Սրբերը նրանք չեն , որ մեղք չեն գործում, այլ նրանք, որ զղջում են ու քավում են իրենց մեղքերը:
- Ինչպե՞ս եք անցկացրել ամանորի արձակուրդը:
-Արձակուրդը կնոջս հետ անցկացրի՝ մեր ամառանոցում, որը վերջերս վարձակալել ենք Պետերբուրգի մոտակայքում: Այնքան տարօրինակ վայր է. մինչև ֆիննական պատերազմը այդտեղով անցնում էր Ֆինլանդիայի հետ ԽՍՀՄ-ի սահմանը: Սահմանը, նույնիսկ եթե այն նախկին է, հատուկ էներգիա ունի: Այժմ այդտեղ ամայի է, հարևաններս կատուներն են և աղվեսները: Այդ միջավայրում քեզ սահմանապահ ես զգում աշխարհի ու ինքդ քո միջև: Այդպիսի պայմաններում լավ ես գրում:
- Ես չեմ կարողանում հասկանալ ձեր «Լավրի» հսկայական հաջողությունը: Այս գործի մասին շարունակ խոսում են: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով ու, որ ամենակարևորն է, այն վաճառքի բարձր ցուցանիշ ունի: Ինչու՞:
-Ձեր ասածներին, միգուցե, ավելացնեմ երկու բան: Առաջինը կապված է գլոբալ մշակութային կլիմայի փոփոխությունների հետ: Սա մի մեծ թեմա է, որի մասին ես գրել եմ: Ինչ վերաբերում է Լավրի հարատևությանը, ես կասկածում եմ, որ դա միջնադարյան տեքստերի առանձնահատկություններով է պայմանավորված. դրանք չեն հնանում: Իսկ Լավրը մասամբ միջնադարյան գրվածք է: Դա էլ վտանգում է գրական հավերժությունը այս գործի համար: Այնպես որ, «Լավր»-ը ունի հնանալու բոլոր շանսերը:
- Չեք կարծում, որ Լավրը ընդհանրություններ ունի Թիխոն Շևկունովի` «Մեղավոր սրբերը » («Несвятые святые») գործի հետ: Մարդկանց միշտ անհանգստացնում է այն, ինչը վախեցնում է (իսկ սրբերի կյանքը իրենց տարօրինակ գործերով միշտ վախեցնում է ժամանակակից մարդուն):
– Մարդկանց մտահոգում է այն, ինչ նրանք չգիտեն: Եվ այն, ինչ նրանք չգիտեն (այստեղ ճիշտ եք), ամենից հաճախ էլ վախեցնում է: Չնայած ժանրային բոլոր տարբերություններին` այս երկու գրքերը ժամանակակից լեզվով ներկայացնում են այն, ինչը այս կամ այն կերպ առօրյա թեմաներին չես դասի:
Հետաքրքրությունը «ոչ առօրյա» թեմաներին վերաբերում է ոչ միայն կրոնական խնդիրներին: Անհայտ և հետաքրքիր թեմաների շրջանակը շատ ավելի լայն է: Իհարկե, այս շրջանակն ունի իր սահմանները:
Կարծում եմ, որ օրինակ` կիսահաղորդիչների թեման հետաքրքիր է և լայն հասարակությանը քիչ հայտնի է: Բայց եթե ինչ-որ մեկը սկսի գրել այդ մասին, քիչ հավանական է, որ նա շատ հաջողությունների հասնի, սա հասկանալի է: Կրոնական խնդիրները և մասնավորապես` եկեղեցական խնդիրները, այլ հարց են: Դրանք վերաբերում են բոլորին: Նույն կերպ և մահը:
Մահը մարդկային գոյության ամենաքիչ ճանաչված ոլորտներից մեկն է, նրա անբացատրելիությունը, այո, սարսափեցնում է շատերին: Եվ միայն կրոնն է մահվանը անդրադառնում այլ տեսանկյունից: Այն ցույց է տալիս, որ մահը կյանքի մի մասն է և դրանով իսկ հեռացնում է անհայտի սարսափը: Ինչ վերաբերում է սրբերին, նրանք «մեզ պես» են, միայն ավելի լավ: Սրբերը նրանք չեն , որ մեղք չեն գործում, այլ նրանք, որ զղջում են ու քավում իրենց մեղքերը:
Եթե մենք շարունակում ենք վախի թեման, ապա սրբերը իսկապես երբեմն վախեցնում են, քանի որ նորմայից ցանկացած շեղում սովորական մարդուն վախեցնում է: Բայց այդպիսի մարդկանց շնորհիվ մեր ստանդարտները շարունակում են մնալ ընդունելի մակարդակի վրա:
- Բացատրեք վեպի վերջը, ինչու՞ «ինքներս մեզ չենք հասկանում»:
Ինքդ քեզ հասկանալը շատ բարդ է: Ոչ նրա համար, որ դու հանելուկային ես: Պարզապես ինքը իրեն գնահատելիս մարդը չի ուզում կամ չի տեսնում իր որոշ հատկանիշներ:
Խնդիրը բարոյական հարթություն բերելով` կարող ենք ասել, որ հասկանալ, նշանակում է ճանաչել ու ընդունել սեփական սխալներդ: Մենք դժկամորեն ենք վերլուծում մեր անցյալը և ասում ենք, որ ինքներս մեզ չենք հասկանում: Ոմանք այդ արտահայտությամբ հպարտանում են, նրանց թվում է թե դա վկայում է իրենց խորության ու բարդության մասին:
Բայց դա, կարծում եմ, վկայում է, որ լրջորեն ինքներդ ձեզ վերաբերվելու ցանկություն չունեք: Այո, իմ հերոսներից մեկը արտաբերում է այդ միտքը, բայց այն ինձ մոտ կարեկցանք չի առաջացնում:
Արփի Մուրադյան