Կայացավ «Սիրո 5 լեզուները» գրքի շնորհանդեսը

newmag-ը ներկայացրել է «Սիրո 5 լեզուները» համաշխարհային բեսթսելլերը:


5 լեզու՝ սիրելու և սիրվելու մասին։ newmag ընկերությունը հրատարակել է ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գիրքը։ Հավերժական սիրո գաղտնիքը բացահայտելու համար այն կարդում են ամբողջ աշխարհում և գիրքը դարձել է համաշխարհային բեսթսելլեր։ Այսօր այն նաև հայ ընթերցողի սեղանին է։

«Բոլոր 5 լեզուներն էլ խիստ անհատական են: Յուրաքանչյուր մարդ ունի իր առաջնային սիրո լեզուն: Կողակցի խնդիրն է բացահայտել նրա սիրո լեզուն և սովորել խոսել այդ լեզվով», – ասում թարգմանիչ Լիլիթ Գրիգորյանը: 

Գիրքն անգլերենից թարգմանել է Լիլիթ Գրիգորյանը: «Սիրո 5 լեզուները» գրված և թարգմանված է պարզ և հստակ բառապաշարով: Այն ունիվերսալ ձեռնարկ է՝ խորհուրդների ու օրինակների մեծ պաշարով: Սիրո 5 լեզուները կարող են կարդալ բոլորը, այն չի ճանաչում սեռ, տարիք և ազգություն: Թարգմանչի կարծիքով՝ գիրքը հատկապես կարևոր կարող է լինել հայ տղամարդկանց համար:

«Կենցաղում պետք է կնոջն օգնել, պետք է տունը մաքրել, փոշեկուլ անել, պետք է լվացք անել, երբ կինը աշխատում է: Նման հարցերը գուցե չընդունվեն, բայց շատ ցանկալի կլինի, որ ի գիտություն վերցնեն», – ասում է Լիլիթ Գրիգորյանը:

Սիրո 5 լեզուները գրքի հրատարակմանն աջակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը։ Գրքի ամենասկզբում կա Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության գիրը, որը յուրօրինակ նախաբան է։ Հայ Առաքելական եկեղեցին 2019 թվականը հայտարարել է ընտանիքի տարի, և newmag-ի հրատարակած գիրքը ընտանիքի միջազգային օրվա առիթով է:

«Այս գիրքը ամուսնացած զույգերի համար բացառիկ հնարավորություն է շատ ու շատ առումով իրենց ընտանեկան հարաբերությունները վերանայելու, իրենց սիրային կյանքը զորացնելու համար»,– ասում է Տեր Եսայի քահանա Արթենյանը: 

Սա թեթև ընթերցանության ձեռնարկ է ամուսնացած զույգերի համար: Հեղինակը ամուսիններին փորձում է օգնել բուժել ծանր հարաբերությունները և առաջարկում 5 բաղադրատոմս, սիրո 5 լեզու՝ խրախուսանքի խոսքեր ասելու, օգտակար լինելու, նվերներ անելու, միասին ժամանակ անցկացնելու և ֆիզիկապես շփվելու հորդորներով:

«Երբեմն ամուսինները չգիտեն, թե ինչպես իրար հետ խոսեն: Այս գիրքն օգնում, բացատրում է, որ ամեն մարդ ունի իր լեզուն», – ասում է հոգեբան Րաֆֆի Շահվերդյանը:

«Հեղինակի առաջարկած մեթոդները հայ հասարակության համար ընդունելի են», – ասում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Գրքի շնորհանդեսին newmag-ը պատմեց հեղինակի մասին, ներկայացրեց գրքի համառոտ բովանդակությունը, Չեփմենի հատուկ հարցազրույցը ամերիկացի հայտնի լրագրող Օփրա Ուինֆրիին: Գրքի մասին խոսեցին նաև հայ հոգեբանները, որոնցից մի քանիսին newmag-ը գիրքը փոխանցել էր շնորհադեսից մի քանի օր առաջ: Շնորհանդեսի վերջում իր 40-ամյա ամուսնության սիրո լեզվի մասին խոսեցին բժշկուի Էֆրոստիա Նահապետյանն ու ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը։

Ինչո՞ւ է կարդալը ժամանակակից, բայց գրականության դասերը աշակերտներին դուր չեն գալիս

May 14, 2019

Ինչպե՞ս անգլերեն գրքեր կարդալով սովորել լեզուն

May 14, 2019