Անգլիացի գրող Հիլարի Մանթելը 11 գրքի հեղինակ է: Երկու անգամ ստացել է գրական ամենահեղինակավոր Բուքեր մրցանակն ու հայտնվել բեսթսելլեր գրողների շարքում: Իր գրական կարիերայի ընթացքում Մանթելն արժանացել է 30 գրական մրցանակի:
Հիլարի Մանթելը չէր սիրում դպրոց գնալ: 11 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցին Չեշայր, որից հետո էլ երբեք չտեսավ իր խորթ հորը: Հիլարիի Giving Up the Ghost կենսագրական վեպը պատմում է գրողի մանկության մասին. «Իմ մանկությունն ասես նախադասություն լինի, որը ոչ մի կերպ չեմ կարողանում ավարտել»:
– Ինչպե՞ս սկսեցիք պատմավեպեր գրել:
Հ.ՄԱՆԹԵԼ – Ես դարձա գրող, որովհետև կարծում եմ բաց թողեցի պատմաբան դառնալու հնարավորությունս: Հենց այդ պատճառով էլ այն երկրորդ պլան մղվեց, ու դարձա գրող: Սկսեցի գրել Ֆրանսիական հեղափոխության մասին` ոչ թե հեղափոխության թշնամիների, այլ հեղափոխության լիդերների մասին:
– Ինչո՞ւ հենց այդ պատմությունը:
Հ.ՄԱՆԹԵԼ – Կարդացել էի բոլոր հնարավոր պատմական գրքերն ու վեպերը, ու ինձ չէր գոհացրել այն, ինչ կարդացել էի: Բոլոր պատմավեպերն արիստոկրատիայի և դրա հետևանքների մասին էին: Այդ ժամանակ մտքովս անցավ, որ այս բոլոր վեպերում մի շատ կարևոր բացթողում կա. իդեալիստ հեղափոխականների մասին ոչ ոք չի գրում: Նրանց մասին պատմավեպեր չկան, մինչդեռ իրենց պատմությունները պարզապես հրաշալի են: Որոշեցի, որ ինքս պետք է վեպ գրեմ նրանց մասին, որ հետո նստեմ ու կարդամ: Իհարկե, թվում էր, որ աշխարհում ես միակն եմ, որի մտքին փչել էր վեպ գրել հեղափոխականների մասին: Իմ նպատակը վավերագրական վեպ գրելն էր, որը հիմնված կլիներ իրական փաստերի վրա:
– Մարդկության պատմության քիչ մասն է պահպանվել, չէ՞:
Հ.ՄԱՆԹԵԼ – Իհարկե: Այդ ժամանակ դու հասկանում ես, որ գիտես, թե ո՞վ, ե՞րբ, ի՞նչ է արել, բայց թե ինչպե՞ս է դա եղել` հայտնի չէ:
– Եղե՞լ է, որ շեղվեք փաստերից` վեպը ճոխացնելու համար:
Հ.ՄԱՆԹԵԼ – Երբեք դա չեմ անի: Վեպը պետք է հիմնված լինի փաստերի վրա, հենց դրա շնորհիվ է այն հեշտ ընթերցվում: Հակառակ դեպքում, պարզապես իմաստ չկա: Ոչ ոք չի հասկանա ձեր գրածը: Գիտեք, լավ պատմավեպի ու լավ դրամայի միջև պայքար չկա: Գիտեմ, որ պատմությունը հստակ «ձև» չունի: Ճշմարտությունը լսելը միշտ տհաճ է, բայց այնտեղ միշտ ինչ-որ ավելացումներ կան, որ եթե աստված լինեիր, գուցե կարողանայիր կտրատել և ավելի ճիշտ «ձև» ստանալ: Կարծում եմ վեպ գրելու ամբողջ հետաքրքրությունը հենց այդ անհամապատասխանությունների հետ աշխատելն է:
– Ներառյալ հակասություննե՞րը:
Հ.ՄԱՆԹԵԼ – Իհարկե: Հակասություններն ու տհաճություններն են պատմավեպն արժեքավոր դարձնում: Ավելի հեշտ է ճիշտ ձևը գտնել, քան ձև հաղորդել:
– Ֆրանսիական հեղափոխությոան մասին Դուք գրեցիք A Place of Greater Safety վեպը, որը տասնամյակներ առաջ տպագրվեց: Ե՞րբ սկսեցիք այն գրել:
Հ.ՄԱՆԹԵԼ – Այն սկսեցի գրել համալսարանն ավարտելուց մեկ տարի անց, երբ 22 տարեկան էի: Գուցե 1974 թվականն էր: Գրում էի միայն հանգստյան օրերին` երեկոյան: 1977-ի գարնանը մենք տեղափոխվեցինք Բոթսվանա ու ստիպված էի կարճ ժամանակահատվածում արագ ավարտել հետազոտություններս ու հավաքել բոլոր հնարավոր փաստերը, որ հետո չզղջամ ու ասեմ, որ հնարավորությունը ձեռքիցս բաց եմ թողել:
Տարօրինակ կյանք էր: Մասամբ ապրում էի Բոթսվանայում, մասամբ` 90-ականներում: Ամբողջությամբ ընկղմված էի Ֆրանսիական հեղափոխության մասին վեպիս մեջ:
– Ուզո՞ւմ էիք գրող դառնալ:
Հ.ՄԱՆԹԵԼ – Երբեք: Չէի ուզում գրող դառնալ, երբ մի օր ձեռքս վերցրի գրիչն ու սկսեցի գրել: Այդ ժամանակ նկատեցի, որ առողջությունս վատ է: 19 տարեկան էի, զգում էի, որ առողջությանս հետ մի բան այն չէ. դռները փակվում են: Ես չէի կարող դառնալ այն, ինչ ուզում էի: Հետաքրքիր էր` մյուս գրողներն է՞լ են հիվանդության պատճառով գրող դարձել: Երբ 8 տարեկան էի` չափազանց ուշադիր էի ամեն ինչի նկատմամբ: Միշտ ուսումնասիրում էի ու ինքս ինձ հարցնում` ինչպե՞ս է սա ստեղծվում: 11-ից մինչև 18 տարեկան, ամեն անգամ դպրոց գնալիս մտածում էի եղանակի մասին ու չէի դադարում դա անել, մինչև մի ամբողջական պարագրաֆ էր ձևավորվում գլխիս մեջ: Թվում էր, թե գլխիս մեջ մի մեծ ֆայլ կա: Երբ գրեցի Every Day Is Mother’s Day վեպը, օգտվում էի իմ մտավոր ֆայլերի արխիվից: Իմ հավաքած բոլոր այդ պատմությունները մի օր վեպ դառան, ես էլ` գրող: