«Մեր հանդեպ կիրառվող որևէ անարդարություն չպետք է անպատասխան մնա, որ պետք է անպայման հակազդենք, բայց այնպես, որ նոր անարդարության տեղիք չտանք և նոր, ավելի սոսկալի պատուհաս չբերենք մեր գլխին»,- Ալեքսանդր Թոփչյան:
1.Քա՞նի լեզվով է թարգմանվել «Բանկ Օտոման» վեպը:
Առ այսօր թարգմանվել է հինգ լեզվով: Ռումիներեն՝ 2010թ., ֆրանսերեն՝ 2011թ., ռուսերեն՝ 2012թ., պարսկերեն՝ 2019թ. և սերբերեն՝ 2019թ. Մինչև Նոր տարի, ամենայն հավանականությամբ, եվրոպական երկրներից մեկում լույս կտեսնի վեցերորդ թարգմանությունը: Թույլ տվեք չասել, թե որ երկրում, ես մի քիչ
սնահավատ եմ: Մինչև գործը չլինի, ոչինչ չեմ ասում:
2. Վեպը թարգմանելիս պահպանվե՞լ է հեղինակային տեքստը, թե որոշ փոփոխություններ եղել են:
Ռումիներեն, պարսկերեն և սերբերեն թարգմանությունների վերբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Գիտեմ միայն, որ փորձառու և բարեխիղճ թարգմանիչներ են, և հուսով եմ, թե իմ տեքստն առավել ամբողջությամբ և անխաթար պահպանվել է: Ինչ վերաբերում է ֆրանսերեն և ռուսերեն թարգմանություններին, ապա կարող
եմ ասել, որ ամեն ինչ բարվոք է, մանավանդ ռուսերենը, որ թարգմանեց Անահիտ Թոփչյանը և Մոսկվայում լույս տեսավ առանց մի ստորակետ փոխելու:
3. Ի՞նչ եք մտածում թարգմանության լեզվական որակների մասին:
Ինձ ավելի հետաքրքրում է, թե վեպն ինչպես է մերվելու տվյալ երկրի, ժողովրդի լեզվամշակույթային համատեքստին: Ռումինացիների և հատկապես սերբերի պարագայում վեպը լիովին հասկանալի է լինելու: Նրանք հրաշալի գիտեն, թե ինչ բան է օսմանյան լուծը: Պարսիկների համար էլ, կարծում եմ, շատ բաներ
հասկանալի կլինեն:
4. Ովքե՞ր են դիմում թարգմանության համար. Հատուկ կազմակերպություններ, թե՞ անհատներ:
Որևէ կազմակերպություն ինձ չի դիմել, ես գործ եմ ունեցել բացառապես անհատների հետ: Այսինքն՝ ներողություն, մեկ անգամ, եվրոպական մայրաքաղաքներից մեկում տեղի հրատարակչությունը լրջորեն հետաքրքրվեց այս վեպով, նրանք տվել էին մասնագետներին՝ ընթերցելու, և հիացական կարծիքներ ստացել:
Ինձ հրավիում էին արդեն պայմանագիր ստորագրելու: Բայց ամեն ինչ անսպասելի փոխվեց՝ մեր հայրենակիցների, և ոչ թե թուրքերի եռանդուն միջամտության պատճառով: Այնպես որ, միայն
սնահավատությունը չէ պատճառը…
5. Ինչպե՞ս է թարգմանության ընթացքը լինում:
Դա կախված է թարգմանչի փորձառությունից և աշխատանքային նախասիրություններից: Ես, օրինակ, սկզբունքորեն, միանգամից համակարգչի վրա չեմ շարում թարգմանված տեքստը: Նախ թղթի, հետո նոր համակարգչի վրա:
6. Թարգմանություն, հրատարակում, վաճառք:
Հայերենի դեպքում և թարգմանությունը և հրատարակումը ես եմ կատարում, իսկ վաճառքը ոչ միայն գրախանութները:
7. Ո՞րն է Ձեր գրքում Ձեզ համար ամենազգայական հատվածը:
Այն դրվագը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես հեղափոխականները կեսգիշերն անց դուրս եկան բանկից և
տեսան իրենց գործողության անմիջական հետևանքը՝ գիշերվա ընթացքում մորթված հայերի դիակներով բեռնված սայլերի անվերջանալի շարանը…
8. Որտե՞ղ են վաճառում գիրքը:
Հատուկենտ օրինակներ են մնացել Նոյան Տապան, Արտբրիջ և Ֆենիքս գրախանութներում: Ցանկացողները
թող շտապեն, որպեսզի կարողանան վերջին օրինակները ձեռք բերել:
Ալլա Դավթյան