Բրիտանացի գրող Էնն Մորգանը որոշեց տարվա մեջ կարդալ աշխարհի տարբեր երկրների հեղինակների գրած 196 գիրք: Ինչպես նրան հաջողվեց իրականացնել փորձարկումն ու ինչ սովորեցրեց դա գրողին` պատմում է Էնն Մորգանը:
«2012 թվականի սկզբին ես իմ առջև նպատակ դրեցի` մեկ տարում կարդալ ամեն երկրից մի գիրք: Ինձ սպասում էին հեղինակներ` 195 պետություններից: Իրականում` պատկերացում անգամ չունեի` ինչպես պետք է իրականացնեմ այդ խելահեղ թվացող ծրագիրը, բայց մի բան հստակ գիտակցում էի` գրեթե 200 երկրների հեղինակների գրքերը դժվար թե գտնեմ գրախանութի մի անկյունում: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի դիմել ամբողջ աշխարհի ընթերցողներին:
Նախ` բլոգ ստեղծեցի «Աշխարհի շուրջը` 196 գրքով», և խնդրեցի տարբեր երկրների բնակիչներին խորհուրդ տալ իրենց հեղինակների գրքերը, որոնք ես կկարողանայի կարդալ անգլերենով: Մտքովս էլ չէր անցնում, որ այդքան բուռն արձագանքներ կստանամ: Բոլորն իսկապես ուզում էին օգնել ինձ: Որոշ մարդիկ փոտով գրական շեդևրներ էին ուղարկում: Որոշներն օգնում էին հեղինակներ գտնելու հարցում: Եվ ամենահետաքրքիրը` մի քանի գրողներ, որոնցից էին Ակ Վելսապարը Թուրքմենստանից ու Խուան Մորգանը Պանամայից ուղարկում էին իրենց վեպերի դեռևս չհրատարակված թարգմանությունները: Իմ ծրագիր, իհարկե, իր դժվարություններն ուներ:
Ինչ բարդությունների հանդիպեցի
Օտարալեզու գրականության թարգմանություններ գտնելը բավականին բարդ է: Օրինակ` Մադագասկարում, Գվինեայում ու Մոզամբիկում այդքան էլ հաճախ չեն փառահեղ գրքեր գրվում, դրա համար էլ հաճախ ստիպված էի լինում կարդալ դեռևս չհրատարակված ձեռագիր վեպեր: Որոշ երկրներում ամեն ինչ ավելի վատ էր, ու իմ փորձարկությունը հայտնվում էր փակուղում. այն երկրները, որոն չունենք հիվանդանոցներ, ճանապարհներ, դպորցներ և այլն, դժվար թե մտածեն գրականություն ստեղծելու մասին: Եթե ես հրաշքով չծանոթանայի հարավսուդանցի գրող Ջուլիա Դուանիի հետ, որն ինձ համար պատմություն գրեց, ես ստիպված էի լինելու գնալ Ջուբու ու խնդրել, որ ինձ պատմեն տեղական լեգենդը: Այսպիսի դժվար դեպքերն ինձնից խլում էին ճիշտ այնքան ժամանակ, որքան բուն ընթերցանությունը: Եղել են օրեր, երբ քնելու ցանկության հետ կռիվ տալով կարդացել եմ, որպեսզի կատարեմ ընթերցանության իմ տարեկան ծրագիրը:
Գրական ճանապարհորդություն
Մի խոսքով` արժեր: Մինչ ես ճանապարհ էի հարթում աշխրարհի «գրական լանդշաֆտներում», սկսեցին տարօրինակ բաներ կատարվել: Բազմոցին նստած գիրք կարդալիս ես ոչ միայն ճանապարհորդում էի դեպի հեղինակի հայրենիք, այլև մտնում էի նրա հեգական աշխարհը: Կունզանգ Չոդենի վեպի կարդալիս, օրինակ, ես ոչ միայն ճանապարհորդեցի դեպի էկզոտիկ տաճարներ, այլև սկսեցի տեսնել դրանք բուդդայականի աչքերով: Գրքերն ինձ ստիպում էին զգալ ու տեսնել այն աշխարհը, որն ինձնից հեռու էր միլիոնավոր կիլոմետրեր: Այդ պատմություններն ավելի էֆեկտիվ էին, քան միջազգային լուրերը կամ ֆիլմերը, որոնք պատմում են փաստեր` այս կամ այն երկրի, ժողովրդի մասին: Ես ինձ միայնակ չէի զգում. կարծես` այդ երկրի ժողովրդի մի մասնիկը լինեի, այնքան միաձուլված, որ անջատել հնարավոր չէր: Եվ գլխավորը` ես հասկացա, որ գրական հորինվածքներն աշխարհին իրականություն են տալիս»:
Անի Սողոյան