Բացվել է «Զանգակ» գրատունը

Քաղաքի ճիշտ կենտրոնում` «Զանգակ» գրախանութի մուտքի դիմաց կախված զանգը կարելի է հնչեցնել միայն գիրք գնելուց հետո: Ներս մտնելիս պետք է ուշադիր լինել չմոլորվելու համար. գրքերն ու միջանցքներն այստեղ շատ են:


Գրատան առաջին հարկը մանուկների համար է. այստեղ ներկայացված են հեքիաթների ժողովածուներ, պատկերազարդ գրքեր և խաղեր: Առաջին հարկում առանձին պահարան է հատկացված բեսթսելլեր գրքերին: Երկրորդ հարկում  սրահից սրահ ձգվող գրապահարաններն են մեծերի համար` դասական գրողներից մինչև ժամանակակից գրականություն: Գրատան երկրորդ հարկում մեծ տեղ է հատկացված արտասահմանյան գրականությանը, իսկ միջավայրն այնպիսին է, որ մոռանում ես ժամանակի մասին ու փորձում հնարավորինս շատ գրքեր աչքի անցկացնել:

Նորաբաց գրախանությում մոտավորապես 11,000 անուն գիրք կա: Գրապահարանները բաժանված են ըստ ժանրերի և հեղինակների, որպեսզի հաճախորդներն ավելի հեշտ կողմնորոշվեն:

Զանգակը հասարակ գրախանութ չէ. այստեղ կարելի է գալ, սուրճ կամ թեյ պատվիրել գրապահարաններից ընտրել որևէ գիրք ու ընթերցել: Գրախանութի տնօրեն Արմեն Գասպարյանը նշեց, որ ինտերիերի հարցում հատկապես փորձել են այնպես անել, որ միջավայրը տրամադրող լինի. «Գրքերի տեսականին շատ է լինելու:  Մեր հրատարակիչների տարիներին հրատարակված գրեթե բոլոր գրքերն ունենք: Նախատեսում ենք մեծացնել օտարալեզու գրքերի տեսականին, կներկրենք ռուսալեզու և անգլալեզու գրքեր: Այս պահին գրատանը մոտավորապես 11,000 անուն գիրք կա»:

Գրախանութը հարմար է այն ընթերցասերների համար, որոնք սիրում են երկար ժամանակ անցկացնել գրքերի հետ, ուսումնասիրել, սուրճ խմել ու գիրք կարդալ: Երկրորդ հարկում, պատուհանագոգին կարելի է նստել, միացնել համակարգիչը և աշխատել: Գրախանութի այդ հատվածում տեղադրված են հատուկ լույսեր երեկոյան ժամերին գիրք ընթերցելու համար:

Գրախանութի տնօրենը նշեց, որ իրենց նպատակն է գրախանութը դարձնել ընթերցասերների սիրելի վայրը. հենց այդ նպատակով այստեղ կազմակերպվելու են գրքի քննարկումներ, շնորհանդեսներ ցուցադրություններ և հանդիպումներ գրողների հետ: Գրատան լայն ու ազատ տարածքը, հարմարավետ սեղաններն ու աթոռներն ավելի կտրամադրեն ընթերցողներին գիրքը մանրակրկիտ ընտրելու ու ուսումնասիրելու համար:

Այուրվեդան հայերեն

July 20, 2018

Ֆլիպ Ռոթ. Իմ մտքում մի անտի-Ռոթ կա

July 20, 2018