Ֆլիպ Ռոթ. Իմ մտքում մի անտի-Ռոթ կա

Ֆիլիպ Ռոթը ամերիկացի ամենահետաքրքիր ու ընթերցվող հեղինակներից մեկն էր, որի վեպերը ԱՄՆ ընթերցողներն ու քննադատները մշտապես սիրով ու հիացմունքով են ընդունել՝ նրան հաճախ անվանելով գլխավոր վիպասանը Ուիլյամ Ֆոլքներից հետո: Paris Review-ի թղթակից Հերմիոն Լին զրուցել էր գրողի հետ, երբ նա 51 տարեկան էր:


– Ինչպե՞ս եք սկսում նոր գիրք գրել:

Ֆ. ՌՈԹ – Գիրք գրելու առաջին քայլերը ամենատհաճն են: Այդքան էլ հեշտ չէ գրքի հերոս ու ինչ-որ տարօրինակ պատմություն հորինելը: Ամենավատ բանը անպատրաստ լինելն է, երբ չգիտես` ինչի մասին ես գրում: Զգում եմ, որ ինչ-որ նոր բանի կարիք ունեմ, որն ինձ կօգնի հաղթահարել գրքի սկիզբը գրելու դժվարությունները, որոնք հաճախ ամիսներ են տևում: Երբեմն հարյուրավոր էջեր եմ գրում, որ վերջապես ստացվի այնպիսի գլուխ, որը կարելի է վեպի սկիզբի համար օգտագործել: Այդ ժամանակ ինքս ինձ ասում եմ` վերջապես, այստեղից պետք է սկսել գրել. սա վեպիս առաջին գլուխն է: Առաջին վեց ամիսների ընթացքում կարդում եմ գրածս ու կարմիրով ընդգծում որոշ գլուխներ, նախադասություններ, երբեմն էլ պարզապես բառեր, որոնք կյանքով լեցուն են, հետո այդ բոլորը դուրս եմ գրում առանձին էջի վրա: Հաճախ մեկ էջ էլ չի դառնում, բայց զգում եմ, որ այդքանն էլ է հերիք. դա վեպիս առաջին էջն է:  

– Մինչև գրելը, վեպի քանի՞ տոկոսն է Ձեր մտքում:

Ֆ. ՌՈԹ – Ամենակարևորը միշտ բացակայում է: Նկատի չունեմ խնդիրների լուծումները, այլ հենց խնդիրները: Գրելուց առաջ սկսում ես դիմադրել. քեզ անախորժություններ են  պետք: Սկզբում միշտ դժվար է սկսել` ոչ թե այն պատճառով, որ գրելն է դժվար, այլ հակառակը: Երբ ամեն ինչ սահուն է, նշանակում է պետք է կանգ առնել, ինչ-որ բան այն չէ:

– Եղե՞լ է, որ սկսել եք գրել վերջից: Առհասարակ նման բան լինո՞ւմ է:

Ֆ. ՌՈԹ – Գիտեք, ես հաճախ հենց այդպես էլ անում եմ: Իմ գրած մեկ էջը վաղը կարող է 200-րդը դառնալ:

– Իսկ ի՞նչ եք անում մյուս էջերը: Դրանք օգտագործո՞ւմ եք:

Ֆ. ՌՈԹ – Նախընտրում եմ երբեք դրանց երեսը չտեսնել: 

– Օրվա հատկապես ո՞ր ժամին է ստացվում լավ աշխատել:

Ֆ. ՌՈԹ – Ես ամբողջ օրն եմ աշխատում, գրեթե ամեն օր: Երբ նույն դիրքով նստած սկսում եմ աշխատել` 2-3 տարի հետո նոր գիրք եմ ունենում:

– Ի՞նչ եք կարծում, մյուս գրողներն է՞լ են Ձեր չափ աշխատում:

Ֆ. ՌՈԹ – Ես գրողներին երբեք չեմ հարցնում իրենց նախասիրությունների մասին: Ինձ համար մեկ է: Ջոյս Քերոլն ասում է` երբ գրողներն իրար հարցուփորձ են անում իմանալու համար թե ո՞վ, ե՞րբ, ինչքա՞ն ու ո՞ր ժամերին է աշխատում, պարզապես փորձում են հասկանալ. «Նա իմ պես խելագա՞ր է»: Ինձ չի հետարքրում ոչ այդ հարցը և ոչ էլ պատասխանը:

– Ընթերցանությունը ազդեցություն ունենո՞ւմ է Ձեր գրելաոճի վրա:

Ֆ. ՌՈԹ – Սովորաբար գիշերներն աշխատելիս ամբողջ ընթացքում կարդում եմ: Դա ինձ օգնում է կտրվել իմ ստեղծագործություններից ու մի փոքր հանգստանալ:

– Երբ ստեղծագործում եք, տալի՞ս եք, որ ինչ-որ մեկը կարդա:

Ֆ. ՌՈԹ – Ամեն ինչ պետք է իր ժամանակին լինի` ներառյալ սխալներն ու բացթողումները: Ոչ ոք չի տեսնում, թե ես ինչ եմ անում:

– Դուք կարողանո՞ւմ եք Ձեր ստեղծագործությանը նայել ընթերցողի հայացքով:

Ֆ. ՌՈԹ – Գիտեք, իմ մտքում մի անտի-Ռոթ կա: Երբ գրում եմ, ինքս ինձ հարցնում եմ` տեսնես` կհավանի՞, թե՞ ոչ:

 

Բացվել է «Զանգակ» գրատունը

July 26, 2018

[Հարցազրույց] Ամերիկյան սարսափ ժանրի նոր աստղը՝ Փոլ Թրեմբլին իր նոր գրքի մասին

July 26, 2018