«Մոսկվա-Պետուշկին» պոեմի հեղինակը ընկերական նեղ շրջանում մի խաղ ուներ: Խաղի ամբողջ իմաստն այն էր, որ Երոֆեևը որոշում էր` ինչ քանակության օղի պետք է նա լցնի այս կամ այն գրականագետին:
Իր որոշման մեջ Վենյա Երոֆեևը խիստ էր ու կտրուկ: Ահա այսպես է նա նկարագրել այդ խաղի «կանոնները» հարցազրույցներից մեկի ժամանակ:
«…Եթե նա գար իմ տուն, որքան օղի կլցնեի նրան: Դե, օրինակ, Աստաֆյեվին կամ Բելովին: Մի գրամ անգամ չէի լցնի: Իսկ Ռասպուտինին` 150 գրամ: Իսկ եթե գային Վասիլ Բիկովն ու Ալես Ադամովիչը, ես նրանց մի ամբողջ բաժակ կլցնեի: Յուլիան Սեմյոնովին, երևի թե, զուգարանի ջուր կլցնեի մի քիչ…»:
Վլադիմիր Վոյնովիչին Երոֆեևը սպառնացել էր լցնել 2 կամ 3 բաժակ. իբրև թե նա արժանի է դրան: Բիտովին առաջարկել էր կես բաժակ: Ի դեպ, Բիտովը դրան բավականին ադեկվատ էր արձագանքել.
«Վենիչկա, ինչ էլ ասես, միևնույն է` քեզնից չեմ նեղանա»:
Բելլա Ախմադուլինային Վենեդիկտից բաժին էր հասնում լիքը բաժակ:
Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Երոֆեևը Աստաֆյեվի համար առանձնացնում է 15 գրամ, իսկ Բելովի համար, ինչպես առաջ, «ոչ մի կաթիլ»:
Անի Սողոյան