Քաղաքական դիսկուրս հանդեսն ու Ակտուալ արվեստ հրատարակչությունը հրատարակել են գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» աշխատության հայերեն առաջին թարգմանությունը։
Գիրքը հրատարակելու միտքը իրագործելու համար օգնել է Գյոթե կենտրոնը: Կենտրոնի ղեկավարի խոսքով` գրքի ընտրությունը պատահական չէ:
«Գյոթե ինստիտուտը ունի թարգմանիչների աջակցության ֆոնդ: Թարգմանում ենք և գեղարվեստական, և մասնագիտական գրականություն: Գիրքը մասնագիտական գրականության շարքից է: Որոշեցինք այն թարգմանել, որպեսզի սոցիոլոգիական շատ կարևոր եզրույթներ հասկանալի լինեն նաև հայերեն»-, ասում է Երևանում «Գյոթե կենտրոնի» ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանի:
Վեպերի այս գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը ծագել է 2014 թվականին: Աշխատությունը երկու տարում գերմաներենից հայերեն է թարգմանել քաղաքագետ Վահրամ Սողոմոնյանը: Ասում է`այս բազմաշերտ աշխատանքը վերլուծում է բողոքական շարժման՝ այսպես կոչված «արթնացման շրջանի» տարբեր հոսանքներն ու ծալքերը։
«Հեղինակը յուրահատուկ բծախնդրությամբ վեր է հանում Վերածննդի, բողոքականության, Լուսավորության և կապիտալիզմի սկզբնավորման պատմական փոխառնչությունները», -նշում է Վահրամ Սողոմոնյանը:
Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին գիրքը հագեցած է մեջ֊բերումներով, վիճակագրական ու պատմական տվյալներով։ Տեքստում հանդիպող լատիներեն բառերին զուգահեռ ներկայացված են դրանց հայերեն համարժեքները։ 500 օրինակով տպագրված այս գիրքը Մաքս Վեբերի բնագրի հայերեն առաջին թարգմանությունն է։
Արփի Մուրադյան