Ամերիկյան լրատվամիջոցներն ու գրաքննադատներն անհամբեր սպասում էին 2018 թվականի Նոբելյան մրցանակաբաշխությանը: Մայիսի 3-ին պարզ դարձավ, որ սպասել պետք է մինչև մյուս տարի: Շվեդական ակադեմիան որոշում ընդունեց չեղարկել 2018 թվականի գրականության նոբելյան մրցանակը` սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո:
Ֆիլիպ Ռոթը կդառնա՞ր 2018-ի Նոբելյան հաջողակը, թե՞ ոչ. կպարզվի եկող տարի: 2019-ին Նոբելյան մրցանակ կշնորհվի 2 գրողի: Գրաքննադատների սպասելիքները չարդարացան, մրցանակաբաշխությունն էլ հետաձգվեց: Սեքս-սկանդալը դարձավ շվեդական ամենահեղինակավոր ակադեմիայի ներքին խառնաշփոթի սկիզբը:
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումը վերջին անգամ հետաձգվել էր 1943-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Ա’յս անգամ պատճառը` ներքին պատերազմն էր:
Շվեդական ակադեմիան 2017-ի ավարտին սկսեց հետաքննել տվյալների արտահոսքի խնդիրը` կասկածելով կազմակերպության անդամ Կատարինա Ֆրոստենսոնի ամուսնուն` Ժան-Կլոդ Առնոյին։ Նրան նաև կասկածում էին կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Առնոն 71 տարեկան լուսանկարիչ է և թատերական ռեժիսոր: Ժան-Կլոդ Առնոն և Կատարինա Ֆրոստենսոնը Ստոկհոլմում գրական ակումբ ունեն, որը ֆինանսավորում էր Շվեդական ակադեմիան: Հենց այս ակումբի անդամներն էլ խոսեցին սեռական բռնության ենթարվելու մասին: Ակումբի անդամները պատմել են, որ Առնոն Ակադեմիայի սրահներում պարբերաբար սեռական ոտնձգություններ է կատարել իրենց նկատմամբ: Առավել նշանակալից են շվեդական Svenska Dagbladet թերթում հրապարակված պատմությունները: Ականատեսները պատմում են, որ տեսել են, թե ինչպես է Առնոն ձեռք գցել Շվեդիայի թագաժառանգ արքայադստերը: Առնոն հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:
Շվեդական ակադեմիայի անդամները նաև կասկածում են, որ Առնոն պարբերաբար բացահայտել է ապագա Նոբելյան մրցանակակիրների անունները` դրանք գաղտնի հրապարակելով: Առնոն նաև տեղեկություններ է տարածել Շվեդական ակադեմիայի մեկ նոր անդամի մասին։ Մինչև սկանդալը Առնոն ուներ 19-րդ անդամը լինելու համարումը, թեև Շվեդական ակադեմիան 18 անդամ ունի:
Սեքս-սկանդալից հետո Նոբելյան հիմնադրամը պաշտոնապես հրապարակեց մրցանակաբաշխության չեղարկման մասին. «Ցավով պետք է նշենք, որ վերջին իրադարձություններն ակնհայտորեն մեծ ազդեցություն ունեցան Շվեդական ակադեմիայի վրա: Նոբելյան հիմնադրամի բարի համբավը և հասարակության առջև վստահությունը վերակագնելու համար ժամանակ է պետք»:
Ակադեմիայի 8 անդամներ այժմ հրաժարական են տվել: Նախկինում ակադեմիայի անդամները չունեին այդ հնարավորությունը, անդամակցությունը ցմահ էր: Իրար հաջորդած հրաժարականները մրցանակաբաշխության հետաձգման պատճառ դարձան: Գրականության ոլորտի մրցանակակրին ընտրելու համար առնվազն 12 անդամ է պետք: