Ուսումնասիրությունները պարզել են , որ 2017-ին ամենից շատ կարդացել են Չինաստանում:
Պարզվել է, որ այնտեղ բնակչության 70% -ը կարդում է կանոնավոր: Ամբողջ աշխարհում մարդկանց 51%-ը, գոնե շաբաթը մեկ անգամ, գիրք է բացում: Սա պարզվել է GfK-ի առցանց հետազոտությունից հետո: Ուսումնասիրությունը անցկացվել է 17 երկրում` 22 հազար մարդու շրջանում:
- Եթե դուք մտածում եք ձեր սիրելիների հուզական վիճակի մասին, ապա գիրքը լավագույն նվերն է:
Օքսֆորդի համալսարանի աշխատակիցները հետաքրքիր փորձ են անցկացրել: Նախ մասնագետները թեստեր ու վարժությունների միջոցով մարդկանց հասցրել են սթրեսային վիճակի, հետո զբոսանքի, լավ երաժշտության ու գրքեր կարդալու միջոցով մասնակիցներին առաջարկել են լիցքաթափվել: Փորձից հետո պարզվել է, որ փորձի մասնակիցների 68%-ը սթրեսից ազատվել է կարդալով, 60%-ը` երաժշտություն լսելով, 54%-ն էլ` մեկ բաժակ լավ թեյ խմելու շնորհիվ: Պարզվել է նաև, որ փորձի մասնակիցների միայն 42%-ն է լիցքաթափվել քայլելու շնորհիվ: Նյարդերը թուլացնելու, լարվածությունից ազատվելու համար, ըստ մասնագետների, բավարար է կարդալ ընդամենը 6 րոպե:
- Գիրքն ունիվերսալ ու նորաձև նվեր է:
Գիրքը նոր գաղափարների ու թարմ մտքերի շտեմարան է: Այն հետաքրքիր ու հարմար նվեր է տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար:
Վեպերը հրաշալի նվեր են ռոմանտիկների համար, բիզնեսով հետաքրքրվողներին կարելի է նվիրել բիզնես-ձեռնարկներ, ինքնակենսագրականներն էլ տարբեր ճաշակի ու հետաքրքրության մարդկանց դուր կգան:
Պատկերազարդ հրատարակություններ, օրինակ` կարելի է նվիրել նրանց, ովքեր շատ են սիրում ճանապարհորդել ու հետաքրքրված են արվեստով: Հեքիաթներն էլ հրաշալի նվեր են երեխաների, շատ դեպքերում նաև մեծերի համար:
- Գիրքը դիվանագիտական նվեր է:
Գիրքը հիանալի միջոց է նվերի հասցեատիրոջ հանդեպ ձեր վերաբերմունքը դրսևորելու համար: Սա ոչ միայն ուշադրության նշան է, այլև հիանալի հնարավորություն՝ ցույց տալու համար, թե ինչ գիտես այն մարդու հետաքրքրությունների ու ցանկությունների մասին, որին նվիրում ես:
Սա նաև դիվանագիտական նվեր է: Օրինակ` մայիսին Վատիկանում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանցիսկոս պապը նրան նվիրեց երեք գիրք, որոնցից մեկը էկոլոգիայի մասին էր: Դրանից հետո համաշխարհային մամուլը սկսեց գրել, որ դա «քաղաքական նշանակության նվեր» է:
- Գիրքը նվեր է, որը կարող է դառնալ մշտական ուղեկից:
Գրքերը պիտանելիության ժամկետ չունեն: Գիրքը կարելի է կոնյակի հետ համեմատել: Այն ժամանակի ընթացքում չի կորցնում իր արժեքը, այլ հակառակը` թանկանում է:
Սա նվեր է, որը կարող է դառնալ ուղեկից անգամ ճանապարհորդությունների ժամանակ: Գիրքը լավ խմիչքի պես կլիցքաթափի ու կբարձրացնի ընթերցողի տրամադրությունը:
- Գիրքը նման է համեղ կոնֆետներով լիքը տուփի, այն կպատմի նաև տիրոջ ստատուսի մասին:
Այդ հրաշքների շտեմարանը բացելով` դուք մեծ բավականություն ու հաճույք կստանաք: Բայց, որ շատ կարևոր է, այն միայն օգուտ կտա. ոչ մի կողմնակի բացասական էֆեկտ: Կարող եք չայցելել հանրային գրադարաններ և ներբեռնել օնլայն գրքեր, այլ պարզապես կարող եք տանը ունենալ սեփական գրադարան: Որակյալ գրականության ժողովածուն շատ բան կպատմի դրա տիրոջ մասին:
Արփի Մուրադյան