մեկ բառով լինի, երկար քննարկումներից հետո էլ որոշեցինք անվանել «Կոշկավաճառը»»,-նշում է Ռոզա Գրիգորյանը:

«էդիթ պրինտ» հրատարակչության մարքեթինգի բաժնի ղեկավար Շավարշ Կարապետյանը վստահ է, որ գիրքը կհավանեն հատկապես գործարարները.
«Սկզբում երբ կարդացինք գիրքը հասկացանք, որ այն սովորական բիզնես գիրք չէ, այլ մարդու պատմություն է: Դու հասկանում ես, որ եթե ունես նպատակ ու ոգեշնչված ես, ապա ամեն ինչի կարող ես հասնել: Ֆիլ Նայթը ավելի համեստ գործարարի կերպար է, հարցազրույցներ չէր տալիս ու հաճախ տեսադաշտից դուրս էր մնում: Գիրքն ընթերցելիս տեղ-տեղ հեղինակի հետ նաև հուզվում ես, ցանկացած մարդ, որ չնչին հետաքրքրված է գործարարությամբ վստահ եմ, կհավանի գիրքը»:

Այս գիրքը նաև Բիլ Գեյթսի սիրելի գրքերի ցանկում է. ««Կոշկավաճառ»-ը 2016 թվականի իմ ամենասիրելի հինգ գրքերից մեկն է: Զարմանալի պատմություն, ազնիվ հիշեցում այն մասին, թե ինչպիսին է իրականում հաջողության ուղին բիզնեսում: Այն խառնաշփոթ, վտանգավոր և քաոսային ճանապարհորդություն է, որը զուգորդվում է սխալներով, անվերջ պայքարով և զոհողություններով: Ֆիլ Նայթը սակավ գործադիր տնօրեններին բնորոշ բացառիկ բացահայտումներ է անում»,-ասել է Բիլ Գեյթսը:

Մարկ Տվենն ու Օլիվիա Լանգդոնը. տիկինն ու խուլիգանը

February 16, 2020

Յու Նեսբյոյի նոր գիրքը կհրատարակվի այս տարի 

February 16, 2020