Ո՞վ է երրորդը։ Այս հարցին փորձել է պատասխանել լրագրող, արձակագիր Սարգիս Գոքորյանը` իր 4-րդ գրքում։
Հեղինակը վստահեցնում է` սա գիրք է, որը հիմնված է իրական փաստերի վրա։ <<Մեր մասին է, մեր կյանքի մասին է։ Կարդալով գիրքը` ընթերցողը կհասկանա` ինչու է կինը դավաճանում ամուսնուն կամ ինչու` ամուսինը չի նկատում շատ կարևոր իրադարձություններ։ Կարող ենք ասել, որ սա ընտանեկան դրամա է>>:
Գոքորյանն ասում է` այս գիրքը գրելու գաղափարն առաջացել է 1 տարի առաջ, երբ Վրաստանում հանդիպել է իր ապագա հերոսներին։ Նրանց խնդրանքով էլ որոշել է մտքերը հանձնել թղթին։ Գիրքը հրատարակվել է 500 օրինակով։ Հեղինակը նշում է՝ սա վիպակ է, որը կարդալով յուրաքանչյուր ընթերցող կարող է ավարտել յուրովի։
Սարգիս Գոքորյանի գործերի սիրահար Անահիտ Բախշյանն էլ համոզված է ՝ այս գիրքը կարդալով ընթերցողը կստանա բոլոր այն հարցերի ու գաղտնիքների պատասխանները, որ առաջացել են նախորդ աշխատանքները կարդալիս:
Արփի Մուրադյան