Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերը հասանելի են  համացանցում

Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանը անակնկալ է արել արվեստի, գեղանկարչության ու պատմության բոլոր սիրահարներին: Թվայնացվել ու անվճար ինտերնետում են տեղադրվել Լեոնարդո ա Վինչիի նոթատետրերը:


Իտալացի նկարիչը, գիտնականն ու գյուտարարը իր ամբողջ կյանքում պահել է նոթատետր, որտեղ գրել է իրեն հետաքրքրող թեմաների մասին: 

Դա Վինչիի նոթատետրերում կարելի է կարդալ ամեն ինչի մասին, քանի որ աշխարհում  չկար որևէ բան, որը չէր հետաքրքրում Վերածննդի ամենահայտնի գործիչներից մեկին: Նկարչություն, անատոմիա, բուսաբանություն, ֆիզիոլոգիա, ճարտարագիտություն, երկրաբանություն, օդերևութաբանություն՝  այս ամենին կարելի է ծանոթանալ՝ թերթելով Լեոնարդո դա Վինչիի նոթատետրը: Իր նոթատետրը Դա Վինչին օգտագործել է իրեն ու մարդկությանը բարդ հարցեր տալու, և հարցերին պատասխաններ գտնելու համար: 

Այդ նոթատետրերից 5-ը Դա Վինչին գրել է 1487-ից 1505 թվականներին, դրանք կազմում են 3 հատոր ու կոչվում են Ֆորսթերի Կոդեքս  (Codex Forster): Այս անվանումը տրվել է Ջոն Ֆորսթերի պատվին, որը նոթատետրերը փոխանցել է թանգարանին: 

Իր նոթատետրերում Դա Վինչին ուրվածգել է իր բոլոր խիզախ հայտանագործությունները, (օրինակ՝ ավիացիոն դարաշրջանի սկիզբից 3 դար առաջ, նա ստեղծել է ուղղաթիռի նախատիպ), ուսումնասիրել է նյութերի հատկությունները, մարդու մարմնի համամասնությունը: Լեոնարդոն հետազոտել է նաև  հիդրոդինամիկայի ու հիդրոտեխնիկայի խնդիրները: Պատկերացրեք՝ որքան հետաքրքիր է հետևել Վերածննդի ամենահայտնի գործչի աշխատանքին ու ինժիներական մտքին 21-րդ դարից:

Դա անելու համար պետք է մտնել Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանի պաշտոնական էջ, որտեղ Դա Վինչիի նոթատետրերի մի մասը հասանելի են ընթերցողներին (https://www.vam.ac.uk/articles/explore-leonardo-da-vinci-codex-forster-i#?c=&m=&s=&cv=31&xywh=-222%2C-179%2C3337%2C2628): 

Իհարկե, հասկանալ, թե ինչ է գրել Մոնա Լիզայի հեղինակը, հեշտ չէ: Շատ գրառումներ Լեոնարդոն կատարել է իր հայտնի «հայելային ձեռագրով»` թերթի աջմասից դեպի ձախը: Լեոնարդո դա Վինչիի որոշ դատողություններ ու թեզեր թարգմանվել, ադապտացվել ու զետեղվել են առանձին հավաքածուում: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կարդալ Դա Վինչիի կենսագրությունը, ծանոթանալ նրա կերպարին կարող են ընթերցել Ուոլտեր Այզեկսոնի գործը:

 

Արփի Մուրադյան

Շուտով՝ նոր սերիալ Դեն Բրաունի վեպի հիման վրա

June 26, 2019

Գրքերը կօգնեն դառնալ լավ բլոգեր

June 26, 2019