Գյումրիում տեղի ունեցավ Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը

Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում, անվանի գործարարի ու բարերարի արձանի հարևանութամբ տեղի ունեցավ նրա մասին պատմող առաջին կենսագրական գրքի շնորհանդեսը։


Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը սկսեց փող վաստակել 9 տարեկանից՝ թերթեր վաճառելով: 8-րդ դասարանում թողեց դպրոցը և սկսեց զբաղվել բռնցքամարտով: 23 տարեկանում ստացավ օդաչուի որակավորում և 2 տարի ծառայեց Մեծ Բրիտանիայի օդային ուժերում՝ ռազմական օդանավով չվերթներ իրականացնելով Կանադայից Եվրոպա: Իր հավաքած գումարով Քըրքորյանը գնեց Cessna օդանավը, որով էլ սկսեց մասնավոր չվերթներ իրականացնել: Հետագայում նա 60 հազար դոլարով գնեց Los Angeles Air Service չարթերային ավիաընկերությունը, որը տարիներ անց վաճառեց 104 միլիոն դոլարով: 

Քըրք Քրքորյանը փակ մարդ էր, հարցազրույցներ տալ չէր սիրում և խուսափում էր ելույթներ ունենալուց: «The Los Angeles Times» թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը ուսումնասիրեց Քըրքորյանի մասին պատմող բոլոր տեսագրությունները, փորփրեց Լոս Անջելեսի գերագույն դատարանի արխիվները և հավաքեց բոլոր հնարավոր փաստերն ու հետաքրքիր պատմությունները նրա մասին: Պրոդյուսեր Վիլյամ Վան դեր Քլութի «Թռչելով գաղտնի երկնքում» փաստագրական ֆիլմը Քըրքորյանի մասին է: Այն ներառում է հատվածներ ուղիղ եթերով հեռարձակված Քըրքի հետ հարցազրույցից, որտեղ նա պատմում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարության հետ հարաբերությունների մասին: Պրոդյուսեր Վիլյամ Վան դեր Քլութը Ռեմփելին տրամադրեց Քըրքի հետ հարցազրույցի արձանագրության ամբողջական տեքստը: Ունենալով մեծ արխիվ, Ուլիյամ Ռեմփելը գիրք գրեց ամերիկահայ գործարարի մասին՝ «Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ խոշորագույն գործարարը»:

Գրքի հեղինակ Ուլիյամ Ռեմփելը փաստում է. «Սա 98 տարվա կյանքի ոգեշնչող պատմություն է Քըրք Քըրքորյանի մասին՝ մի տղայի, որը ոտաբոբիկ վազվզում էր Կալիֆոռնիայի Սան Խոակին հովտի բերքառատ ու փափուկ հողի վրայով, մինչև ընտանեկան ֆինանսական քաոսը նրան քաղաքի տղա դարձրեց, որն ստիպված էր պայքարել` Լոս Անջելեսի կեղտոտ մայթերին իր տեղը գտնելու համար»:

Ռեմփելի «Խաղացողը» մեծ ճանաչման արժանացավ Ամերիկայում: Այն հրատարակվեց 2018-ի հունվարի 23-ին և կարճ ժամանակ անց դարձավ ամերիկյան բեսթսելլեր՝ հայտնվելով Amazon-ի և  Goodreads-ի ամենաշատ ընթերցված գրքերի շարքում: Գիրքը հայերեն թարգմանեց «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչներն են Ալինա Միրզոյանն ու Աննա Միրզոյանը: Գրքի շնորհանդեսը տեղի ունացավ Գյումրու Աբովյան ճեմափողոցում՝ Քըրք Քըրքորյանի  արձանի հարևանությամբ: 

Թարգմանիչ Ալինա Միրզոյանի կարծիքով գիրքն առանձնահատուկ է հատկապես հայ ընթերցողի համար. «Հայ ընթերցողն այսօր հերոսների և նրանցով հպարտանալու կարիք ունի։ Այս առումով, Քըրքորյանը շատ հայերի համար նույնացվում է «Ամերիկյան երազանքի» հետ. աղքատ հայ ընտանիքի զավակ, որն իր աշխատասիրության, նպատակասլացության, համառության եւ հավատը երբեք չկորցնելու շնորհիվ չքավորությունից հասավ մինչեւ Լաս Վեգասի անհաղթահարելի թվացող բարձունքները։ Քըրքը, Հայաստանում ծնված չլինելով, ամուր թելերով կապված էր հայրենիքին։ Չէր սիրում աշխարհով մեկ թմբկահարել իր բարեգործությունների մասին, բայց բոլորս էլ այս կամ այն չափով տեղյակ ենք հայրենիքին նրա ցուցաբերած օժանդակության մասին»:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի խոսքով քչերը գիտեն մեծանուն հայի մասին, և գրքի հայերեն թարգմանությունը մեծ անհրաժեշտություն էր. «Մեզ համար մեծ պատիվ է Քըրք Քըրքորյանի մասին գիրք հրատարակելը: Այս գրքում կան այնպիսի փաստեր, դրվագներ, որոնք մինչև այս հայտնի չէին, և որոնց մասին արժե իմանալ»: Շավարշ Կարապետյանը նշեց «Էդիթ Պրինտ»-ի նոր արշավի մասին: Այն սկսել են օգոստոսի 4-ին՝ Գյումրիից՝ Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքից։ «Այս անգամ որոշեցինք առաջնահերթությունը տալ մարզերին, քանի որ շնորհանդեսները սովորաբար մայրաքաղաքում են լինում։ Գիրքը կներկայացնենք նաեւ այլ մարզերում։ Արշավը կեզրափակենք Երեւանում՝ կազմակերպելով գրքի երեւանյան շնորհանդեսը»:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը պլանավորում է գիրքը թարգմանել նաև ռուսերեն: 

ԱՄՆ-ում կհրապարակվի էռնեստ Հեմինգույեի երբևէ չտպագրված պատմվածքը

August 6, 2018

Բուքերի կրկնակի դափնեկիր Հիլարի Մանթելը գրելու և ֆրանսիական հեղափոխության մասին

August 6, 2018