Հարուկի Մուրակամի. Շոկային գրականության հիմնադիրը

Մուրակամին ժամանակակից գրականության ամենակարևոր պոստմոդեռնիստ գրողներից մեկն է: Հեղինակել է 14 վեպ, պատմվածքների 12 ժողովածու և հեքիաթների 1 գիրք: Նրա գրքերը թարգմանվել են ավելի քան 50 լեզուներով:


Ո՞ւմ մասին է խոսքը

Հիմա ծանոթանանք: Հարուկի Մուրակամիին չպետք է շփոթել Րյու Մուրակամիի հետ. տարբեր մարդիկ են և տարբեր գրողներ: Հարուկին ավելի հայտնի է ամբողջ աշխարհում, և Մուրակամի ազգանունն առաջինը իր անվան հետ են ասոցացնում:
Մուրակամին ճապոնական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր է: Նոբելյան մրցանակ դեռ չունի, սակայն ամեն տարի գլխավորում է ֆավորիտների ցանկը:

Մուրակամին նմա՞ն է ճապոնացի մյուս գրողներին

Ճապոնիայում Մուրակամիին համեմատում են Սոսեկիի և Ակուտագավայի հետ: Ճապոնացի գրողը մեծացել է ամերիկյան մշակույթի ազդեցությամբ: Նրա սիրելի գրողները միշտ ամերիկացիներ են եղել: Բացի այդ, Հարուկին երկար ժամանակ ապրել է Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ինչը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործությունների վրա: Նրա գրքերում գործողությունները տեղի են ունենում ժամանակակից Ճապոնիայում: Հերոսները գլոբալացման դարաշրջանի մարդիկ են` համընդհանուր մշակույթ կրողներ: Մուրակամիի ստեղծագործությունը կարելի է բնութագրել մեկ բառով` կոսմոպոլիստական: Շատերը կարծում են, որ հենց սրա շնորհիվ են նրա գրքերը հայտնի ամբողջ աշխարհում:

Ինչո՞վ է առանձնահատուկ

1. Գրեթե բոլոր ստեղծագործություններում կան սյուրռեալիստական և ֆանտաստիկ էլեմենտներ: «Հրաշքների աշխարհն առանց արգելակների և աշխարհի վերջը» վեպում իրադարձությունները տեղի են ունենում մի քաղաքում, որի բնակիչները ստվերներ չունեն: Հեղինակը մարդկանց երազները կարդում է սատկած միաեղջույրների կմախքի միջից: Մուրակամիի գրքերում սովորական հերոսները հայտնվում են անսովոր իրավիճակներում: Հեղինակի խոսքով` սովորական մարդկանց անսովոր կերպով նկարագրելն իր սիրած զբաղմունքն է:

2. Մուրակամիի ստեղծագործություններում գերակշռում է անտիուտոպիան: Վառ օրինակ է 3 հատորից բաղկացած «1Q84»-ը, որը հիշեցնում է Ջորջ Օրուելի «1984»-ը:

3. Մուրակամիի վեպերը պոստմոդեռնիստական ստեղծագործություններ են, որոնցում ընթերցողն ինքն է որոշում` ինչն է իրեն հոգեհարազատ:

4. Հեղինակը ջազի մեծ սիրահար է: Հայտնի է իր ջազային սկավառակների մեծ հավաքածուով, որտեղ մոտ 40.000 սկավառակ կա:Մուրակամին երկար ժամանակ է, ինչ օրը 10 ժամ ջազ է լսում:

5. Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ ունեն կենդանիները` հատկապես կատուները: «Ոչխարների որս» վեպում ծեր կատուն տառապում  է գազերից, «The Wind-Up Bird Chronicle»-ում կատվի անհետացումը դառնում է առասպելական իրադարձության պատճառ, «Կաֆկան լողափին» ստեղծագործությունում գլխավոր հերոսը հասկանում է կատուների լեզուն և հեշտությամբ շփվում է նրանց հետ:

Ինչի՞ց սկսել և ինչ կարդալ

Եթե այն ընթերցողներից եք, որոնք փորձում են հեղինակի արվեստն ամբողջությամբ ընկալել, լավ կլինի սկսեք կարդալ Մուրակամիի առաջին գրքերը: 1979 թվականին լույս տեսավ «Լսիր քամու երգը»՝ «Առնետի եռագրության» առաջին մասը, որի համար հեղինակն արժանացավ «Գունդզո սինդզին-սյո» գրական մրցանակին: Տարեվերջին գիրքը վաճառված էր դեբյուտի համար անհավանական տպաքանակով՝ մոտ 150 հազար օրինակ։ 1980 թվականին հրատարակում է «Առնետի եռագրության» երկրորդ մասը՝ «Փինբոլ 1973»։ Երկու տարի անց ավարտում է իր առաջին վեպը՝ «Ոչխարների որս»-ը՝ «Առնետի եռագրության» երրորդ մասը, որի համար նույն թվականին ստանում է «Նոմա» մրցանակ։

«Լսիր քամու երգը» դեբյուտում նոր է ձևավորվում Մուրակամիի գրական ոճը: Գրքում չկա սյուժե, փոխարենը մտքեր են, որոնք ընդգծում են կյանքի կարևոր արժեքները: Եռագրության երկրորդ մասում `«Փինբոլ 1973»-ում, ի հայտ է գալիս նրա ձեռագիրը: Գրքի գլխավոր հերոսը տարօրինակ նախասիրություններ ունի` փինբոլի սիրհար է: Վեպի սյուժեն անկանխատեսելի է և զարմացնում է կտրուկ շրջադարձերով:
Եռագրության վերջին գրքում` «Ոչխարների որս»-ում, ոչխարների հոգիները մտնում են մարդկանց մարմինների մեջ: Ոչխարների նպատակն է աշխարհում անարխիա և քաոս տարածել:

Մուրակամիի ո՞ր գրքերը չարժե թերագնահատել

Գրեթե բոլոր հայտնի հեղինակներն ունեն գրքեր, որոնց մասին գիտեն բոլորը: Նաև կան գրքեր, որոնք ժամանակի ընթացքում մոռացվել են: Մուրակամին ևս ունի նման ստեղծագործություններ, որոնք պակաս հետաքրքիր չեն:

Ինչո՞ւ կարդալ Մուրակամի

Մուրակամին գրում է ժամանակակից կյանքի կամ մարդկության ապագայի մասին: Եվ նա դա անում է մաքսիմալ ճշգրտությամբ: Մուրակամիի ստեղծագործություններն օգնում են ձևավորել լայն մտահորիզոն: Նրա գրքերը հաճախ շոկի մեջ են գցում ընթերցողին:

 

10 հնարք, որ կօգնի Ձեզ ավելի շատ գրքեր կարդալ

June 25, 2018

Մարկ Մենսոն. Պրոբլեմներն աղյուսներ են, որոնցով կառուցում են երջանկությունը

June 25, 2018