Հակաուտոպիա, որը գիտեն բոլորը:
Ջորջ Օրվելի այս գիրքը դարձել է հակաուտոպիայի խորհրդանիշ, միևնույն ժամանակ` հոմանիշ: Երկար տարիներ է` «1984»-ը ամենաընթերցվող գրքերից մեկն է ամբողջ աշխարհում:
Գրիքի շատ դրվագներ կարող են հակասական թվալ, բայց սա այն դասական գործերից է, որ միանշանակ, պետք է կարդալ:
«1984» վեպը լույս է տեսել 1949 թվականին: Այդ ժամանակ Օրվելը արդեն գրել էր իր մյուս հայտնի գործը` «Անասնաֆերմա»-ն: Կարելի է ասել` նոր գիրքը նախորդի տրամադրության ու տրամաբանության շարունակությունն էր:
Գրքի առանցքային թեմաներն են` բռնապետության վտանգը, մարդու ազատությունների սահմանափակումը, տոտալիտար գաղափարների հանդեպ վախը:
Սյուժեյի կենտրոնում Ուինսթոն Սմիթ անունով մի մարդ է, որը ապրում է Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի սրտում:
Սմիթը ապրում է մի աշխարհում, որտեղ մի տոտալիտար կուսակցություն ամբողջությամբ կառավարում է երկիրը: Այդ կուսակցությունը իր իշխանության տակ է վերցրել ամբողջ ժողովրդին: Ցանկացած այլակարծություն համարվում էր հանցագործություն: Այն աշխարհում, որտեղ ապրում էր Սմիթը դժվար էր` նույնիսկ անհնար առանձնանալ ամբոխից:Պետք էր համակերպվել ու հաշտվել բոլորի ու ամեն ինչի հետ: Այդ աշխարհում սերը արգելվում էր: Մերժելի էր ցանկացած քնքուշ հարաբերություն. մարդիկ ամուսնանում էին միայն սերունդ տալու համար:
Այդ աշխարհում գործածվում է հատուկ լեզու, որը ստեղծվել է հատուկ նպատակով` բացառել օտար գաղափարների մուտքը առօրյա կյանք:
«1984» վեպի հակասական շատ տողեր դարձել են թևավոր խոսքեր: Օրինակ` «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունն ուժ է»:
Ուինսթոն Սմիթը արտաքնապես այդ աշխարհի օրինապաշտ ու ազնիվ քաղաքացի է, բայց նա ներքուստ տառապում է ազատության պակասից: Սմիթը նույնիսկ ռիսկի է դիմում, օրագիր է պահում և այնտեղ գրառումներ անում:
Շուտով հերոսին ընտրության հնարավորություն է տրվում` ապրել անվտանգ ու անազատ, թե ընդունել մարտահրավերները, դիմել վտանգի, բայց գուցե ապրել ազատ:
Արդեն մի քանի տասնամյակ է` այս վեպը գրանցում է վաճառքի ռեկորդներ: Տարածված լուրերի համաձայն` գրքի հերոսներից մեկի` Մեծ եղբոր նախատիպը Ստալինն է եղել: Գուցե դա է պատճառը, որ երկար տարիներ այս վեպը Խորհրդային միությունում արգելված էր:
Արփի Մուրադյան