«Զանգակ» հրատարակչությունը Գրքի երևանյան երկրորդ փառատոնին է ներկայանում նոր գրքերով:
«Գերբնական գազանները», «Հարի Փոթերը», «Էնեականը», «Շեռլոկ Հոլմսը» և «Կեսգիշերի զավակները» այս տարվա նորույթներն են:
«Փառատոնին ներկայանում ենք «Զանգակ Գրատուն»-ով, ներկայացնում ենք թե Զանգակի հրատարակած գրքերը և թե այլ հրատարակիչների և հեղինակների գրքերը: Լավ կլինի որ գալիք փառատոնների ժամանակ լինի ոչ թե գրքի վաճառք, այլ շփում գրողի և հրատարակչի հետ»,-նշեց հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը:
2019 թվականին հրատարակվող գրքերի մի մասն արդեն որոշել են, մյուս մասը՝ ընթացքի մեջ է: Հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի «Զանգակը» մոտ 50 գիրք է հրատարակում, հաջորդ տարի փորձելու են ավելի շատ գիրք հրատարկել.
«Հաջորդ տարվա համար մոտ 40 գիրք արդեն նախատեսել ենք: Շուտով կհրատարակվեն հայտնի գրողներ Սթիվեն Քինգի և Չակ Պալանիկի գրքերը: Դանիել Սմիթի «Մտածել ինչպես Շեռլոկը» գիրքը այս տարվա ամենապահանջված գրքերից էր, հաջորդ տարի կհրատարակենք այդ շարքի՝ «Մտածել ինչպես Այնշտայնը» գիրքը»:
«Զանգակ» հրատարակչությունն այս տարի հրատարակել է ֆրանսիացի անվանի դրամատուրգ Յասմինա Ռեզայի ամենահայտնի պիեսներից՝ «Սպանդի Աստվածը», «Զրույցներ հուղարկավորությունից հետո», «Ձմեռնամուտ», «Պատահականության մարդը», «Արվեստ», «Կյանքի երեք տարբերակ» ստեղծագործությունները: Պիեսներ շարքից առաջիւն անգամ հայերեն են թարգմանվել նաև Արթուր Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947), «Վաճառողի մահը» (1949), «Սալեմի դատավարությունը» (1953), և «Տեսարան կամուրջից» (1955) թատերագրությունները, որոնք հեղինակին բերեցին միջազգային համբավ և մնում են նրա ամենաճանաչված գործերը ԱՄՆ–ում, Եվրոպայում և այլուր: