Տրյուֆոյից Կուբրիկ. 5 լավագույն գրքերը կինոյի մասին

newmag-ն առանձնացրել է կինոյի մասին ամենալավ գրքերը, մենք էլ դրանցից ընտրել են հինգ լավագույն must read-երը:


Ֆրանսուա Տրյուֆո. «Հիչքոք/Տրյուֆո»

Դժվար թե կինոյին նվիրված հրատարակությունն ունենա ավելի պոպուլյար ձևաչափ, քան հայտնի ռեժիսորի հարցազրույցը. միշտ ավելի դյուրին է ընթերցողին վաճառել հայտնի մարդու գիտակցության խորքն ընկղմվելու հնարավորություն, քան որևէ կինոգիտական հետազոտություն։ Այս թեթև ժանրում էլ կա սեփական Սուրբ Գիրը՝ «Հիչքոք/Տրյուֆո», ակնհայտ ապացույց, որ անգամ երկխոսությունը կարող է լինել իրական արվեստի նմուշ։ Բայց միայն մի դեպքում. եթե երկխոսությունը վարում են մեծություններ. դեռ երիտասարդ, սակայն «Նոր ալիքի» ճանաչված լիդեր Ֆրանսուա Տրյուֆոն, որը հանդես է գալիս ինտերվյուերի դերում և 50-ժամանոց զրույց է ձայնագրում Ալֆրեդ Հիչքոքի հետ։ Զրույցի վերծանումը ընթերցվում է մեկ շնչով՝ մեծ ռեժիսորները կատակում և խոսում են շատ պարզ: Նրանք նաև անցնում են կինովերլուծության, իդեալական վարպետության դաս են տալիս, թե ինչպես է պետք նկարել, դիտել և հասկանալ կինոն:

Պիտեր Բիսքինդ. «Անհոգ արշավորդներ, կատաղած ցլեր»

Կոկայինային շվայտ կյանք ու օրգիաներ` կալիֆոռնիական լողավազաններում, լքված կանայք և սեղանի դարակում պահված ատրճանակներ, «Սև հովազների» հետ սիլի-բիլիներ, հոլիվուդյան ստուդիաների շեֆերի դեմ շանտաժ… Փիթեր Բիսքինդն իր հատորյակում 70-ականների Հոլիվուդի մասին պատմում է այնպես, կարծես իր դիմաց արատավոր փսիխոթրիլեր լինի։ Այս սուր գրքի հերոսները ձեզ շատ լավ ծանոթ են՝ Կոպոլա և Սփիլբերգ, Լուքաս և Պոլանսկի, Ֆրիդկին և Բոգդանովիչ։ Ուրիշ բան, որ այս դասականները 70-ականների սկզբին երիտասարդ էին` մեծ ծրագրերով ու մեծ հիասթափություններով, և օր ու գիշեր տքնելով պարտադրեցին կինոինդուստրիայի այն փոփոխությունները՝ հեղինակային տեսությունից մինչև բլոքբասթերային կախվածություն, որոնց պտուղները վայելում են մինչև օրս։ Բիսքինդը գրեթե չի անդրադառնում ֆիլմերի վերլուծություններին, բայց հաշվի առնելով, թե ինչ աստիճանի պատկերավոր և ամբողջական են այդ ֆիլմերը ստեղծողների դիմանկարները, և որքան գունագեղ է Հոլիվուդի պանորաման իբրև աշխարհի ամենախենթ վայրի, դա բացարձակ կարևոր չէ։

Դոնալդ Ռիչի. «Օձու»

Թվում է, թե մեկ ռեժիսորի կյանքին նվիրված մենագրությունը` որպես ժանր, այսպես թե այնպես դատապարտված է սահմանափակված լինել. ի վերջո, կինոյի մասին կարելի՞ է շատ բան ասել ընդամենը մեկ կինեմատոգրաֆիստի աշխատանքով։ Բայց լինում են բացառություններ։ Մեծ կինոհումանիստ Յասուձիրո Օձուին նվիրված հատորյակն այդ ձևաչափի օրինակելի երևույթ է։ Կինոգետ Դոնալդ Ռիչին մանրամասն վերլուծում է Օձուի նկարահանած հիսուն ֆիլմերը, որոնք նա նկարել է երեք ու կես տասնամյակում: Գրքում, ինչպես ռենտգենի ճառագայթների տակ, լուսավորվում է կինոյի պատմության մեջ եղած ամենացայտուն ոճը։ Հերոսի տաղանդը ներկայացնելուց պակաս կարևոր չէ հենց հեղինակի տաղանդավոր շարադրանքը: Ռիչիի լեզուն ճոռոմ չէ և ծանրացած չէ գիտական տերմիններով, սակայն նրա հայտնած մտքերը նույնքան իմաստուն են, որքան Օձուի գաղափարները: Հումորի զգացումն էլ է տեղը-տեղին: Հենց թեկուզ «Բարի լույս» ֆիլմում տեղ գտած` «հոտ հանելու» դրվագին նվիրված գլուխն ամեն ինչ արժե:

Ջեյմս Ներմոր. «Կուբրիկ»

Մեկ այլ մենագրություն, որը պետք է ընթերցի յուրաքանչյուր կինոման` անկախ Կուբրիկի ստեղծագերծությունների հանդեպ տածած սիրո աստիճանից։ Քիչ են մարդիկ, որոնք կինոյի մասին գրում են շատ թեթև և շատ գրագետ: Ջեյմս Ներմորի գրքերը, որոնք Օրսոն Ուելսի և նուարների մասին են, շատ լավն են, բայց ի տարբերություն «Կուբրիկի», ռուսերեն դեռևս չեն թարգմանվել: Թվում է, թե «Փայլատակման» և «2001 թվականի տիեզերական ոդիսականի» ռեժիսորը այն մասշտաբի ֆիգուր է, որ նրա ֆիլմագրությունն ինքնարժեք է և հետաքրքիր է բոլոր կոնտեքստներից դուրս։ Իրոք այդպես է, և մանրամասն վերլուծելով այդ ֆիլմերի ստեղծման գործընթացն ու ոճը, Ներմորը բացատրում է դա։ Ավելի կարևոր է, որ հերոսի ստեղծագործությունները դառնում են իր համար ավելի գլոբալ երևույթները հասկանալու բանալի` սկսած արվեստում մոդեռնիզմի մահից և վերջացած ամբողջ 20-րդ դարի պատմական վնասվածքներով։

 Ռոբեր Բրեսոն. «Նշումներ կինեմատոգրաֆի մասին»

Այս բարակ, ընդամենը 100-էջանոց, բայց մտքերի առումով ծավալուն գիրքը նոր է վերահրատարակվել ռուսերեն: Ու դա իսկական իրադարձություն է։ Անվանումը սպառիչ բացատրում է բովանդակությունը. սրանք բառի բուն իմաստով նշումներ են մեծ ռեժիսորական կարիերայի կողքին, գրառումներ, որոնք 20-րդ դարի կինոյի գլխավոր մետաֆիզիկը` Տարկովսկու և Զվյագինցևի սիրելի կինեմատոգրաֆիստ Ռոբեր Բրեսոնն, անում էր իր ֆիլմերի ստեղծման ընթացքում։ Իրականում սա աֆորիզմների, նկատառումների և դիտողությունների ժողովածու է, հաճախ նույնքան անթափանց, որքան ձեն-բուդդիստական կոանները։ Ի դեպ, պետք է մի լավ մտածել նրա հակիրճ արտահայտությունների մասին։ Օրինակ՝ «Այն, ինչ տեսնելու համար է, չպետք է կրկնօրինակի այն, ինչ լսելու համար է»: Այս մտքերը կարող են դառնալ լուսավորության նույն աղբյուրներն, ինչ Բրեսոնի լավագույն ֆիլմերը` «Գրպանահատից» մինչև «Մուշեթ»։

Ամենապոպուլյարն ու քննադատվածը. ովքե՞ր և ինչո՞ւ էին ատում Ջ. Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք»-ը

April 30, 2018

Դանդաղ ընթերցանության դրական 3 կողմերը

April 30, 2018